Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԱՀԱՏԱՆՔ



Գրողների միության մեծ դահլիճում հոբելյանական ցերեկույթ էր: Սիրելի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի ծննդյան 75 – ամյակն էր: Շնորհավորանքի խոսքեր են ասում Գրողների միության նախագահ, բանաստեղծ, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը, գրողներ, հրապարակախոսներ Հրաչյա Մաթեւոսյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Արմեն Շեկոյանը… Իրենց սիրելի մանկագրի բանաստեղծություններից են արտասանում Խնկո Ապոր գրադարանի ընթերցող շնորհալի երեխաները: Բանաստեղծի խոսքերով գրված 40 երգերի հեղինակ, մանկավարժ-երգահան Հռիփսիմե Խրիմյանի սաները դահլիճը լցնում են իրոք հաճելի երաժշտությամբ: Դահլիճում են բանաստեղծի դուստրերը` Հասմիկն ու Շուշանը, որդին` Տիգրանը, 6 թոռնիկները: Հաճելի մթնոլորտ է, դրական, բարի ազդեցությամբ` ինչպես ինքն է, ինչպես սիրելի բանաստեղծ-մանկագիրն է իր էությամբ, իր ապրած կյանքով…

-Տարիներ առաջ, երբ կարդում էի Ղազարոս Աղայանի գործերը, հաճախ էի ինքս ինձ մտորում` մարդ էլ այսքան ապրի՞…

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականին, ապրել է 71 տարի: Ես ծնվել եմ 100 տարի հետո` 1940 թվականին: Երբ տարիներ առաջ գնացել էինք Բոլնիս-Խաչեն, ես մոտեցա Աղայանի կիսանդրուն եւ ապրելու թույլտվություն ստացա: Ու էլ զարմանքով հիմա չեմ ասում` մարդ էլ այսքան ապրի՞… Ես արդեն 75 տարեկան եմ,- իրեն բնորոշ մեղմ հումորով այսպես ասաց բանաստեղծը:

Հետո նորից իրենց ասմունքով իրենց սիրելի մանկագրի բանաստեղծություններն են արտասանում փոքրիկները: Այդ բանաստեղծություններում թեեւ հայրենասիրության, հայրենիքի մասին ամպագոռգոռ բառեր չեն արտասանվում, սակայն այնպիսի գեղեցիկ, հոգեթով պատկերներ են նկատվում, որ լսողի հոգին սավառնում է տիեզերական մի տարածքում, որի մի անկյունում Հայաստան փոքրիկ աշխարհն է, որի պաշտպանության համար որդին՝ Տիգրանը (այժմ գնդապետի կոչումով) դեռ ուսանող զենք վերցրեց եւ զինվորագրվեց ուսանողական «Նժդեհ» ջոկատին:

Ջերմ ծափահարություններ են հնչում դահլիճում: Եվ այդ ծափահարությունների մեջ ասես առանձնանում են սիրելի բանաստեղծի կյանքի ուղեկից տիկին Ջուլիետայի (որն, ի դեպ, Պետրոսյան ազգանունն է կրում հայրական տնից) ծափերը: Այնպես հոգեթով է, այնպես սրտանց է ծափահարում ու մեկ-մեկ թաքուն, աննկատ ձեռքը տանում աչքերին… Երկար տարիների սեր է, հավատ է, գուրգուրանք է, կարոտ է, սպասում է, գնահատանք է… ամեն ինչ կա տիկին Ջուլիետայի մեղմ ժպիտում: Եվ որքան լավ է, աստվածահաճո, որ նրանք միասին են` մեկ շունչ ու մեկ հոգի դարձած…

Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Հոգևոր-մշակութային


09/04/2015