ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ԻՂՁԵՐԻ ԱԶԴԱՐԱՐԸ
Ներկայացնում ենք հատվածներ «Թալիշստանի վերածնունդ շարժման» առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդայի՝ լրագրող Ռուստամ Իսկանդարիին օրերս տված ընդարձակ հարցազրույցից:
-Ես իմ մի շարք ելույթներում, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ընդգծել եմ, որ Թալիշստանի ազգային հեռուստատեսության (ԹԱՀ) հրապարակ գալով, հանուն Թալիշստանի անկախության մղած մեր ազգային շարժումը թևակոխեց նոր փուլ: Սակայն ԹԱՀ-ը միաժամանակ նոր փուլ է ազդարարում նաև Անդրկովկասի մյուս արմատական ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի համար: 2003 թվականից սկսած՝ թալիշական ազգային շարժումը գործուն աշխատանքներ է տանում այս ժողովուրդներին միավորելու ուղղությամբ: Մեր ուժերը միավորելու և ընդհանուր ճակատով պայքարելու առաջարկությամբ մենք բազմիցս դիմել ենք տարածաշրջանի ազգային շարժումները գլխավորողներին. ակնհայտ է, որ միայն համատեղ ուժերով պայքարելու դեպքում մենք կկարողանանք հասնել բաղձալի արդյունքի: Եվ ես այսօր անսահման ուրախ եմ, որ մեր կոչերը արժանի արձագանք են գտել և իրականություն են դառնում:
Ղարաբաղի հայ ժողովուրդը, որ անկախություն է ձեռք բերել, այսօր տարածաշրջանային նշանակության խոշորամասշտաբ նախագծեր է իրականացնում` խրախուսելով նաև տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների անկախության պայքարը: Սա ավելի քան կարևոր և գովելի նախաձեռնություն է:
Մինչ Թալիշստանի ազգային հեռուստատեսության կյանքի կոչվելը, մենք թալիշաբնակ շրջաններում համապատասխան «նախապատրաստական» աշխատանքներ ենք կատարել, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունների շրջանառության մեջ դրված, ասենք, «հայերը թալիշների», «մահմեդական ազգությունների թշնամիներն են» կարգի կարծրատիպերը կոտրելու իմաստով: Այնպես որ, չէի ասի, թե Թալիշստանի ազգային հեռուստեսությունը թալիշների համար «ամպրոպ էր պարզ երկնքում»: Այդ մասին է վկայում թեկուզև այն փաստը, որ ԹԱՀ-ի առաջին իսկ հեռարձակումը դիտեցին հազարավոր թալիշներ:
Մենք իրատես ենք և երբեք ինքնախաբեությամբ չենք զբաղվել և չենք խաբել մեր ժողովրդին: Եվ գիտենք, որ նույնիսկ այսօր որոշ թալիշներ տարբեր հանգամանքների բերումով (վախը Ադրբեջանի իշխանությունների ճնշումներից ու հալածանքներից, քաղաքական անպատրաստվածությունը, կրթության պակասը և այլն), առանձնապես ոգևորված չեն այն փաստով, որ ԹԱՀ-ը հեռարձակվում է Երևանից: Չմոռանանք նաև Ադրբեջանի գաղտնի ծառայությունների հսկայական «ջանքերը»: Մինչդեռ, ուրախացնում է այն, որ օրեցօր պակասում է «թերահավատ» թալիշների թիվը, ընդ որում՝ հենց ԹԱՀ-ի հաղորդումների անմիջական ազդեցության շնորհիվ: Ի դեպ, ուշադրության է արժանի այն փաստը, որ մենք տարիներ շարունակ տարբեր միջոցներով` տպագիր խոսք, հասարակական միջոցառուներ և այլն, աշխատել ենք մեր ժողովրդի հետ, սակայն այլ բան է, երբ ժողովուրդը էկրանից անմիջականորեն, առանց միջնորդի, տեսնում և լսում է իր ազգային հեռուստատեսության հաղորդումները իր հարազատ մայրենի լեզվով:
Կուզենայի խոսել ԹԱՀ-ի ստեղծագործական խմբի մասին և նրա «գլխավոր հերոսի»` Զաբիլ Մադոժի մասին: Վերջինս իսկական հերոս է, իր ժողովրդի ֆիդային: Այսուհանդերձ, նա այս գործում պատահական մարդ չէ. մենք դեռ 2002թ.