Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ



Արամ Թումասյանը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոս է: Երկար տարիներ նա անտրտունջ ծառայում է հայրենիքին՝ կատարելով գիտական լրջագույն ուսումնասիրություններ, այժմ նաև կրթելով ապագա սպաների: Ռազմական կրթության ոլորտում նրան բոլորն են ճանաչում՝ որպես հրաշալի մասնագետի և մարդու, բոլորն են հպարտանում, որ մեր ռազմական բուհում այսպիսի մակարդակի դասախոս կա, որը հրաշալի տիրապետում է օսմաներենին, կարողանում է թուրքերենի իմացության շնորհիվ բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ անել մեր հարևանների ընդհանրական կերպարի վերաբերյալ: Կարծում ենք` շատերին կհետաքրքրեն օտար միջավայրում մեծացած, այսօր էլ գիտության ձեռքբերումներով իրեն հայրենիքի պաշտպանության գործին նվիրած հայ մարդու կյանքի պատմությունն ու մտորումները:

ՊՈԼՍՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ…

Ծնվել եմ Ստամբուլում, 1953թ.: Մեր ընտանիքը Բարձր Հայքի Թերջան գավառից է: Հորս գերդաստանը Մանանաղի գյուղից է, Ստամբուլ ենք եկել 1950թ.: Սովորել եմ Բեզջյան մայր վարժարանում, որը հիմնադրել է Բազազ Արթինը (Հարությունը): Պատրիարքարանի հենց կողքին գտնվող վարժարանում ձևավորվել է բազմաթիվ աշակերտների, այդ թվում նաև իմ հայկական մտածելակերպը, պահպանվել, փայփայվել է ազգային արժեքները գնահատելու, զարգացնելու կարողությունը: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել եմ Սահակյան վարժարան Սամաթիա թաղամասում: Այստեղ սովորել եմ երկու տարի, ուսումս կիսատ է մնացել, քանի որ հայրս ու մայրս ուզում էին գալ Հայաստան: Իմ ծառայության տարիքն էլ էր մոտենում, իսկ հայրս կտրականապես դեմ էր, որ ես ծառայեի թուրքական բանակում: Առավել ևս, որ Նշան պապս պատգամել էր՝ իր թոռը թուրքական բանակում չպիտի ծառայի: Մեր ընտանիքում կարևոր որոշում կայացվեց. ծնողներս դիմեցին ԽՍՀՄ դեսպանատուն, hայկական ԽՍՀ տեղափոխվելու ցանկություն հայտնեցին: Մինչ այդ՝ 1971թ., հայրս արդեն եկել էր Հայաստան, գտել էր իր ազգակիցներին, ծանոթացել այստեղի կյանքի պայմաններին: Դեսպանատանը նրանց ո՛չ մերժեցին, ո՛չ էլ ընդառաջեցին: Դրանից հետո հայրս որոշեց որպես զբոսաշրջիկ գալ Հայաստան ու չվերադառնալ: Ընդհանրապես, մեր ընտանիքի ապրելակերպը, երկրից գաղթելը, սոցիալական ծանր վիճակը պարտադրել են, որ նա մշտապես տարբեր ուղիներ փնտրի մտածածն իրագործելու համար:

