Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԳՈՂԳՈԹԱՆ՝ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ



Մինչ «Հիշում ենք եւ պահանջում» ցուցահանդեսի բացումը, Նկարիչների միության շենքի պատին տեղադրվեց մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի դիմաքանդակը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը իր ելույթում նշեց, որ այս իրողությունը կարեւորվում է նաեւ նրանով, որ Արա Սարգսյանը ոչ միայն Նկարիչների միության հիմնադիր նախագահն էր, այլ «Նեմեսիս» գործողության մասնակիցներից մեկը ( «Նեմեսիսի» նպատակն էր պատժել ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրքերի պարագլուխներին):

«Հիշում ենք եւ պահանջում» ցուցահանդեսում ներկայացված են ե՛ւ անվանի, ե՛ւ երիտասարդ արվեստագետների գործեր: Գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի, կիրառական արվեստի 125 աշխատանքներում Հայոց ցեղասպանության տարբեր խորքային շերտերի արտացոլումն է՝ ողբերգականից մինչեւ վրիժառություն, պոռթկում, հաղթահարված ցեղասպանությունից մինչեւ նոր կյանքի զարթոնք, վերածնունդ…

Դրամատիզմով լեցուն է Էդուարդ Աբաջյանի «Խորկոմյան հուշերը», Արամ Իսաբեկյանի «Բորենիների խնջույքում»՝ բորենիներից չտարբերվող մարդու գազանային էությունն է ցայտուն պատկերված, Սուրեն Սաֆարյանի «Արարատից այն կողմ»՝ խոտերի մեջ թափված գանգեր են: Վլադիմիր Աբրահամյանի «Անթաղ աղավնիները» կարծես հայկական Գեռնիկան լինի՝ թուրք ոճրագործը չի բավարարվել մարդկանց կոտորելով, անսանձ ու վայրի մոլուցքով մորթոտել է աղավնիներին եւ լցրել հայերի խոշտանգված դիակների վրա… Արթուր Շարաֆյանի «Կողպված պատմություն» ստեղծագործությունում էլ կողպված նախշազարդ մի դուռ է, մի շեն օջախի կողպված պատմություն, որի տանտերերը ճակատագրի սեւ թելադրանքով չգիտես էլ, թե ի՞նչ բախտի են արժանացել…

Տխուր, ցավի գույների ու պատկերների կողքին մղձավանջից դուրս եկած, պայքարի կոչող աշխատանքները սակավաթիվ չեն՝ Կարեն Աղամյանի «ԱՍԱԼԱ-յի կնքահայր Գուրգեն Յանիկյան», Արտիկ Քոչարյանի «Մի թրքացիր» (քանդակ, փայտ), Կարեն Սմբատյանի «Զարթնի՛ր, լա՛ո»: Արարատ Խանզադյանի «Հայդուկը» զենքը մի կողմ է դրել եւ վայելում է շնչավորված բնությունը՝ աշխարհում գարուն է, բայց կողքին թափված պարկուճները քեզ բերում են դաժան իրականություն ՝ աշխարհում նաեւ պատերազմ է…

Մարդ մնալու, իր նմանին չոչնչացնելու, կյանքի լուսե, վառ ու շքեղ գույները սեւով չպատելու ուղերձն ու խորհուրդը կար բոլոր ներկայացված աշխատանքներում:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Հոգևոր-մշակութային


30/04/2015