-ին Սանկտ Պետերբուրգում միասին հրատարակում էինք «Թոլիշ» թերթը: Եվ հետո նա իսկական պոետ է՝ ժողովրդական պոետ: Իր ժողովրդի լեզվի լավագույն գիտակներից մեկը, ինչը շատ կարևոր է հեռուստատեսային հաղորդումները ժողովրդի սրտին ու հոգուն հարազատ դարձնելու համար: Նա շատ օգտակար գործ է անում իր ժողովրդի, իր մշակույթի և անկախության համար: Ինչ վերաբերում է ԹԱՀ-ի ստեղծագործական խմբին, ապա պետք է ասեմ, որ այնտեղ պատահական մարդիկ չեն հավաքվել: Աշխատում է մի կուռ ու նվիրված անձնակազմ` զինված ժամանակակից տեխնիկական միջոցներով: Նրանց ստեղծած հաղորդումներում ամեն ինչ կա` մեր հարազատ բնությունը, մեր ժողովրդի կենցաղը, սովորույթները, պատմությունը, անցյալն ու ներկան: Այդ ամենը խորապես ներծծվում է թալիշների հոգու մեջ, ներգործում նրանց ինքնագիտակցության վրա: Եվ երբ, ի վերջո, Ադրբեջանի պետական հեռուստատեսության էկրանից ի տես բոլորի փողոցային տիկինը ստորացնում, ծաղրի է ենթարկում թալիշներին, նրանց լեզուն, Հայաստանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում «Թալիշագիտության» բաժին է բացվում, ուսանողներին թալիշերեն են ուսուցանում… Եվ այս ամենը շնորհիվ մեր հարգարժան պրոֆեսոր ընկերոջ` Գառնիկ Ասատրյանի իսկապես տիտանական ջանքերի: Ամեն թալիշ պետք է շնորհակալ լինի այն երիտասարդ հայ ուսանողներին, որոնք այդպես սիրում և սովորում են թալիշերենը և նվիրված են թալիշ ժողովրդին:
Պետք է ասեմ, որ Թալիշստանի ազգային հեռուստատեսությունն արդեն ունի տարածաշրջանային նշանակություն և հոգևոր մեծ ներուժ: Չէ՞ որ մենք պայքարում ենք հանուն մի ժողովրդի արդարության, որ Աստծո ինքնատիպ ստեղծագործություններից մեկը լինելով, իր հարազատ հողի վրա «Ադրբեջանական հանրապետություն» կոչվող պետության ներսում ենթարկվում է անլուր հալածանքների, պետություն, որ ամեն ինչ անում է այդ ժողովրդին ոչնչացնելու, աշխարհի երեսից ջնջելու համար:
Գաղտնիք չէ, որ վերջին քառորդ դարում ազգային հարցը Ադրբեջանում հիմնականում առնչվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, որն ուզում էր ազատվել ճնշումներից ու ապրել ինքնիշխան, ազատ: Դատելով այն բանից, թե Ադրբեջանում ինչպես են վերաբերվում մեզ` «յուրային» և «մահմեդական» ժողովրդի հետ, հեշտ է պատկերացնել, թե հիմա` անկախության տարիներին, ինչպես կվերաբերվեին «ոչ մահմեդականների»` Արցախի հայերի հետ, եթե նրանք մնային ադրբեջանցիների գերիշխանության տակ:
Ադրբեջանի ջախջախիչ պարտությունը արդարության և անկախության համար պայքարի ելած արցախցի հայերից երկու շատ կարևոր հետևության է հանգեցրել.
ա/ Ադրբեջանը հասկացավ, որ հնարավոր չէ հաղթել արդարության և իր անկախության համար կռվելու և մեռնելու պատրաստ ժողովրդին,
բ/ Քանի որ հնարավոր չէ զենքով ու պատերազմով հաղթել, ուրեմն կարելի է հաղթանակի հասնել «սպիտակ պատերազմում» կամ «սպիտակ ցեղասպանության» միջոցով, ինչը և կիրառվում է մեր ժողովրդի նկատմամբ:
Եվ հետո, թալիշ ժողովրդի հայտնի առաջնորդներին ոչնչացնելուց, պարբերաբար հալածանքների ու հետապնդումների ենթարկելուց բացի, Ադրբեջանի իշխանությունները փորձում են թալիշ ժողովրդին նաև հոգևոր-բարոյական ճնշումների ենթարկել: Այս գործում նրանք լայնորեն օգտագործում են «հայերը մահմեդական ժողովրդի թշնամիներն են» փաստարկը: Եվ ցավով պետք է նշեմ, որ այս գործում նրանք որոշակի հաջողությունների են հասել: Խոսքը թալիշ երիտասարդների (իհարկե, ոչ միշտ կամովին) Արցախի դեմ պատերազմելու և որոշ թալիշների հակահայկական քարոզչության մեջ ընդգրկվելու մասին է:
Այս ամենը գալիս է փաստելու, որ Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը անգնահատելի դերակատարում ունի ստեղծված իրավիճակը (այդ թվում նաև «ճակատում») շտկելու գործում:
Ուրախ եմ նաև փաստելու, որ Հայաստանից հեռարձակվող Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը դարձել է տարածաշրջանի բոլոր բնիկ արմատական ժողովուրդների իղձերի թարգմանը և ընդհանուր չարիքի դեմ պայքարելու համար բոլոր ուժերը միավորելու հզոր ազդակը:
Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ
Խորագիր՝ #08 (1077) 5.03.2015 – 11.03.2015, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան