Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԵՎ ԹՈՒՂԹ»



«Սեւ թո՜ւղթ է եկել, Սեւ թո՜ւղթ է եկել»,-
Չար բոթն էր գուժում, տնից տուն խուժում,
Եվ ասես շանթն էր թրատում մեկեն,
Եվ լույսն էր տուժում տխրության մուժում:
Ամեն օր այսպես մի թուղթ էր գալիս,
Ու մի մանուկ էր հորից որբանում,
Եվ որդեկորույս մի մայր էր լալիս,
Ծնկներին տալիս ու սուգ էր անում…

Ա՜խ, այդ թղթե՜րը, այդ «սեւ» թղթե՜րը,
Լաց ու կոծ էին ու ողբ ու կական,
Որ խոցում էին մարդկանց սրտերը,
Ինչպես դարանից պայթող մի ական:
Եվ ամեն անգամ երկյուղով լցվում,
Չէի իմանում` ես դեռ անգիտակ,
Թե ինչո՞ւ էին դրանք «սեւ» կոչվում,
Երբ մաքուր էին, տեղովն սպիտակ…

Այն ահեղ կռվին հեռու մեր գյուղում
Սեւ թուղթ չունեցող ոչ մի տուն չկար,
Եվ պատահում էր, որ մի հին հյուղում
Դրանցից նույնիսկ մի քանի հատ կար:
Ծեր կանայք գնում մոմ էին վառում,
Ու մայրերն էին աղոթում երկար,
Չոր ձեռքերն իրենց երկինք կարկառում,
Աղերսում էին, որ Աստված գթար:

Եվ այդ «սեւ» կոչված թղթերն սպիտակ
Գանձ էին ասես տներում մարդկանց
Եվ դրվում էին գաղտնի փակի տակ,
Որ ձեռք չտային ուրիշներն հանկարծ:
Շատերն էլ իրենց ծոցի մեջ դնում
Ու պահում էին, ինչպես սուրբ մասունք,
Կամ էլ բարձի տակ` ու վրան քնում,
Եվ գիշերն ամբողջ հեղում արտասուք:

Թղթերն այդ անշունչ ասես իրենց մեջ
Զոհված զինվորի շունչն էին պահում,
Եվ հոգին էին բորբոքում անշեջ
Ու լույս պատկերը գալիքին տանում:
Դրանց մեջ մայրը որդուն էր տեսնում,
Տատը` թոռանը, մանուկն իր հորը,
Եվ սգվոր այրին` սիրած ամուսնուն,
Իսկ քույրն` իր անհայտ կորած եղբորը:

Այդ «սեւ» թղթերին չէին հավատում,
Եվ այն հույսն էին փայփայում սիրով,
Որ սո՛ւտ է, նրանք չե՛ն ընկել մարտում,
Այլ հաղթ ու անպարտ գալու են մի օր:

Եվ ինձ էլ անվերջ նույն միտքն էր տանջում`
Տեսնելով մաշված այն թղթերն էլի,
Թե ինչո՞ւ էին դրանք «սեւ» կոչվում,
Երբ ճերմակ էին չափից ավելի…

Ու կռվից հետո տարիներ անցան,
Աշխարհը նորից խաղաղ շունչ քաշեց,
Բայց զինվորներն այն չվերադարձան,
Ու անանց վիշտը շատերին մաշեց:
Եվ նրանք այնքա՜ն սրբությամբ պահված
Թղթերն իրենց հետ գերեզման տարան,
Ու գուցե այնտեղ մարտերում զոհված
Հարազատների ծով կարոտն առան:

ՎԱՀԱՆ ՄԱՂԱԼՅԱՆ
1985թ.

Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Հոգևոր-մշակութային


07/05/2015