ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԳԱՂՏՆԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՄԱՀԸ
Հունվարի 7-ին լրացավ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան եւ Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ,
Լենինի 6 շքանշանների և Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շքանշանի ասպետ, Սարով և Նոր Բայազետ քաղաքների պատվավոր քաղաքացի ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆՑԻ ծննդյան 114 տարին:
♦ Գրեթե մեկ դար նրա մասին ոչինչ չի խոսվել:
♦ Գրեթե մեկ դար նրա անունն ու գործը քողարկված են եղել գաղտնիության կապարե վարագույրով:
♦ Նրա անունն իմացել են միայն ֆիզիկոսներն ու հրթիռաշինարարները, խորհրդային պետության բարձրաստիճան ղեկավարներն ու ամերիկյան ԿՀՎ-ի աշխատակիցները:
♦ Նա միջուկային և ջերմամիջուկային կենտրոնի տնօրենն էր:
♦ Նրա անձնագրում կեղծ հասցե էր նշված, եւ մի ամբողջ կյանք նա ապրել է Արզամաս-16-ում:
♦ Աշխատել է Կուրչատովի, Սախարովի, Խարիտոնովի, Զելդովիչի հետ:
♦ Նրա ստեղծած «միջուկային բաղադրիչը» տեղադրվել է Կորոլյովի, Յանգելի, Չելոմեյի ստեղծած հրթիռների վրա:
♦ Ս. Գ. Քոչարյանցի անվան հետ է կապված խորհրդային բանակի տարբեր զորատեսակների զենքի գործնականում բոլոր համալիրների համար միջուկային մարտական սարքավորման ստեղծումը, եւ, ըստ էության` իսկական միջուկային զենքի (ՄԶ) ստեղծումը:♦ Ս. Քոչարյանցի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մարտական հերթապահության դրվեցին մի քանի սերունդների միջուկային զինատեսակներ, որոնք տարիների ընթացքում փուլ առ փուլ կատարելագործվում էին կրիչների, կառավարման համակարգերի զարգացմանը զուգընթաց, այդ թվում` հավանական հակառակորդի ՀՀՊ համակարգերի հաղթահարման և հրթիռամիջուկային հարձակումից սեփական տարածքի պաշտպանության նպատակով:
♦ Ս. Քոչարյանցի մշակած ՄԶՄ-ներով հանդերձված միջուկային զենքի համալիրներն այսօր էլ Ռուսաստանի բանակի սպառազինության մաս են կազմում:
♦ Գրեթե 50 տարի նա եղել է Խորհրդային Միության ամենագաղտնագրված մարդկանցից մեկը:
♦ 1959-1990թթ. եղել է Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի` փորձարարական ֆիզիկայի համառուսական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտորը:
♦ Ծնվել է 1909 թվականին, Նոր Բայազետում, այժմ` Գավառ:
♦ Սովորել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում:
♦ 30 տարեկանում պաշտպանել է դոկտորական թեզ:
♦ Կյանքի վերջին տարիներին Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի գլխավոր խորհրդականն էր:
♦ 20-րդ դարի մեծ գիտնականներից մեկի, մարդու և քաղաքացու մահվան կապակցությամբ չի գրվել ոչ մի տող, երկրի ղեկավարների շուրթերից չի հնչել և ոչ մի ցավակցական խոսք: Հայաստանի և Ռուսաստանի ականավոր զավակը կյանքից հեռացավ «գաղտնի», ինչպես եւ ապրել էր իր կյանքի բոլոր տարիները:
Պատրաստեց Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Խորագիր՝ #05 (1074) 12.02.2015 – 18.02.2015, Հոգևոր-մշակութային