Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ՔՈՒՐՄԸ



…Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՛ք,
Եվ մոմի նման ճամփեքիդ վրա,
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայոց եղեռնի Վրիժառու Բանաստեղծը դառնում է հարյուր տարեկան։ Հարյուրամյա լեգենդ, որ ժամանակների անվախճան հոլովույթում էպոսածին հերոսի է նմանվելու, առաջնորդելու է իր ժողովրդին՝ որպես սրամերկ նեմեսիս։ Նեմեսիս՝ Հովհաննես Շիրազ անունով։

Օրերս, մեծ բանաստեղծի 100-ամյա տարեդարձի նախօրյակին, վերահրատարակվել է Վազգեն Առաքելյան գեղագետ-բանաստեղծի «Շիրազ-Նամե»՝ մեզանում աննախադեպ չափածո վեպը։ Շուրջ կեսդարյա ինչպիսի՜ «սևեռում» Արարատ լեռան քուրմի հանդեպ:

«…1956 թվականին, ես՝ տասնհինգամյա տղա, Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղից, բանաստեղծություններիս ձեռագիր տետրը ծոցիս մեջ հայտնվեցի Հովհաննես Շիրազի տան շեմին։ Ինձ ընդունեց, և ես շիկնելով ու քրտնելով սկսեցի կարդալ իմ թոթովանքները… Լսեց իմ գրվածքները, վերցրեց տետրս և իր գրչով ուղղումներ արեց, խորհուրդ տվեց, որ շատ կարդամ. «Բնականը, մայրատուն կա, պըդի հղկես, որ քեզ գտնես, գտնես այն, ինչ թափառում է աներևույթ, գտնես միայն քո խոսքը, քո պատկերը, քո ձայնը…»,- գրքի նախաբան խոսքում վերհիշում է հեղինակը և շեշտում, թե ինչպես է տասնամյակներ շարունակ «քաղել, օրագրել» նրա յուրաքանչյուր խոսքը, անսպառելի բառուբանը։ «Օրագրել» է ու այնպե՜ս է օրագրել, որ ընթերցողին կարող է թվալ, թե այն օրերի պատանի բանաստեղծը ի սկզբանե առաքելություն էր ստանձնել, որ հենց ինքն է կերտելու Շիրազյան փառահեղ ասքապատումը։

Վազգեն Առաքելյանը թերթ առ թերթ բացում – բացահայտում է «պոեզիայի Առյուծի» ոգեղեն ողջ գանձարանը։

«Շիրազ-Նամե»-ի յուրաքանչյուր երգաբաժին մայրենիի ադամանդափայլ շքեղությամբ է մտերմանում ընթերցողին՝ նրան տանելով իր՝ հեղինակի, սրբատաշ ու խորանաշար հանգրվաններով։

Ես արձագանքն եմ երեկվա, վաղվա,

Կոսմիկականն եմ՝ հողի երեսին,

Իմ ժողովրդի հույս – հավատն եղա՝

Պարզված աշխարհի պղտորված լույսին…

Սա, անշուշտ, Շիրազն է, բայց Վազգեն Առաքելյան բանաստեղծի հոգենյութից հյուսված։ Եվ այսպիսի հյուսվածքների հեղեղ է հոսում չորս հարյուր էջ կազմող գրքի գրեթե բոլոր թերթերից։

…Բառերդ պըդի մեղեդիք ծորեն,

Երաժշտություն տողերից կաթան,

Հանց աղբյուրները՝ երգեն սար-ձորեն,

Եվ արտույտները իրենց թևին տան։

Պոետն էլ, ձագս, նկարիչ է մի,

Բառերի վրձնով արարում է գույն…

Ամբողջացնելով մեր խոսքը, կարծում եմ, մեղանչած կլինենք, եթե հեղինակին փորձենք բնութագրել որպես Շիրազ – առասպելի սոսկ կենսագիր, թեև գրքում նա կերտված է ծննդյան պահից մինչև անմահություն։

«Շիրազն անցնում է Հայոց պատմության միջով կամ հակառակը,- գրքի մասին կարծիք է հայտնել սիրելի բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանը,- «Շիրազ-Նամեն» իրոք գեղարվեստական արժեք է, մեր գրականության մեջ նմանատիպ պոեմ ես չեմ հիշում, չկա, այն եզակի է իր տեսակի մեջ»։

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Հոգևոր-մշակութային


30/04/2015