Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԳԱ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՕՐԸ



20-րդ դարասկզբին հայ ժողովրդի հանդեպ իրականացել է թերեւս ամենասոսկալի ոճիրն աշխարհում՝ ցեղասպանություն։ Սակայն աշխարհի երեսից հայ ժողովրդին վերացնելու՝ բարբարոսի ծրագիրը չի իրականացել՝ ցեղը չի սպանվել, ցեղը կա եւ արդար պատիժ է պահանջում ոճրագործի համար։ Պահանջում է արդարության վերականգնում, պահանջում է տարիներով, տասնամյակներով, սերնդեսերունդ փոխանցելով Հայ դատը՝ իբրեւ ամենադժվար ու ամենակարեւոր ազգային ժառանգություն։ Իսկ ինչպես են վերաբերվում սեփական ժողովրդի ողբերգությանը հայ դատի վաղվա ժառանգորդները, նրանք, ովքեր բարձրաձայնելու են սեփական հայրենիքը գերությունից ազատագրելու կամքը, ոճրագործին պատժելու ու նահատակ նախնիների հիշատակի առջեւ որդիական պարտքը կատարելու հաստատակամությունը։

Պապս Սասունում է ծնվել, հայրս՝ Թալինում, Ես՝ Երեւանում։ Պապս սարթ մարդ էր, ասածն ասած էր, նրան ոչ ոք չէր հակաճառում, բայց Սասունի մասին խոսելիս աչքերը խոնավանում էին, ձայնը խզվում էր։ Երբ հավաքվում էին սասունցիներով, սկսում էին բարձր-բարձր խոսել Սասնո բարբառով, այնքան բարձր էին խոսում, որ լսողին կթվար՝ կռվում են։ Պապս մեռավ իր հարյուրամյակի շեմին։ Որոշել էինք մեծ տոնակատարություն կազմակերպել, բայց չհասցրինք։ Շատ լավ եմ հիշում այդ երեկոն. պապս թեյ էր խմում, հանկարծ բաժակը հետ հրեց ու ասաց. «Որ մեռնեմ, ինձ Սասուն տարեք, թաղեք մորս ու մեծ հայրիկիս կողքին»։ Դեռ երկար ես ապրելու՝ ասաց հայրս։ Պապս մի քիչ լռեց ու կիսաձայն ասաց. «Չեք տանի։ Օտարության մեջ ապրեցի, օտարության մեջ էլ կթաղվեմ»։ Առավոտյան չարթնացավ։ Պապիս Սասուն չտարանք։ Բայց նրա բառերը մեխվեցին սրտիս մեջ՝ օտարության մեջ ապրեցի, օտարության մեջ կթաղվեմ։ Ո՛չ Թալինը, ո՛չ Երեւանը չփոխարինեցին պապիս ծննդավայրին, նա մեռավ Սասունի կարոտը սրտում, եղեռնի, գաղթի, ցեղասպանության մղձավանջային պատկերները հոգու մեջ։
2006-ին ես ու հայրս գնացինք Սասուն։ Սասունում գտանք մեր տունը։ Գտանք՝ պապիս պատմածով։ Գույնզգույն հագուստներով քրդերը ներսուդուրս էին անում մեր տանը, ոտաբոբիկ, կիսամերկ երեխաները խաղում էին պատի տակ։ Մենք գնացինք գերեզմանոց։ Քրդերի ոչխարներն էին արածում այնտեղ, քարերը շրջված էին, ջարդոտված։ Ես չեմ կարող նկարագրել ապրումներս։ Մի տեսակ շփոթված էի։ Ես երես առ երես հանդիպել էի իմ անցյալին, իմ կենսագրությանը։ Ես իմ երկրում էի, իմ տանը՝ այդ օտար-հարազատ, այդ հեռու-մոտիկ երկրում՝ Սասունում։ Հիմա ես մի բան հաստատ գիտեմ՝ մենք վերադառնալու ենք Սասուն։ Մի օր Սասունի փողոցներում հայերեն է հնչելու, եկեղեցիների զանգերը հայերին կանչելու են պատարագի, թոնիրներում հաց են թխելու։ Երեխաները գնալու են հայկական դպրոց, սովորելու, խոսելու են հայերեն։
ԳՐԻԳՈՐ ՋԱՎԱԴՅԱՆ
սերժանտ

Մենք պիտի ուժեղ լինենք, որ կարողանանք արժանին հատուցել ցեղասպաններին, որ կարողանանք ստիպել աշխարհին ընդունելու հայերի ցեղասպանությունն ու դատապարտելու ոճրագործներին։ Մեր նահատակ նախնիների հիշատակի առաջ պարտքը կատարելու ամենաշահեկան միջոցը հզորանալն է, երկիրը շենացնելը, ամուր, կենսահաստատ, ապագայի հանդեպ հավատով լցված, համերաշխ հասարակություն ձեւավորելը, հայրենիքի սահմանները անառիկ պահելը, ինչպես նաեւ Արցախի հաղթանակը վերջնական հանգրվանի հասցնելը։ Մենք պիտի հիշենք, որ ունենք կորցրած հայրենիք, բազում պատմական խնդիրներ եւ պարտավոր ենք գոնե մի փոքր թեթեւացնել գալիք սերունդների հոգսը ու որոշ հարցեր լուծել հենց այսօր։
ԳԱՐԻԿ ԱՐԱՐԱՏՅԱՆ
սերժանտ

