Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՊԱՀԱՆՋ



Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյաններում ամբարված են մեր ժողովրդի՝ հազարամյակներով կուտակված իմաստնությունը և մշակութային արժեքները: Ձեռագիր մատյանները եղել են հայ ազգին պատուհասած ծանր փորձությունների ականատեսն ու վերապրողը: Հնագույն մատյանների ինչպիսի՞ կորուստ ենք կրել ցեղասպանության հետևանքով: Ի՞նչ ճանապարհով է հնարավոր վերադարձնել աշխարհի տարբեր անկյուններում հանգրվանած մեր ազգային գանձերը: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է տալիս Մատենադարանի մայր ցուցակի և ձեռագրագիտության բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

-Պարոն Տեր-Վարդանյան, կա՞ն մոտավոր տվյալներ, թե որքան ձեռագիր մատյան է կորել կամ ոչնչացել Հայոց ցեղասպանության ժամանակ: Հիշատակվում է մի ահռելի թիվ՝ 30.000-ից ավելի…

-Հայկական ձեռագիր մատյանների կորուստները շատ են՝ թե՛ բնական, թե՛ անբնական ճանապարհով: Բնականն այն է, որ երկար օգտագործվելուց գիրքը հնացել-մաշվել է: Ժողովուրդը նույնիսկ կատարել է ձեռագիր մատյանների թաղում՝ այն կարգով, ինչ մարդկանց դեպքում: Իսկ անբնական ճանապարհը քոչվոր ցեղերի արշավանքներն ու ավարառություններն են: Այս մասին մեզ հայտնում է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը. նա գրում է, որ 1170թ.-ին սելջուկները գրավել են Բաղաբերդը, այրել և ցիրուցան են արել 10.000 ձեռագիր հատոր: Հեշտ չէ արտաբերել այս թիվը, որովհետև Մատենադարանում այժմ կա 11.278 ձեռագիր: Հետեւաբար, խոսքը մի ամբողջ մատենադարանի մասին է: Խնդիրը բերելով նոր ժամանակներին՝ նշեմ, որ հայկական ձեռագիր մատյանների ամենամեծ կորուստը եղել է 1890-ական թթ. համիդյան ջարդերի և 1915թ.-ի ցեղասպանության ընթացքում: Մամուլում կամ գրականության մեջ բազում փաստեր վկայում են, որ դեռևս 1915թ.-ից առաջ ճշգրիտ հաշվարկներով 9.000 ձեռագիր մատյանների ճակատագիրն անհայտ է: Դրանից բացի, հայտնի է, որ ամեն մի քահանա, հոգևորական ձեռքի տակ պետք է ունենար 10-15 գիրք՝ Ժամագիրք, Սաղմոսարան, Շարակնոց, Հայսմավուրք, Մաշտոց… Տրամաբանորեն հաջորդ փաստն այն է, որ Արևմտյան Հայաստանի ամենափոքր բնակավայրում գո՛նե մեկ քահանա պետք է լիներ, կային եկեղեցիներ: Եվ նրանց ունեցած գրքերը պետք է լինեին ձեռագիր: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ կարող ենք ասել, որ վերը նշված 9.000 ձեռագրերը շատ փոքր մասն են միայն: Արևմտյան Հայաստանում գտնվող ձեռագրերի մեծ մասը դեռ չէին հասցրել նկարագրել, ինչը երկարատև ու բարդ աշխատանք է: Հետևաբար, ենթադրելի է, որ եղել է ավելի քան 30.000 ձեռագրի կորուստ: Դա մոտավորապես հավասար է այսօր ամբողջ աշխարհում պահվող հայկական ձեռագրերին, որոնց թիվը մոտ 31.000 է:

-1915թ.-ի ցեղասպանությունից հետո կոտորածներ եղան նաև Շուշիում և հայաբնակ այլ վայրերում: Ի՞նչ է հայտնի այդ պատմական վայրերի հայկական ձեռագրերի մասին:

