Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑ ԴԱՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ



«Հայոց ցեղասպանության դասերը եւ հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր»

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա էր Երեւանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում կազմակերպված բաց դաս միջոցառմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմանը եւ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը:

Ողջունելով հյուրերին եւ Մեծ եղեռնի համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգնման պահանջատիրության համատեքստում կարեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կրթօջախներում անցկացվող ճանաչողական դասերն ու ոգեկոչման միջոցառումները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դպրոցի ուսուցչական կազմին եւ աշակերտներին ներկայացրեց ընդհանուր տեղեկություններ, պատմաիրավական մի շարք փաստեր 1915թ. թուրքական իշխանությունների իրականացրած գազանությունների ու խոշտանգումների մասին:

«Հայոց ցեղասպանության դասերը եւ Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր» խորագիրը կրող բաց դասի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված է եղել անցնել դժվարություններով, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն այդ ամենից դուրս է եկել պատվով ու գլուխը բարձր: Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստան աշխարհն ունի անկախ պետականություն, տարածաշրջանում փոխգործունակ, մարտունակ եւ մրցունակ բանակ, որն իրավամբ կարող է կանխարգելել այնպիսի դաժանություններն ու չարագործությունները, ինչպիսին Հայոց մեծ եղեռն էր:

Խոսելով ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերի ու առանձնահատկությունների մասին՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրեց նաեւ, որ ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք եւ արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության:

Միջոցառումն ուղեկցվեց աշակերտների բեմականացումներով, հայ եւ օտարազգի մտավորականների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող մտքերի ու ստեղծագործությունների ներկայացմամբ, ինչպես նաեւ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթների քննարկմամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին բանակաշինության ոլորտում ընթացող բարեփոխումներին:

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Բանակ և հասարակություն


22/04/2015