ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՄԻՏՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Ինչպես արդեն հայտնի է, պետական այցով ՉԺՀ այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այդ երկրի ղեկավարների հետ համատեղ հռչակագիր և երկկողմ համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման մասին ավելի քան մեկ տասնյակ փաստաթուղթ ստորագրեց:
Այս այցը կարելի է դիտարկել որպես մեր երկրի արտաքին քաղաքականության տնտեսական ու ռազմական բաղադրիչների դիվերսիֆիկացիայի հաջողված փորձ, մեր երկրի առջեւ բացված լայն հնարավորությունների մի մեծ պատուհան: ՉԺՀ-ի հետ համագործակցությունը համարյա բոլոր բնագավառներում մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Ուշադրության է արժանի մասնավորապես Չինաստանի՝ Հայաստանին տրվող արտոնյալ վարկի մասին համաձայնագիրը: Ի դեպ, նախկինում էլ Չինաստանի հետ նման պայմանագրեր եղել են, որոնց շնորհիվ Հայաստանն ստացել է արտոնյալ վարկեր ու դրամաշնորհներ: Մինչդեռ այժմ խոշոր ֆինանսական միջոցներ են ներգրավվելու մեր երկրում որոշակի տնտեսական աշխուժություն ապահովելու ակնկալությամբ: Մասնավորապես՝ նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը:
Հիշարժան է, որ Չինաստանն այժմ էլ առաջ է քաշում մետաքսի ճանապարհի իրական ուղին գործարկելու գաղափարը, որն անցնելու է Հայաստանով: Նախկինում այդ ճանապարհը Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերով շրջանցում էր Հայաստանը, ինչի հետեւանքով մեր երկիրը դուրս էր մնացել տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերից: Ի դեպ, նշենք, որ հայերը դեռ երկրորդ դարից սկսած եղել են դեպի Չինաստան մետաքս արտահանող առաջին վաճառականները:
Չինաստանը ներկայումս աշխարհի երրորդ երկիրն է սպառազինություն արտահանող երկրների շարքում` ԱՄՆ-ից և Ռուսաստանից հետո: Այսօր Չինաստանն ունի Հայաստանին անհրաժեշտ այնպիսի զինատեսակների առաջարկ, ինչպիսիք են` ականանետները, նռնականետները, հրանոթները, զրահամեքենաները, տանկերն ու կործանիչները, հակաօդային ու հակատանկային պաշտպանության միջոցները և այլն:
Արդեն 2011-2014 թվականներին արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի տվյալներով՝ չինական տնտեսությունն աճել է 24%-ով, իսկ ամերիկյանը` ընդամենը 7,6%-ով, եւ եթե ընթացիկ տարում Չինաստանի ՀՆԱ-ն ավելանալու է 7,5%-ով, ապա ԱՄՆ-ինն ընդամենը 2,8%-ով, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունում տիրող անորոշության պայմաններում Չինաստանի տնտեսությունը 2014թ.-ի վերջին որոշակի անկում էր ապրել:
Համաշխարհային բանկի միջազգային ծրագրի զեկույցի տվյալների հիման վրա արդեն այս տարի ԱՄՆ-ը կարող է աշխարհի խոշորագույն տնտեսության կարգավիճակը զիջել Չինաստանին: ՉԺՀ-ի ղեկավարների պնդմամբ՝ այդ երկրի տնտեսությունն այժմ թևակոխել է զարգացման նոր փուլ, որն օգտակար է լինելու աշխարհի բոլոր երկրների համար: Նրանց փոխանցմամբ՝ մինչև 2020թ. Չինաստանը մտադիր է արտերկրում ներդնել ավելի քան 500 մլրդ դոլար և ներկրել 10 տրիլիոն դոլարի ապրանք, իսկ չինացի զբոսաշրջիկներն այդ ժամանակամիջոցում ավելի քան 500 մլն այց կկատարեն արտասահման: Չինաստանի զարգացման ու բարեփոխումների հարցերով պետական կոմիտեի կանխատեսմամբ՝ այլ երկրների տնտեսություններում Չինաստանի ուղիղ ոչ ֆինանսական ներդրումների ծավալը ընթացիկ տարում կաճի 10%-ով` հասնելով մինչև 113 մլրդ դոլարի:
Ակնհայտ է, որ վերջին մի քանի տասնամյակում ԱՄՆ-ը առաջին անգամ սկսել է կորցնել աշխարհի խոշորագույն տնտեսական գերտերության կարգավիճակը, երբ դեռ 14 տարի առաջ երեք անգամ ավելի շատ էր արտադրում, քան Չինաստանը:
Չինաստանն այսօր ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներից է: Էականորեն աճել է Չինաստանի արտադրության որակը, իսկ արտադրանքն իրականում կարող է մրցակցել հայտնի բրենդների անվան տակ այդ երկրից արտահանվող ապրանքների հետ:
Երկրում ստեղծված են տնտեսական գոտիներ, որոնք գործում են արտոնյալ ռեժիմով. բացի հարկային արտոնություններից, այստեղ կիրառում են նաև այնպիսի ոչ հարկային արտոնություններ, ինչպիսիք են հողի, ջրի, հոսանքի, գազի օգտագործման դիմաց կատարվող և վարձակալական վճարներից ազատումը, ներմուծման արտոնագրերի չկիրառումը և այլն:
Օտարերկրյա մասնակցություն ունեցող ընկերությունները նվազագույնը երկու տարով ազատված են շահութահարկից, իսկ հաջորդ երեք տարիների ընթացքում այդ հարկը վճարում են 50%-ի չափով: Ազատականացման հենց այսպիսի նախադրյալները և երկրում առկա էժան աշխատուժը զարկ են տվել Չինաստանի տնտեսության զարգացմանը:
Այսպիսով՝ մեր երկրի համար Չինաստանի բարգավաճման պատմությունը լավ օրինակ է` հաշվի առնելով իհարկե մեր տնտեսության առանձնահատկությունները:
Համլետ ԶԱՔԱՐՅԱՆ
ՌԴ հումանիտար գիտությունների
ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր,
լրագրողների միջազգային միության անդամ