ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿԱՊՏԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
«Մենք բազում օրինակներ գիտենք, երբ մի շարք երկրներում կարեւոր էթնիկ փոքրամասնությունների՝ մայրենի լեզվի օգտագործման իրավունքը անտեսվում կամ սահմանափակվում է, երբ վարվում է լեզվական եւ մշակութային ձուլման կոշտ ու ագրեսիվ քաղաքականություն: Նման քաղաքականությունը, ի վերջո, բաժանում է հասարակությունը լիարժեք եւ ոչ լիարժեք մարդկանց, իսկ երբեմն էլ հանգեցնում ողբերգական ներքին հակամարտությունների»:
Մեջբերում մայիսի 19-ին Կրեմլում տեղի ունեցած ազգամիջյան հարաբերությունների եւ ռուսաց լեզվի Նախագահական խորհրդի հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից:
Որքան էլ Ռուսաստանի նախագահի վերոհիշյալ հայտարարությունում հնչած «բազում օրինակներ գիտենք» արտահայտության մեջ պետությունների անուններ չեն հիշատակվում, այսուհանդերձ ակամայից մեր աչքի առաջ են գալիս Ադրբեջանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների` թալիշների, թաթերի և այլն, ավելի քան նվաստացուցիչ գոյությունն ու նրանց ազգային-մշակութային իրավունքների շարունակական ոտնահարումները: Ուստիև, որպես վերոհիշյալի ցցուն վկայություն, տեղին է ներկայացնել Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնություններից ամենամեծաքանակի` թալիշների առաջնորդ, Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթզոդայի՝ Մեծ հաղթանակի նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը, որը եթեր է հեռարձակվել Թալիշստանի ազգային հեռուստատեսությամբ:
ՈՒՂԵՐՁ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ
Թույլ տվեք թալիշ ժողովրդի և Թալիշական Ազգային Շարժման անունից Ձեզ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ:
Ի դեմս Ձեզ, այս դարակազմիկ իրադարձության առիթով, ուզում եմ շնորհավորել նաև ամբողջ ռուս ժողովրդին. ռուս մեծ ժողովրդին և մեր երբեմնի միասնական երկրի բոլոր ժողովուրդներին, որոնք կարողացան կոտրել ֆաշիստական պետության ողնաշարը:
Թալիշ ժողովուրդը, որը Անդրկովկասում թվաքանակով չորրորդ ազգությունն է (մոտ երկու միլիոն), իր ներդրումն ունի ֆաշիզմի դեմ տարած մեր ընդհանուր հաղթանակում: Թալիշ ժողովրդի հազարավոր զավակներ իրենց կյանքի գնով են մոտեցրել այս սրբազան օրը՝ 1945 թ. Մայիսի 9-ը: Շատերն այդ քաջերից ռազմադաշտում ցուցաբերած անօրինակ սխրանքի համար արժանացել եմ մարտական բարձրագույն պարգևների և շքանշանների: Նրանցից տասին շնորհվել է Խորհրդային Միության Հերոսի կոչում, իսկ Գեներալ Ազի Ասլանովը դարձել է կրկնակի հերոս:
Պարոն նախագահ
Ես որոշել եմ Ձեզ դիմել՝ որպես մի քաղաքական գործչի, որը նոր կյանք է տվել միջազգային իրավունքի հիմնարար՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին: Ձեր խոսքը՝ «Ժողովուրդներն իրենք պետք է որոշեն իրենց տարածքների ճակատագիրը», հույս է ներարկել նաև իմ՝ ալիևյան ռեժիմի մահվան դատապարտվածների բանտախցում մի ամբողջ տասնամյակ տառապածիս, ինչպես նաև ամբողջ թալիշ ժողովրդի հոգում, հույս՝ արդարության վերջնական հաղթանակի նկատմամբ:
Մենք լիահույս ենք, որ Դուք՝ որպես սեփական սկզբունքներին և քայլերին հավատարմորեն հետևող մարդ, նույնպիսի հավատարմորեն այդ սկզբունքները ի գործ կդնեք միջազգային պրակտիկայում:
Թալիշ ժողովուրդը հիանում և հպարտանում է միջազգային բարդ իրավիճակներում ձեր արձանագրած հաջողություններով: Մենք հուսով ենք, որ մեծ Ռուսաստանը՝ ավանդական արժեքների, բարության և հումանիզմի դրոշակակիրը, կհաղթի իր դեմ համախմբված չար ուժերին: Եվ այդ ճանապարհին թալիշ ժողովուրդը միշտ Ձեզ հետ, Ռուս մեծ ժողովրդի հետ է լինելու:
Եղբայրական ողջույնով՝ թալիշ ժողովրդի և թալիշական Ազգային Շարժման անունից՝
ԱԼԱՔՐԱՄ ՀՈՒՄՄԱԹԶՈԴԱ
Թալիշ-Մուղանյան
Հանրապետության նախագահ
Պատրաստեց Գ. ԱՍԱՏՐՅԱՆԸ
Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան