Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵՌՆԱՄԱՐՏ. ԶԵՆՔ, ՈՐ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՍԱՌԸ ԶԵՆՔԻ ՆԵՏՈՒՄԸ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԻՆ

Այս նպատակով հետախույզները հիմնականում օգտագործում են սվինը, սակրավորային բահը, կացինը: Թեև ցանկացած սուր գործիք ճիշտ նետելու դեպքում կարող է կատարել զենքի դեր:

Նետման լավագույն տարածությունը կազմում է 5-8 մետր: Ավելի երկար տարածություն նետելու դեպքում պակասում է հարվածի ուժը, արագությունը և դիպուկությունը: Զենքի նետման հետագիծը պետք է լինի հնարավորինս փոքր կորագծով:

Դաշույն նետելու ժամանակ անհրաժեշտ է բռնել շեղբից, բայց այնպես, որ կտրող մասը լինի դեպի դուրս, որպեսզի ձեռքի ափը չվնասվի: Կարելի է նետել նաև բռնակից բռնելով, բայց ավելի հարմար է շեղբից և այնպես, որ ցուցամատն ու բթամատը գտնվեն ծանրության կենտրոնում: Որքան հեռու է գտնվում նպատակակետը, այնքան անհրաժեշտ է զենքը բռնել կենտրոնին մոտիկ, որպեսզի պտույտը դանդաղ կատարվի: Զենքի ծայրից բռնելու դեպքում պտույտը արագանում է, իսկ դիպուկությունը՝ տուժում: Ցանկալի է, որ զենքը թռիչքի ընթացքում կատարի 180 կամ 3600 պտույտ: Ավելի շատ պտույտի դեպքում տուժում է դիպուկությունը:

Կացինը և սակրավորային բահը նետվում են նույն սկզբունքով, մի տարբերությամբ, որ շեղբից բռնելը հարմար չէ: Ուստի նետում են բռնակից բռնելով: Օպտիմալ պտույտը 3600 է (Նկար 76, 77):

Զենքը նետելիս մեծ նշանակություն ունի թիրախի հեռավորությունը, զենքի երկարությունը, խոցող մասի ձևը, ծանրությունը:

Սառը զենքը կարելի է նետել ինչպես վերևից, այնպես էլ ներքևից՝ նույն սկզբունքով:

Նետման տեխնիկան սովորելու և տիրապետելու համար անհրաժեշտ է սկսել մոտ տարածությունից և նետել ոչ ուժեղ, հետզհետե մեծացնել տարածությունը և նետման ուժը: Ընդհանուր տեխնիկային ծանոթանալու համար անհրաժեշտ է մարզվել մի տեսակի զենքով, հետո բազմազան դարձնել և՛ զենքի տեսակները, և՛ քաշերն ու չափսերը, և՛ տարածություններն ու դիրքերը:

Միշտ պատրաստ լինելու համար հետախույզը պարտավոր է մարզվել մշտապես, բայց ոչ շատ երկար (օրական 20-30 րոպե): Երկար մարզվելու դեպքում հոգնում են մկանները, և բթանում է աչքաչափը:

ԽՈՒՍԱՓՈՒՄՆԵՐ, ՇԵՂՈՒՄՆԵՐ, ԿԱՆԽՈՒՄՆԵՐ, ԿԱՍԵՑՈՒՄՆԵՐ

ԽՈւՍԱՓՈւՄԻ նպատակը հակառակորդի հարձակման գծից կամ հարվածի կենտրոնացման կետից դուրս գալն է: Խորհուրդ է տրվում այդ հնարքը կիրառել մանավանդ այն դեպքերում, երբ հակառակորդը հարձակվում է սառը զենքով կամ ծանր գործիքով, երբ օգտագործում է իր ֆիզիկական առավելությունը, երբ հակառակորդի արագությունը մեծ է, և կանխել, շեղել հնարավոր չէ:

Խուսափումները կատարվում են բոլոր ուղղություններով, բայց, քանի որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, գերադասելի են այն տարբերակները, որոնք հնարավորություն են տալիս ավելի աշխույժ գործել:

Ճիշտ ժամանակին, արագ ու հստակ կատարված խուսափումը ոչ միայն պաշտպանում է հակառակորդի հարվածից, այլ նաև օգնում է բացել հակառակորդի պաշտպանությունը:

Շեղումները (բլոկներ) օգտագործվում են ոտքի, ձեռքի հարվածների դեմ, ինչպես նաև սառը զենքով կամ բութ առարկայով հարձակման դեմ: Շեղումները կատարվում են և՛ ձեռքով, և՛ ոտքով:

Ձեռքով շեղումները կատարվում են ափի կողային մկաններով (եզրով), նախաբազկի արտաքին և ներքին մասերով, բռունցքի եզրի մկանային մասերով, հարվածային առաջին ոսկրակոճերով և այլն: Շեղումները կատարվում են և՛ ձեռքի բաց ափով, և՛ բռունցք վիճակով: Բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում հպման (բախման) պահին կենտրոնացնել, լարել մկանային ուժը: Առավել կոշտության համար հարմար է բռունցքը, իսկ հակառակորդին արագ բռնելու համար` բաց ափը: Զույգ ձեռքով բլոկները թեև բարդ են, բայց առավել հուսալի են: Զույգ ձեռքով բլոկները (շեղումները) կատարվում են կա՛մ խաչաձև դիրքով, կա՛մ շեղումը կատարվում է մի ձեռքով, իսկ երկրորդը ապահովում է:

Զույգ բլոկը խորհուրդ է տրվում մանավանդ սառը զենքի դեմ, քանի որ զենքով ձեռքը չզինաթափելու դեպքում շեղումը աննպատակահարմար է, կարող է ծանր իրավիճակի մեջ գցել պաշտպանվողին:

Ոտքով շեղումները ավելի բարդ են, բայց լավ մարզված մարտիկների մոտ բավականին արդյունավետ են: Արդյունավետության հասնելու համար անհրաժեշտ է զարգացնել և՛ ուժը, և՛ ճկունությունը, որը բացի պլաստիկությունից տալիս է նաև արագության ազդեցություն:

Ոտքով բլոկները (շեղումները) կատարվում են ոտնաթաթի ներբանով, կողքի մկաններով, ներսի մասով, թիակի ներսով և դրսով:

ԿԱՆԽՈՒՄՆԵՐԸ (կասեցումներ) թերևս շեղումների ավելի ագրեսիվ տեսակն են: Նրանց էությունը կայանում է հակառակորդի գործողությունը կռահելու և կանխարգելելու մեջ: Կանխումը (կասեցումը) արդյունավետ է այն ժամանակ, երբ հակառակորդը նոր է սկսել հարձակումը, չի հասցրել արագություն հաղորդել վերջույթներին, և ոտքերի դիրքը կայուն ու ամուր չէ: Այդպիսի իրավիճակում հեշտ է հակառակորդին հավասարակշռությունից հանել և տապալել:

Կանխման (կասեցման) բարդությունը կայանում է նրանում, որ պահանջում է լավ ռեակցիա և արագաշարժություն:

Շարունակելի

Գևորգ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
«Ձեռնամարտի ձեռնարկ» գրքից

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Ազգային բանակ


02/04/2015