Հայաստանում մեզ հարազատի պես ընդունեցին: Պատկերացրեք` Թուրքիայից մի ընտանիք է եկել, ընդամենը չորս ճամպրուկով: Ընտանիքի անդամները հիմնականում հայերեն չգիտեն: Մեր բոլոր հարևանները շատ ջերմ վերաբերվեցին, մահճակալ, անկողնային պարագաներ տվեցին մեզ, որ կարողանանք հարմարվել: Օգնում էին նաև սննդի հարցում: Նոյեմբերյանից մի ընտանիք կար, տանտիկինը մորս սովորեցնում էր հայկական ճաշեր պատրաստել: Այդպես շատերի օգնությամբ տեղավորվեցինք, հարմարվեցինք, շատ խնդիրներ հաղթահարեցինք, և վերադառնալու մասին խոսք չեղավ նույնիսկ ամենածանր պահերին: Բոլորիս ուրախությունն անսահման էր, քանի որ միշտ մտածել ենք Հայաստանում ապրելու, մեր հայկական արմատներին վերադառնալու մասին: Մենք հայ ենք, թուրք չենք, պետք է ապրենք Հայաստանում, հայկական միջավայրում՝ այս միտքը բոլորիս մոտ գերիշխող էր: Միայն մի խնդիր կար, որ առաջնահերթ լուծում էր պահանջում: Մեր ընտանիքում, մինչև իմ ամուսնությունը, խոսել ենք թուրքերեն: Ամուսնությունիցս առաջ նստել, հորս հետ զրուցել եմ տղամարդավարի, ասել եմ, որ այսուհետ թուրքերեն չպետք է խոսենք, որովհետև հարսը թուրքերեն չգիտի, հետո էլ ի՞նչ պատկերացում կկազմի մեր մասին, եթե հայերենը թողած՝ միայն թուրքերեն խոսենք: Դրանից հետո հայրս ու մայրս գնացին դպրոց՝ հայերեն սովորելու…

Ոմանք գուցե այսպիսի կարծիք կհայտնեն՝ իսկ ինչու են միայն թուրքերեն խոսել, նրանք մոռացե՞լ են, որ հայ են: Ինչ է, վախենո՞ւմ էին, կամ հայերենը պակաս պատվաբեր էր: Միանգամից ասեմ` ոչ մեկի համար հաճելի և ցանկալի չէ օտար լեզվով խոսելը: Սակայն ընդհանուր միջավայրը ինչ-որ չափով նաև պարտադրում է: Երբ չորս կողմդ խոսում, գրում, մտածում են թուրքերեն, դու պարզապես չես կարող առանձնանալ: Պարզապես հոգուդ խորքում, արյանդ մեջ պահպանում ես քո հայկականության ակունքը, այն գենը, որ անհրաժեշտ պահին քեզ նորից դեպի հայերենն ու հայկականն է տանում:

1955թ., երբ երկու տարեկան էի, Ստամբուլում փոքր մասշտաբներով կոտորած տեղի ունեցավ` սեպտեմբերի 6-7-ին: Այդ օրը պապս ինձ գրկած բարձրացել է Թաքսիմի կենտրոնական հրապարակ, տեսել է, որ կոտորած է սկսվել: Նա եղեռն էր տեսել, այդ պահին էլ ծանր հիշողություններ են արթնացել, և միանգամից անասելի վախ է մտել նրա մեջ:

Ինձ վազեվազ տուն է հասցրել, կանչել է բոլոր հարազատներին, նախազգուշացրել: Նույն գիշերը առավոտյան կողմ պապս մահացել է…

Տարիներ անց Սահակյան վարժարանից ընկերներով տուն էինք վերադառնում գնացքով: Այդ շրջանում մենք փորձում էինք հայերեն խոսել, բայց քանի որ լավ չէինք տիրապետում, ստացվում էր ինչպես օտար լեզու: Նույնիսկ այդ կերպ խոսելը մեզ ձգում էր, մտածում էինք, որ հայ ենք և պետք է հայերեն խոսենք: Մեզ մոտեցավ ոստիկանության աշխատակիցը: Լսել էր մեր խոսակցությունը և խիստ զգուշացրեց՝ «Դուք Թուրքիայում եք ապրում և Թուրքիայի քաղաքացիներ եք, ես արգելում եմ ձեզ հայերեն խոսել»: Այդ դեպքը շատ ծանր նստվածք է թողել, մինչև հիմա էլ հիշողությունիցս չի ջնջվում: Այսինքն՝ ազատությունը միայն թվացյալ էր: Ընդհանրապես, այն տարիներին հայերի նկատմամբ վերահսկողությունը շատ ուժեղ էր: Ինչո՞ւ ոստիկանը չէր մոտենում որևէ զբոսաշրջիկի, արգելում անգլերեն կամ այլ լեզվով խոսել: Պարզվեց նաև, որ այդ ոստիկանը շատ բան գիտեր մեր մասին՝ որտեղ ենք սովորում, ուր ենք գնում և այլն: Նման պայմաններում էլ փորձել ենք պահպանել մեր ազգային խառնվածքը: Որքան էլ արտաքուստ կյանքը հանգիստ էր, բացահայտ ճնշումներ չկային:

Նշան պապիս մահը մեր ընտանիքը շատ ծանր տարավ: Հայրս դեռ բանակ չգնացած՝ արդեն երեխա ուներ, իր փոքր ընտանիքից բացի նաև փոքր եղբոր և քույրերի հոգսն էլ նրա ուսերին մնաց: Ծանրաբեռնված աշխատեց իր հարազատներին ապահովելու համար: Երբ որոշեցինք Հայաստան գալ, ես էլ աշխատեցի, որ կարողանանք ճանապարհի գումար հավաքել: Ընդհանրապես, մեր ընտանիքի կյանքը կարելի է անվանել Պոլսո պատմություն, որովհետև մեր անցած ուղին բնորոշ էր Թուրքիայում բնակվող հայերից շատերին:

Ինչևէ, Հայաստանում ինձ համար կյանքի մի նոր փուլ սկսվեց: Հայերենից բացի, սովորեցի ռուսերեն, անգլերեն, զարգացրի ֆրանսերենիս իմացությունը: Միշտ ձգտել եմ կատարելագործել թուրքերենը, թեև փոքր տարիքից շատ վարժ և գրագետ խոսել եմ:

Սահակյան վարժարանում կիսատ թողած ուսումս շարունակեցի Աբովյան քաղաքի միջնակարգ երեկոյան դպրոցում: Լավ ֆուտբոլիստ էի, մի քանի տարի «Կոտայք» թիմի կազմում եմ խաղացել:

Մինչ այդ, Թուրքիայում նույնիսկ փորձեր են արվել ինձ ընդգրկելու թուրքական ֆուտբոլային մեծ թիմերի կազմում, բայց հայրս դեմ էր: Վնասվածք ստանալու պատճառով ֆուտբոլը շուտ թողեցի, դրանից հետո լրջորեն սկսեցի զբաղվել գիտական ուսումնասիրություններով: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինն ավարտելուց հետո՝ 1980թ. աշխատանքի անցա Գիտությունների ազգային ակադեմիայի ֆունդամենտալ գիտական գրադարանում, սկզբում որպես գրադարանավար, հետո արդեն որպես բաժանմունքի վարիչ: Այդ ընթացքում ընդունվել եմ ասպիրանտուրա, բայց ինչ-ինչ պատճառներով չեմ ավարտել: Ասպիրանտական աշխատանքիս թեման էր՝ «15-րդ դարի երկրորդ կեսին Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական տվյալները ըստ հարկային մատյանների»: Չափազանց բարդ և ծավալուն թեմա: Տվյալ պահին իմ պատրաստվածությունը չբավականացրեց այդ ահռելի աշխատանքը ինքնուրույն գլխի բերելու համար: Իմ ղեկավարն էլ օսմաներենին չէր տիրապետում, չէր կարողանում ճիշտ ուղղություն տալ ինձ: Իհարկե, անգործ չէի նստում, թուրքերեն-հայերեն բառարան էի կազմում, սկզբում թուրքերեն-արևելահայերեն, իսկ հետագայում թուրքերեն-արևմտահայերեն: Ձեռնարկեցի նաև դարձվածաբանական բառարանը և առածանին: Այս վերջինը հատկապես շատ արժեքավոր աշխատանք է, ներառում է բոլոր ժամանակների առածները թուրքերենում, նաև փոխառություններ տարբեր լեզուներից:

Գրադարանում աշխատելու տարիներից սկսած՝ որոշակի հետապնդում է եղել իմ հանդեպ: Արածս կա՛մ չէր ընդունվում, կա՛մ ընդունվում էր մասնակի: Միգուցե մասնագիտական նախանձ էր կամ ցավոտ, հաճախ նաև արգելված թեմաների արծարծմանը խանգարելու ցանկություն, չեմ կարող ասել: Իմ զարգացման սկզբնական շրջանն ու այդ շրջանը բոլորովին չէին կապվում իրար: «Զրույցներ և հանդիպումներ, բացատրական աշխատանքներ» են եղել նախկին ՊԱԿ-ի աշխատակիցների հետ: Շատ ծանր եմ տարել այդ փաստը, հիվանդացել եմ, քանի որ չափազանց լուրջ հետազոտություններ էի կատարում, բայց որևէ մեկը այդ ահռելի աշխատանքը չէր գնահատում: Աստիճանաբար ուժ գտա պայքարելու, վերականգնվեցի: Նպատակ ունեի զբաղվելու իմ սիրած գործով, գիտելիքներս արդյունավետ օգտագործելու: Առավել ևս, որ մեր ընտանիքում երբեք նման բան չի եղել, որ մեկնումեկը հրաժարվի իր ծրագրերից, ետ կանգնի դժվարություններից: Տարբեր առաջարկություններ եմ ստացել արտասահմանից: Մասնավորապես, երբ 1994թ. մեկնեցի Հոլանդիա` դասախոսություններ կարդալու, ինձ շատ գրավիչ հեռանկարներով աշխատանք խոստացան, բայց ես չմնացի և վերադարձա Հայաստան, շարունակեցի իմ սիրած գործով զբաղվել: Ինձ ուժ էր տալիս այն փաստը, որ լինելով ցեղասպանություն վերապրած ընտանիքի անդամ՝ կարողանում եմ օգտակար լինել իմ երկրին:

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՆ

1995թ. արդեն 42 տարեկանում կամավոր ծառայության անցա ՀՀ զինված ուժերում: Առաջարկն ընդունելիս պապիս պատգամն եմ հիմք ընդունել՝ իր թոռը պետք է ծառայի միայն հայոց բանակում: Անկախ իմ տարիքից, կարծում եմ, պապիս խոսքը կատարեցի: Հպարտ եմ այդ խառը շրջանում հայրենիքիս մատուցած իմ ծառայությունների համար: Իմ աշխատանքը բարձր գնահատեց այն ժամանակ վարչության պետ Բ. Ազոյանը, կանչեց իր մոտ, շնորհակալություն հայտնեց: Երկար զրուցեցինք, ծառայությունը ավելի բարձր պաշտոնով շարունակելու առաջարկություն արեց, սակայն ես մերժեցի: Դրանից հետո՝ ընդհուպ մինչև 2009թ., երբ կյանքը նորից ինձ կապեց բանակի հետ, դասավանդել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 2009թ դասախոսական աշխատանքի անցա ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, հետո՝ որպես թուրքերենի և ադրբեջաներենի ցիկլի պետ: Կարելի է ասել, զրոյից եմ սկսել. կազմել ենք ուսումնական ծրագիր, ապա նաև ձեռնարկ: Աստիճանաբար այս կարևոր ուղղությունը պատշաճ հիմքերի վրա ենք դրել: Առաջին հերթին ադրբեջաներենի ուսումնական ծրագիրն ենք կազմել: Այս տարիների ընթացքում արդեն ունենք մեթոդական մշակում, թեմատիկ պլաններ, երկու ձեռնարկ, բառարաններ: Շատ եմ կարևորում իմ գործընկերների հետ կատարած աշխատանքը: Մի քանի հոդվածներ ենք պատրաստել տպագրության, որոնց հիմնական թեման եղել է թուրքերենի ազգայնացման քաղաքականությունը, համաթուրքականությունը, թե ինչպես է այն տարածվել, ինչ նպատակներով և եղանակներով: Համեմատաբար նոր թեմա է հայագիտության ոլորտում՝ մեծ տերությունների դիրքորոշումը հայոց Մեծ եղեռնի հարցում: Նպատակ ունեմ ավելի ծավալուն ձևով այն ներկայացնել, սկզբում որպես արևմտյան տերությունների ընդհանուր քաղաքականություն, այն է՝ հայ ժողովուրդը առանց պետականության: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ մեր ամբիոնում լուրջ աշխատանք է տարվում: Փորձում ենք գիտական հիմքերով ներկայացնել ցեղասպանության պատճառները, ժամկետները և այլն: Օրինակ՝ իմ կարծիքով՝ հայոց Մեծ եղեռնն ուղղակի կամ անուղղակի սկսվել է Ադրիանապոլսի պայմանագրով: Այսինքն՝ այն ժամանակ, երբ ռուսական զորքերը գրավել էին Հայկական բարձրավանդակի մեծ մասը և միանգամից այդքան մեծ տարածք զիջեցին թուրքերին, պայմանագիր ստորագրեցին, և հարյուր հազարավոր հայեր հարկադրված գաղթեցին Ախալքալաք և Ախալցխա: Հայաստանը առանց հայերի ծրագիրը դեռևս այդ ժամանակներից է կիրառվել: Եղեռնի սկսման ժամանակը ճշտելը շատ կարևոր է: Այդ դեպքում արդեն մենք խոսելու ենք ոչ թե 1,5 միլիոն զոհերի մասին, այլ շատ ավելի մեծ թվի, որովհետև ընթացքում եղել են փոքր ու մեծ կոտորածներ: Չակերտավոր փոքր, չէ՞ որ դրանք այնուամենայնիվ քանակ են կազմել և հետագայում կարող էին էականորեն ավելացնել բնակչության թիվը: Պարզ հաշվարկն էլ ցույց է տալիս, որ մեր զոհերի իրական թիվը մոտ 2,5 միլիոն է:

Աշխատանքային առաջնային ուղղությունը մեզ համար ադրբեջաներենի և թուրքերենի ուսումնասիրությունն է, քանի որ այս լեզուների իմացությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Խորհրդային տարիներին մենք, այսպես ասած, խնդիրներ չենք ունեցել, դրանք արտահայտվել են առավելապես 80-ականների վերջին: Բայց մի հետաքրքիր դեպք պատմեմ: 1978թ. ուսանողական խմբով մեկնում էինք Միջին Ասիա: Հետաքրքրությունից դրդված՝ ճանապարհին իջել եմ Գանձակի (Կիրովաբադ) կայարանում, թուրքերեն զրուցել եմ ադրբեջանցի բնակիչների հետ: Նրանք շատ լավ հասկանում էին ինձ, ասում էին, որ թուրքերն իրենց մեծ եղբայրներն են: Այդ օրվանից ես ասում էի՝ մի՛ հավատացեք ադրբեջանցիներին, դրանք նույն թուրքերն են և ամեն վայրկյան կարող են մեզ հարվածել թիկունքից: Տարիներ անց իմ խոսքերի ապացույցը շատ դաժան էր…

Նման հարևանների հետ մեզ առավել հարմար է շփվել հենց իրենց լեզվով, իմանալ նրանց սովորույթները, մտածելակերպը և այլն: Այդ դեպքում մենք կկարողանանք հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգության, լինի քաղաքական, ռազմական, թե այլ ոլորտում, պատասխանել հենց իրենց լեզվով, հենց իրենց մտածելակերպին համապատասխան ծանր հարված հասցնել: Հատկապես զինվորականին դա շատ է պետք: Տեսեք, մենք այդքան երկար սահման ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Կարելի է հանդիպել դիմացից եկող դասալիքի, փախստականի, սահմանախախտի և հենց առաջին իսկ պահին նրանցից շատ արժեքավոր տեղեկություններ կորզել: Հայտնի է, որ սկզբում տվյալ անձը, մանավանդ, եթե ռազմագերի է, շոկային վիճակում է լինում, ավելի հեշտ է «խոսում»: Առավել ևս, երբ նրան դիմում ես իր մայրենի լեզվով: Ուշքի գալուց հետո նա կարող է չխոսել կամ իրեն հարմար, մտածված պատասխաններ տալ: Այդպիսի հոգեբանական պահը շատ կարևոր է ճիշտ օգտագործել: Բացի այդ, ռազմագերուն հին ժամանակներից անվանել են «լեզու»: Այսինքն՝ նրան խոսեցնում ես և շատ կարևոր տեղեկություն ես քաղում: Արդյունքը կարող է լինել այն, որ մեր ստորաբաժանումը ավելի հարմար և ճիշտ կդիրքավորվի, բազմաթիվ կյանքեր կփրկվեն, հնարավոր է նաև դիվերսիաներ կանխվեն:

Կրկնեմ՝ լեզվի իմացությունը շատ կարևոր է, ինչի միջոցով հնարավոր է ոչ միայն գործնական, այլև տեսական տեղեկություններ քաղել: Օրինակ՝ համացանցում բազմաթիվ նյութեր կան: Մեր սպաներից մեկի հետ համացանցում կապվել ենք թուրք մտավորականների հետ: Աշխատել ենք հետևյալ ուղղությամբ՝ Արցախյան պայքարն արդարացի է, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, իսկ ո՞րն է ձեր կարծիքը: Շատերը չէին խոսում, չէին արձագանքում, վախենում էին: Մյուս հատվածի հետ զրույցներից էլ հասկանում էինք՝ և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում կա մի զանգված, որը համաձայն չէ իրենց պետության պաշտոնական տեսակետի հետ: Դա էլ է շատ կարևոր աշխատանք՝ բանավեճերի միջոցով մեր տեսակետը ներկայացնելն ու տարածելը:

Մեր կուրսանտների մեծ մասը կարողանում է գրել, կարդալ նշված լեզուներով, տիրապետում է անհրաժեշտ նվազագույն ծավալին: Իհարկե, ունենք նաև կուրսանտներ, որոնք գերազանց են տիրապետում հակառակորդի լեզվին: Ադրբեջաներենի ձեռնարկները կազմել ենք հայերենի ուսումնական ձեռնարկների հենքի վրա: Այսինքն՝ հայերենը պետք է նախևառաջ գերազանց իմանաս, որ կարողանաս դրա միջոցով այլ լեզու սովորել: Ցավոք, շատ կուրսանտների մոտ հենց մայրենի լեզվի իմացությունն է թույլ, նաև այդ բացն ենք փորձում լրացնել: Ի՞նչ է նշանակում հայերենի հիմքով: Չբացելով բոլոր փակագծերը՝ մի օրինակ բերեմ: Ասենք՝ հայերեն դերանունները, դրանց գործածման ձևերը նշելուց հետո տալիս ենք թուրքերենի և ադրբեջաներենի համարժեքները, պարզապես տեղադրում համապատասխան սյունակում: Կուրսանտը իր հարազատ լեզուն սովորելով՝ ավելի հասկանալի տարբերակով ընկալում է նաև օտար լեզվի քերականությունն ու բառակազմությունը: Դա կրկնակի հեշտացնում է գործը:

Այս գործընթացն անընդհատ կատարելագործման կարիք ունի: Ադրբեջաներեն և թուրքերեն ավելի լավ ուսումնասիրելու համար մեզ պետք է ունենալ նրանց նոր ուսումնական ձեռնարկները, որոնցով դասավանդում են բուհերում: Ժամանակակից ոճաբանությունը, բառապաշարը, հատկապես զինված ուժերում կիրառվող, ամեն ինչ էլ օգտակար կլինի: Խոսակցական բառապաշարն այլ է, առօրյա ծառայության ընթացքում կիրառվողը՝ բոլորովին այլ: Հատկապես ռազմականը ունենալը շատ օգտակար կլինի, որպեսզի մեր կուրսանտները, սպայակազմը կարողանան ավելի կատարյալ տիրապետել լեզվին: Նոր դասագրքերի դեպքում մենք կարող ենք ավելի խորացնել, զարգացնել ոլորտը, բարձրացնել ակադեմիական մակարդակի: Նման փորձ արդեն արվել է: Որոշ նորամուծություններ ենք նաև ուզում մտցնել: Ֆակուլտատիվ պարապմունքներ ենք անցկացնում գործող սպայակազմի համար: Ինչ-որ առումով դրանք ավելի արդյունավետ են լինում, որովհետև արդեն ծառայության մեջ գտնվող սպաները ավելի պատրաստված են, առավել գիտակցաբար են մոտենում խնդրին:

Ինչևէ, ամեն ինչ արվում է մեր սպայակազմի գիտելիքները հարստացնելու համար: Վստահ եմ՝ անհրաժեշտության դեպքում նրանք կկարողանան կիրառել դրանք և «խոսեցնել» հակառակորդին:

Պատրաստեց Արսեն ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #15 (1084) 23.04.2015 – 29.04.2015, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


22/04/2015