Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ



Զրույց պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ հիմնավորում ուներ, որքանո՞վ էր տրամաբանական Եվրոպայից սպասվող աջակցությունը Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերին եւ մյուս քրիստոնյա ժողովուրդներին։ Կա կարծիք, որ հայերի առաջին ցեղասպանությունը 19-րդ դարի վերջին կանխվեց հենց Եվրոպայի եւ Ռուսաստանի միջամտությամբ։
-19-րդ դարում եվրոպական երկրները եւ Ռուսաստանը մի քանի անգամ միջամտեցին եւ փրկեցին ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդներին։ Օրինակ՝ Ռուսաստանի միջամտության շնորհիվ ստեղծվեց անկախ հունական պետությունը, Ռուսաստանի ջանքերով հիմք դրվեց անկախ բուլղարական պետությանը։ Ֆրանսիան 1860-ին կանգնեցրեց քրիստոնյա ազգաբնակչության կոտորածը ժամանակակից Սիրիայի եւ Լիբանանի տարածքում։ Եվրոպական երկրների եւ Ռուսաստանի ճնշմամբ կանգնեցվեցին Աբդուլ Համիդի կազմակերպած հայերի զանգվածային կոտորածները, որոնք դիտարկվում են ցեղասպանության առաջին փուլ։ Ես այդ շրջանի դեպքերը բնութագրում եմ որպես անավարտ ցեղասպանություն։
-Եվ դա դարձավ պատճառ համոզված լինելու, որ թուրքերի հետագա ոտնձգությունները նույնպես կկանխվեն Եվրոպայի եւ Ռուսաստանի միջամտությամբ։
-Այո՛, հայերը, ելնելով արդեն առկա պատմական փորձից, իրավամբ սպասելիքներ ունեին նաեւ հետագա տարիներին։
-Ինչո՞ւ չարդարացան այդ սպասելիքները։
-Բանն այն է, որ երիտթուրքերը իրենց ցեղասպանական ծրագիրն սկսեցին իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում։ Եվ արդեն 1915 թվականի աշնանը Թուրքիայում Ավստրո-Հունգարիայի դեսպանը երիտթուրքերի այդ հնարքը անվանեց «հանճարեղ», քանի որ վերջիններս, ի տարբերություն Աբդուլ Համիդի, այդ քաղաքականությունը մտահղացան պատերազմի ժամանակ, երբ Եվրոպան մասնատված էր, իսկ պատերազմը հնարավորություն չէր տալիս միջամտելու։
-Ինչո՞ւ են Եվրոպական երկրներից հատկապես Գերմանիային համարում հայերի ցեղասպանությանը մեղսակից երկիր։
-Որովհետեւ Գերմանիան, իրոք, հնարավորություն ուներ միջամտելու եւ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը։ Գերմանացիները շատ արագ հասկացան, թե ինչ է տեղի ունենում, այդ են վկայում գերմանական դիվանագիտական փաստաթղթերը։ Հիշենք, որ դրանից հետո Գերմանիայի դեսպանը հարց դրեց իր կառավարության առջեւ հայերի ցեղասպանությունը կանխելու առաջարկով։ Սակայն կայզերական Գերմանիան ոչ միայն չմիջամտեց, այլ օժանդակեց Օսմանյան Թուրքիային՝ լիովին հասկանալով, որ տեղի է ունենում հայ ժողովրդի ցեղասպանություն։ Պատճառը մեկն էր՝ Օսմանյան Թուրքիան չափազանց կարեւոր դաշնակից էր Գերմանիայի համար։ Այսօր մենք իսկապես հնարավորություն ունենք դնելու Գերմանիայի մեղսակցության հարցը Հայոց Մեծ եղեռնին։
-Պարոն Սաֆրաստյան, Օսմանյան կայսրությունն իր գոյության առաջին օրվանից իրականացրել է հպատակ ժողովուրդների պարբերական եւ զանգվածային կոտորած, օգտագործել է նրանց հպատակության մեջ պահելու բռնի մեթոդներ։ Սակայն հենց հայերի հանդեպ իրականացվեց ցեղասպանության պետական քաղաքականություն, ինչո՞ւ հենց մենք տուժեցինք բոլորից առավել։
-19-րդ դարի վերջին թուրքական պետության ամենաբարդ խնդիրը Հայկական հարցն էր, քանի որ մնացած բոլոր հպատակ քրիստոնյա մեծ ժողովուրդները ազատագրվել էին Օսմանյան տիրապետությունից, ստեղծել էին իրենց անկախ պետությունները։
-Փաստորեն, Հայկական հարցը, որպես միջազգային դիվանագիտության խնդիր, Հայոց ցեղասպանության դրդապատճառներից մեկն էր։
-Այո՛։ Երկրորդ պատճառը (եւ գուցե ավելի կարեւորը) կապված էր այն փաստի հետ, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում սկսեց ուժեղանալ թուրքական ազգայնականությունը։ Նրանց տեսակետից՝ Փոքր Ասիան կամ Անատոլիան, ինչպես անվանում էին՝ ներառելով նաեւ Արեւմտյան Հայաստանը (ինչը աշխարհագրական առումով սխալ է), վերջին տարածքն էր, որտեղ թուրքերը կարող էին պահպանել իրենց պետականությունը։ Թուրք ազգայնականների հիմնական նպատակը դարձավ թուրքացնել Անատոլիան (Բալկաններն արդեն կորցրել էին)։ Դրանից հետո պիտի անցնեին պանթուրքիստական ծրագրին՝ ստեղծեին միասնական թյուրքական պետություն՝ այլ թյուրքալեզու ժողովուրդների հետ։
-Հայերի մեղքն այն էր, որ նրանք, ապրելով իրենց պատմական հայրենիքում, խանգարում էին պանթուրքիստական ծրագրի իրագործմանը։
-Հայերը սեպի պես խրված էին թուրքական տերության եւ այլ թյուրքալեզու ժողովուրդների միջեւ։ Հայերը խանգարում էին Անատոլիան թուրքացնելու ծրագրին՝ լինելով այդ տարածքի ամենամեծ քրիստոնյա ազգը։ Արդյունքում՝ երիտթուրքական վերնախավը հայ ժողովրդին Արեւմտյան Հայաստանից իսպառ վերացնելու որոշում ընդունեց։
-Որոշեց ունենալ տարածք՝ առանց ժողովրդի։
-Այո՛։ Փաստորեն, հայերի ցեղասպանությունը պետական շահերից բխող սառը հաշվարկի հետեւանք էր, որի դեմ հայկական դիվանագիտությունը անզոր էր։
Ցեղասպանության հետեւանքով մենք կորցրինք մեր բնօրրանի մեծ մասը։ Ունեցանք ե՛ւ մարդկային, ե՛ւ նյութական, ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր-մշակութային արժեքային կորուստներ։ Ազգը աննախադեպ հոգեբանական հարված ստացավ։
Ուզում եմ նշել, որ 1915թ. մայիսին Անտանտի երեք պետությունները՝ Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, հանդես եկան հայտարարագրով եւ հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան Թուրքիայում բնութագրեցին որպես ոճրագործություն մարդկության դեմ։ Այդ տերմինը հետագայում դարձավ միջազգային իրավունքի կարեւոր տերմիններից մեկը։
-Զրույցի սկզբում Դուք նշեցիք, որ հայկական դիվանագիտությունն անզոր էր Օսմանյան կայսրության պանթուրքիստական ծրագրի դեմ։ Ինքնապաշտպանությունը, դիմադրությունը նույնպես անզո՞ր էին… Պարոն Սաֆրաստյան, ինչո՞ւ է շրջանառվել այն կարծիքը, թե հայերը պատշաճ դիմադրություն ցույց չեն տվել թուրքերին։
-Թուրքիան նախապես մանրակրկիտ ծրագրել էր Հայոց ցեղասպանությունը։ Տղամարդիկ զորակոչվեցին բանակ, վերացվեց հայ հոգեւոր եւ քաղաքական վերնախավը։ Այնուհետեւ թուրքերը գրգռեցին մահմեդական բնակչությանը, որի վայրագություններին աջակցում էր թուրքական բանակը։ Պետք է նշել, որ անգամ այս պայմաններում մեր ժողովուրդը, ի տարբերություն հրեաների, կարողացել է ինքնապաշտպանություն իրականացնել, քանի որ պաշտպանում էր իր հայրենի հողը։ Ես ցանկանում եմ, որ այս մասին իմանան հատկապես հայոց բանակի զինվորները. Արեւմտյան Հայաստանում մեր հայրենակիցները կռվել են իրենց հողը, ընտանիքը, արժանապատվությունը պաշտպանելու համար, անհավասար, օրհասական պայքար են մղել, նահատակվել են հերոսաբար, հիշենք Վանի, Շապին-Գարահիսարի, Մուսա լեռան, Զեյթունի ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասնակցել են նաեւ կանայք ու երեխաները։ Ցավոք, ոչ ամենուրեք այդ հաջողվեց իրականացնել:
-Մեր պատմության այդ փառահեղ, հերոսական էջերը քիչ են ուսումնասիրված։
-Կան մոռացության մատնված բազմաթիվ փաստեր, որոնք այսօր, ցավոք, անհնար է վերականգնել։ Սակայն ապրող, հիշատակված պատառիկներն իսկ վկայում են հայոց ինքնապաշտպանության եւ սխրալից պայքարի մասին։ Թուրքերը գնացել են անօրինակ դաժանությունների։ Եթե հրեաներին գազախցիկներում խեղդելուց հետո են կիզել, ապա հայերին սպառնալիքով կամ խաբեությամբ հավաքել են դպրոցներում, եկեղեցիներում ու ողջ-ողջ այրել, քանի որ պատերազմի պայմաններում պետք էր խնայել փամփուշտները։ Փաստորեն, ողջակիզումը շատ ավելի հայերին է վերաբերում, քան հրեաներին։ Թուրքերը իրականացրել են երեխաների ցեղասպանություն։ Մի անգամ ամերիկյան կոնֆերանսում հայտնի ցեղասպանագետ պրոֆ. Տատրյանի զեկուցման ժամանակ թուրքերից մեկը չդիմացավ ու կարմրած աչքերով դուրս եկավ դահլիճից, իսկ մեկ ուրիշ թուրք ասաց. «Ես երբեք չէի պատկերացնի, որ մեր ժողովուրդը կարող է այսքան դաժան լինել»։ Սակայն, ցավոք սրտի, այդ փաստ է…
