Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ



Օրերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ընդունվեց Համահայկական հռչակագիր: Փաստաթուղթը հրապարակեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ խորհրդանշական 19:15-ին: Նախագահը նշել է, որ Համահայկական հռչակագրի մայր օրինակն ի պահ է տրվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, մեկ օրինակն ուղարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակն էլ հանձնվելու է Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվին: Այս իրադարձության վերաբերյալ իր մոտեցումներն է ներկայացնում պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ:

-Պարո՛ն Չաքրյան, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ նշանակություն ունի Համահայկական հռչակագիրը մեր պետության և ժողովրդի համար:

-Համահայկական հռչակագիրը, թերևս, ամենանշանակալի քայլն է, որ կատարել է Հայաստանը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ: Դա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դրա հետևանքների վերացման, ինչպես նաև այս հարցերում, ի լուր աշխարհի, Հայաստանի վարած հետևողական քաղաքականության վերահաստատման և Հայաստան-Սփյուռք միասնականության ընդգծման համար կարևոր նշանակություն է ունենալու հայ ժողովրդի ու հայկական պետության համար:

Համահայկական հռչակագրում Հայաստանի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախաձեռնությունները անմիջականորեն պայմանավորվում են ՀՀ Անկախության հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ, ցեղասպանության փաստի անժխտելիությունը հիմնավորվում է ՄԱԿ-ի 1948թ.-ի համապատասխան կոնվենցիայով և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով, մատնանշվում է կոնվենցիայի հետադարձ ուժը մարդկության դեմ իրագործված հանցագործությունների պարագայում, դատապարտվում է թուրքական ժխտողականությունը և դրանով պայմանավորվում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը, Հայ դատին հետամուտ լինելու կոչ է արվում հայ երիտասարդությանը, ապագա սերունդներին պարտավորեցնում պայքարել հանուն արդարության և ազգային իղձերի, միաժամանակ ընդգծվում է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անվստահությունը: Այլ կերպ ասած՝ Հռչակագիրը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին մոտենում է Հայաստանի և Սփյուռքի միասնականության տեսանկյունից, մոտեցումը համադրվում է միջազգային իրավունքի նորմերի հետ, որպեսզի երևան հանվի թուրքական ժխտողականության սնանկությունը ու ինքնըստինքյան սահմանափակվեն Թուրքիայի հակաքայլերի հնարավորությունները:

-Հռչակագրի ո՞ր ձևակերպումներն ու կետերն եք ինքներդ առանձնացնում, որոնք լինելու են մեր առաջիկա պայքարի առանցքում:

-Ըստ երևույթին, մեր պայքարի առանցքում կլինեն հայ երիտասարդությանն ուղղված՝ Հայ դատին հետամուտ լինելու ազգային իղձերի համար պայքարի կոչը, ապագա սերունդներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման անհրաժեշտությունն ու ՄԱԿ-ի կոնվենցիայի հետադարձ ուժի կիրառումը, այսինքն՝ կիրառելիությունը նախքան 1948 թ. իրագործված ցեղասպանությունների նկատմամբ:

Ինչպես հայտնի է, թուրքական կողմը, ելնելով կոնվենցիայի ընդունման տարեթվից, առաջ է քաշում Հայոց ցեղասպանության վաղեմության հարցը, ասելով, թե 1948թ.-ին ընդունված փաստաթուղթը չի կարող վերաբերել 1915թ.-ի իրադարձություններին: Թուրքիային այս հարցում ընդառաջում են եվրոպական որոշ պետություններ, որոնք ճանաչել են հրեաների Հոլոքոստը: Եթե այդպես լիներ, ապա ոչ մի պետություն չպետք է ճանաչեր հրեաների ցեղասպանությունը, քանի որ Հոլոքոստը նույնպես իրագործվել է նախքան 1948 թիվը, ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունումից տարիներ առաջ:

-Ի՞նչ տրամադրություններ է առաջացրել Համահայկական հռչակագիրը Թուրքիայում, և ինչպիսի՞ հակաքայլերի կարելի է սպասել:

-Համահայկական հռչակագիրը հարուցել է Թուրքիայի զայրույթը և հավասարակշռությունից հանել է թուրքական բարձրագույն իշխանություններին: Այլապես Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը չէր հայտարարի, որ Հռչակագիրը ոտնահարում է միջազգային բոլոր նորմերը, որակելով այն Թուրքիայի նկատմամբ թշնամանքի ակնհայտ դրսևորում, ոչ էլ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես կգար հատուկ հաղորդագրությամբ՝ որակելով Հռչակագիրը որպես դիվանագիտական էթիկայի կանոնների կոպիտ խախտում և մեր երկրի նախագահի համար անվայել արարք համարելով: Թուրքական իշխանությունների այս սանձարձակությունն անգամ բավական է Համահայկական հռչակագրի նպատակահարմարությունը փաստելու և նշելու, որ փաստաթուղթը նպատակին արդեն իսկ ծառայում է:

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


11/02/2015