Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ



Ազգային ազատագրական պայքարին որդեգրված հայորդիները մկրտվեցին զենքով, գիտակցելով, որ հաղթանակը նվաճվում է արյան գնով: Գյուլիստանի բարձունքներում ոսոխն էր: Հայաթափվել էր Շահումյանը: Հայ օջախները մխում էին հակառակորդի հրետակոծությունից: Մարտակերտի սահմանամերձ գյուղերի բնակիչները բռնել էին գաղթի ճամփան: Մարդիկ չէին հաշտվում տարիների տուն-տեղ դրածը կորցնելու մտքի հետ: Դժվար ժամանակներ էին…

Ադրբեջանցիներն իրենց վայրագ մտահղացմամբ ձգտում էին տիրանալ հայոց հինավուրց Արցախին, ջնջել հայ հոգեւոր ու պատմամշակութային արժեքները: Այդ օրերին տասնյակ կամավորներ ջոկատներով շտապեցին Արցախի սիրտը` Գանձասար, պաշտպանելու Մարտակերտը անկումից:

Զանգեզուրցի Համլետ Քոչարյանի ջոկատում ընդգրկված էին արցախցիներ եւ ջերմուկցիներ` Համոն, Բաբկենը, Զաքարը, Սերգեյը, Իլյիչը: Ջոկատը առաջադրանք ստացավ տեղափոխվել շրջանի Ջանյաթաղ գյուղ:

-Զենքի փորձարկման ժամանակ զոհվում է Հ. Քոչարյանը: Ընդհանուր ժողովում հրամանատար է ընտրվում ջանյաթաղցի Սամվել Ջահանգիրյանը: Հրամանատարը արի էր, հմուտ: Խստապահանջ էր մարտի դաշտում: Ջոկատը տեղափոխվում է Ջանյաթաղ: Միանում է սահմանամերձ գյուղերը պաշտպանող զորաջոկատների հետ: Սամվելի հրամանատարությամբ ջոկատը մասնակցում է ադրբեջանական Օրթափա, Բաշ-Գյունեփայա գյուղերի գրավմանը: 1992թ.-ի հունիսի 29-ի մարտի ժամանակ Սամվելը զոհվում է:

-Մեր ջոկատը,- հիշում են Սերգեյն ու Իլյիչը,- պետք է գրավեր Ղարաչինար գյուղին հարող բարձունքը: Մարտից քիչ անց մենք անմիջապես գրավեցինք բարձունքը: Սակայն, որտեղից որ մեզ պետք էր օգնության գային Խաչենի տղաները, արդեն հակառակորդի հսկողության տակ էր: Ընկել էինք շրջապատման մեջ: Այդ անհավասար մարտում ունեցանք կորուստներ, որոնց մեջ էր եւ հրամանատար Սամվելը, որը վիրավորին փրկելու պահին ընկավ դիպուկահարի գնդակից… Միայն մի քանի օր հետո մեր կողմին հաջողվեց փոխանակել սիրելի հրամանատարի խոշտանգված դին:

1993թ. հունիսի 29-ին Ջերմուկ քաղաքի եղբայրական գերեզմանոցում կանգնեցվել է խաչքար ի հիշատակ Սամվել Ջահանգիրյանի: Սամվելին ասում էին նաեւ Ջերմուկի փեսա, որովհետեւ կինը Ջերմուկից էր: Նրա զոհվելուց հետո ծնվեց նրա դուստրը, որին կոչեցին Սամվելուհի…

Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Նրա հիշատակին կանգուն խաչքարը մարմնավորում է հավերժության ու ժամանակի քարեղեն շունչը…

Անժելա ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆ
(Ջրաբերդցի)

Խորագիր՝ #06 (1075) 19.02.2015 – 25.02.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


19/02/2015