Հայրս դեռ մանկուց պատմել է ինձ եղեռնի մասին։ Նա չի մտածել, թե դա իր պարտքն է, որ այդ պատմությունները հարկավոր են հայրենասեր, ազգին նվիրված մարդ դաստիարակելու համար, մարդ, ով հետագայում նախանձախնդիր կլինի ու կպայքարի պատմական արդարության համար։ Ո՛չ, հայրս հասարակ հայ մարդ էր, եւ այն ցավը, որ կար իր մեջ, որ իր հայրն էր փոխանցել իրեն, ինքն էլ իր հերթին տվել է ինձ։ Պատմում էր հեքիաթի նման՝ թուրքերը տեսել են, որ հայերը շնորհքով են, աշխատասեր, իրենց նման ավարա չեն, տուն-տեղ են դրել, հարստացել են, որոշում են հարձակվել, հայերին քշել իրենց տներից ու սեփականացնել նրանց ունեցածը։ Դե, հայերը պատրաստ չեն լինում կռվի, չեն մտածում, որ թուրքերը նման բան կանեն, ու զենք չեն ունենում։ Իսկ թուրքերը թաքուն զինվում են։ Մի օր էլ ոհմակով վրա են պրծնում, մերումանուկ սրի քաշում, մորթում, քշում իրենց տներից։ Մեծ մասը կոտորվում է, մի մասն էլ ցրվում է աշխարհով մեկ, մի կերպ գլուխը պրծացնում։ Թուրքերն էլ հանգիստ վերցնում են մեր եղած□չեղածը, մեր բարեբեր հողերը, մեր տները, հարստությունն ու հանգիստ վայելում։ Թուրքերը տգեղ, կոլոտ, սեւ, եմշաձեւ գլխով ազգ էին, նրանց կնանիքը տգեղ էին, լաչառ ու փնթի, թուրքերը մեր լույսի պես սիրուն աղջիկներին էին գողանում, հետներն ամուսնանում, որ հայերի պես սիրուն ու քաջ երեխեք ունենան□ Այսպես պարզունակ, բայց սրտի ցավով, հուզմունքով հայրս պատմում էր եղեռնի մասին, ու իմ առաջին ազգասիրական զգացումները արթնացել են այս պատմություններից։ Մանկության տպավորությունները շատ ուժեղ են, ազդեցիկ ու միշտ մնում են հոգում, ներծծվում են արյան մեջ։ Հիշում եմ՝ գիշերը, քնելուց առաջ պատկերացնում էի, թե ինչպես ենք մենք հարձակվում ու թուրքերին քշում մեր տներից, ինչպես ենք ազատում մեր հողերը։ Եղեռնը մեր ազգային ցավն է, ու մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին այնքան ժամանակ, մինչեւ կվերականգնվի պատմական արդարությունը։ Ես էլ իմ որդուն եմ պատմելու, նա էլ՝ իր։ Եղեռնի ցավը միշտ լինելու է մեզ հետ, ու հենց այդ ցավից է ծնվելու մեր հաղթանակը։
ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
շարքային

Մանկության տարիների իմ ամենավառ տպավորությունն այցն էր Եղեռնի հուշարձան։ Դեռեւս մեկ շաբաթ առաջ ես օրերն էի հաշվում, թե երբ է գալու ապրիլի 24□ը։ Փոքր ժամանակ գնում էի ծնողներիս հետ։ Երբ դպրոցական դարձա, արդեն դասարանով էինք գնում, ուսուցիչների ուղեկցությամբ։ Մարդկային հսկա հոսքի մեջ, որպես նրա մի մասնիկը, որպես համընդհանուր ցավի մի պատառիկ, կարմիր կակաչները ձեռքիս Ծիծեռնակաբերդի ճանապարհին ես առաջին անգամ ենթագիտակցորեն զգացի ազգային□հայրենասիրական թրթիռներ, կապվածություն զգացի, միասնություն ազգիս։ Իսկ մեզ կապողը ցավն էր, պարտքը, վրեժխնդրությունը։ Ես ու իմ հասակակիցները հայ դատի ժառանգորդ դարձանք Ծիծեռնակաբերդի ճանապարհին, առանց բառերի, առանց քարոզների։ Այն մի փունջ ծաղիկը, որ դնում ենք հուշարձանին, մեր հավաստումն է, որ մենք չենք մոռացել ու չենք մոռանալու։ Որ մենք տեր ենք մեր նահատակված հայրենակիցների շիրիմներին։ Որ մենք՝ նրանց սերունդները, հաշիվ ենք պահանջելու թուրքերի սերունդներից, ստիպելու ենք, որ խոնարհած գլխով ներողություն խնդրեն իրենց նախնիների ոճրագործության համար։ Որ մենք չենք հաշտվելու այն մեծ կորստի հետ, որ կոչվում է հայրենիք։ Հայրենիք կորցրած մարդուն ոչ ոք չի հարգում, լավագույն դեպքում խղճում են։ Մեզ խղճահարություն պետք չէ. մենք ուժեղ ենք ու հարգանք ենք պահանջելու աշխարհից։ Մենք ուժեղ ենք, քանի որ հայրենասեր ենք, պատվախնդիր ենք, քաջ ենք, պատրաստ ենք մեր կյանքը տալ հանուն արժանապատիվ կյանքի, հանուն պատմական արդարության, հանուն մեր բռնադատված հայրենիքի։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
սերժանտ

Պատահական չէ, որ օր օրի մեծանում է այն երկրների թիվը, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունն ու դատապարտում 15 թվականին թուրք ժողովրդի անօրինակ հանցանքն ու վայրագությունները։ Պատահական չէ, որ շատ երկրներ այսօր անտեսում են քաղաքական շահերն ու կանգնում արդարության կողքին։ Ո՛չ թուրքական հիստերիան, ո՛չ սպառնալիքները, ո՛չ էլ դիվանագիտությունն արդյունք չեն տալիս, որովհետեւ որեւէ ժողովրդի դեմ նպատակադրված ցեղասպանությունը մարտահրավեր է ամբողջ աշխարհին, ուստի ողջ աշխարհը պիտի պայքարի, որ մաքրի մոլորակը նման վայրագ ու անմարդկային գաղափարներից։ Ես կարծում եմ, որ թուրքերը հոգու խորքում հասկանում են, որ պարտվել են։ Նրանք գիտեն, որ անհնար է հերքել պատմական ճշմարտությունը։ Անհնար է, որ աշխարհն անտարբեր մնա մի ողջ ազգի ողբերգության հանդեպ, անհնար է, որ տարբեր ազգերի մարդիկ դատապարտեն անմեղ մարդկանց մորթելու, լլկելու պետականորեն իրականացվող ծրագիրը։ Թուրքերը գիտեն, որ մի տխուր օր ընդունելու են իրենց մեղքը։ Թուրքերի ո՞ր սերունդն է իր ուսերին առնելու այդ ծանր բեռը, դժվար է ասել, բայց մի օր նրանք անպայման ասելու են իրենց խոսքը, հանդես են գալու մեղայականով։ Ու որքան շուտ քաջություն ունենան մաքրելու ոճրագործի խարանն իրենց ազգի ճակատից, այնքան մեծ հնարավորություն կունենան փոքր□ինչ թեթեւացնելու իրենց մեղքը։ Ես ճանաչում եմ իմ հասակակից մի թուրք տղայի, ում հետ ծանոթացել եմ Մոսկվայում։ Նա ասում էր՝ ես ի՞նչ մեղավոր եմ, ես ինչո՞ւ պիտի պատասխան տամ այն թուրքերի հանցանքի համար, որոնց չեմ ճանաչում, ծնված էլ չեմ եղել։ Իհարկե, թուրքերի ներկայիս սերունդը մեղավոր չէ եղեռնի համար, սակայն մեղավոր է սեփական ժողովրդի հանցանքը չընդունելու` հայ ժողովրդից ներում հայցելու քաջության պակասի համար։
ՎԱՐԱԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ
սերժանտ

Ես զինվոր եմ, ես կանգնել եմ սահմանին զենքը ձեռքիս։ Ինձ սովորեցրել են, որ հայրենիքը երիզող սահմանից ներս այս հողի թիզն անգամ թանկ է իմ կյանքից, քանի որ այս հողի համար հազարավոր կյանքեր են զոհաբերվել, քանի որ այս հողը ներծծված է բազմաթիվ քաջերի սերունդների արյունով։ Ու ես հասկանում եմ, թե ի՜նչ ծանր, ի՜նչ անպատվաբեր է հողը թողնելն ու նահանջելը, տեսնելը, թե ինչպես է թշնամին տիրանում հայրենիքիդ, տանդ, հողիդ։ Ես հիմա բոլորովին ուրիշ աչքերով եմ նայում Արարատին, սահմանից այն կողմ մեր գերեվար հողերին, մեր պղծված տներին, մեր լքված շիրիմներին, անարգված եկեղեցիներին։ Արեւմտյան Հայաստանի կորուստը ես համարում եմ իմ սեփական պարտությունը, թեեւ ինքս մաքուր արեւելահայ եմ, երեւանցի։ Այսօր թուրքերը խոսում են Արցախը վերանվաճելու մասին□ Մենք ոչ միայն ոչ մի թիզ հող չենք տալու թուրքին, այլեւ հետ ենք բերելու մեր բոլոր սրբությունները։ Քանի դեռ թեկուզ հայկական մի թիզ հող թուրքերի տիրապետության տակ է, մենք՝ հայոց բանակի ներկա ու ապագա զինվորներս, կկրենք մեր սրտերում կորստի ցավը։ Ու կփայփայենք մեծ ու միացյալ Հայաստանի տեսիլքը։
ԿԱՐՈ ՍԻՄՈՆՅԱՆ
սերժանտ

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
մայոր

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Բանակ և հասարակություն


05/05/2011