-Ի՞նչ զարգացում ունեցավ Հայկական հարցի արծարծումը Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և հետո։
-Հատկանշական է, որ 1939-ին Լեհաստանի վրա նացիստական Գերմանիայի հարձակվելուց օրեր առաջ Հիտլերը կազմակերպում է բարձրագույն զինվորական ժողով, որտեղ էլ փորձում է «ցրել» լեհերին ոչնչացնելու հետ կապված բոլոր մտավախությունները՝ փաստարկելով վաղուց մոռացված հայերի ցեղասպանությունը։ Հիմա ո՞վ է հիշում այդ մասին՝ ասել է Հիտլերը։
Հայոց ցեղասպանության հարցը կրկին արծարծվեց 1945-47թթ. երբ սկսվեց հայրենադարձությունը, եւ Խորհրդային Միությունը նպատակ դրեց Թուրքիայից հետ վերցնել որոշ հայկական տարածքներ։ Ցավոք, հետագա տարիներին հարցը դարձյալ մոռացության մատնվեց։ Հաջորդ ալիքը 1965-ին էր, երբ լրանում էր ցեղասպանության 50 տարին։ Սփյուռքում եւ Հայաստանում տեղի ունեցան զանգվածային միտինգներ, հենց այդ ժամանակ էլ սկիզբ դրվեց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկիրը Ուրուգվայն էր։ Հաջորդ կարեւոր հանգրվանը 1987 թվականն էր, երբ Եվրախորհուրդը հատուկ բանաձեւ ընդունեց հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ, եւ այդ տարիների իրադարձությունները որակվեցին որպես ցեղասպանություն։ Հետագայում Եվրոպայի խորհրդարանը վերահաստատեց այդ փաստաթուղթը։
Պետք է առանձնացնել նաեւ 1990 թվականը, երբ սենատոր Բոբ Դոուլի ջանքերով ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը դրվեց քննարկման, բայց մերժվեց մի քանի ձայնի տարբերությամբ։
2000-ին Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը օրենքի ձեւով, իսկ ամերիկյան կոնգրեսում երկրորդ անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության խնդիրը եւ չանցավ միայն նախագահ Բիլ Քլինթոնի միջամտության պատճառով։ Այսօր եվրոպական շատ երկրներ ընդունում են, որ կատարվածը ցեղասպանություն էր։ Թուրքիան վարկաբեկվում է, քանի որ հերքում է ակնհայտ ճշմարտությունը։ Ինչ վերաբերում է Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչման համեմատությանը, պետք է հիշենք, որ Գերմանիան պատերազմում պարտվել էր, և նրա տարածքի վրա տեղակայված էին հաղթողների զորքերը, եւ այլընտրանք չուներ ու պիտի ընդուներ, որ ցեղասպանություն է իրականացրել հրեաների դեմ։
-Պատմությունը ցույց է տալիս, որ նախկինում միմյանց հանդեպ թշնամաբար տրամադրված շատ երկրներ հետագայում բնականոն հարաբերություններ են պահպանել։ Մենք թուրքերի հետ դարեր շարունակ ապրել ենք կողք կողքի ու ապագայում եւս դատապարտված ենք հանդուրժել միմյանց։ Հնարավո՞ր եք համարում ՀՀ եւ Թուրքիայի միջեւ չասեմ բարիդրացիական, գոնե քաղաքակիրթ հարաբերություններ։
-Մեր դեպքն ուրիշ է։ Մենք չենք պատերազմել թուրքերի հետ։ Կատարվածը եղել է պետականորեն մշակված ցեղասպանության քաղաքականություն, որի հետեւանքները առկա են մինչ օրս՝ բռնազավթված է մեր հայրենիքի զգալի մասը, ոչնչացված են մեր նյութական, հոգևոր ու մշակութային արժեքները, սպանված են մեր հարազատները։ Մինչև այսօր Թուրքիան պետականորեն հերքում է ցեղասպանության փաստը, այդպիսով կեղծելով պատմական իրականությունը: Դեռ ավելին, Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիան ճնշում և շրջափակում է իրականացնում մեր դեմ, հրաժարվում է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, Ղարաբաղյան հակամարտությունում հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: Նա վիժեցրեց ՀՀ նախաձեռնությունը՝ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների:
Այս պայմաններում, երբ գործ ունենք մի պետության հետ, որը չի հրաժարվում իր հակահայկական դիրքորոշումից, միջպետական հարաբերությունների կարգավորումը, իմ կարծիքով, երկար ու բարդ գործընթաց է լինելու:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (881) 27.04.2011 – 4.05.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


05/05/2011