-Այո՛: Նշեմ միայն մեկ օրինակ: Շուշեցի Առաքել Բահաթրյանի մոտ կար 80 հնագույն ձեռագիր: Իսկ եկեղեցիների ձեռագրերի քանակն ահռելի էր: Բոլորն էլ անդառնալի կորսվեցին: Նույնը եղավ նաև Ագուլիսում:

-Հայկական ձեռագիր մատյանները մեր ժողովրդի հետ սփռվել են աշխարհով մեկ, սակայն ցեղասպանությունը վերապրածների ժառանգները այսօր էլ մեր գանձերը վերադարձնում են Մատենադարանին: Քանի՞ մատյան է հայրենադարձվել վերջին տարիներին:

-Դժվար է հաշիվ կատարելը: 1960-80-ական թթ. կարելի է համարել Մատենադարանի հավաքածուների աշխարհատարած համալրման տարիներ: Այդ ժամանակ Սփյուռք դարձած հայության առաջին սերնդի ներկայացուցիչները մոտենում էին իրենց կյանքի մայրամուտին: Եվ տեսնելով, որ իրենց ժառանգները՝ հատկապես թոռները, արդեն հեռացած, կտրված են հայկական իրականությունից, նրանք Եղեռնից փրկված իրենց համայնքային մասունքները նվիրում էին Հայաստանի հաստատություններին՝ մի մասը Մատենադարանին, մյուսն էլ՝ Մայր Աթոռի նորակառույց Մատենադարանին: Այդ տարիներին մեր ձեռագրերի համալրման տարեկան պատկերը շատ խոսուն թիվ էր՝ 100-150 միավոր: Նույնը երևի տեղի էր ունենում Էջմիածնում: Հենց այս ժամանակաշրջանում մեր ամենախոշոր նվիրատվությունը մենք ստացանք նյույորքաբնակ Հարություն Հազարյանից՝ ծագումով կեսարացի, մորթու առևտրական, որ մեզ հանձնեց 390 ձեռագիր՝ մեծ մասը արաբատառ, մյուսները՝ հայերեն: Նրանք բոլորն էլ բերվել էին Արևմտյան Հայաստանից: Այդ ձեռագրերից մեկը 1643թ.-ի Կանոնագիրքն է, որը պատկանել է Սեբաստիայի Ս. Նշան վանքին և ներկայացված է մշտական ցուցադրության: Մեկ այլ հայորդի՝ ծագումով երզնկացի Հարություն Քյուրդյանը (1901-1978 թթ.), հավաքել էր 300 հայերեն ձեռագիր եւ իր կյանքի վերջին կտակել էր Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը: Նրանք ևս ցեղասպանությունից փրկված ձեռագրեր են: Այդ ձեռագրերի նկարագրությամբ անձամբ ես եմ զբաղվել և կարող եմ ասել, որ հայտնի է, թե նրանցից յուրաքանչյուրը որ վանքին է պատկանել:

-Պարոն Տեր-Վարդանյան, իսկ ի՞նչ աշխարհագրություն են ընդգրկում փրկված ձեռագրերը:

-Մեծ եղեռնից փրկված ձեռագրերի աշխարհագրությունը նույնանում է այն բնակավայրերի հետ, որտեղ ապրել է հայ մարդը՝ լինի պատմական Հայաստանում, թե գաղթօջախներում:

Ձեր հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ չեք բացառում թուրքական թանգարաններում հայկական ձեռագրերի գոյությունը: Մատենադարանը երբևէ փորձե՞լ է դիմել թուրքական թանգարաններին՝ դրանք վերադարձնելու համար:

-Մենք դա կարող ենք փորձել, եթե լինեն միջպետական հարաբերություններ, այլապես բացասական պատասխան կստանանք: Եթե թուրքերն այնքան ցինիկ են, որ հայտարարում են, թե իրենց արխիվները բաց են, իսկ հայերինը՝ ոչ, ապա շատ հանգիստ կարող են ուրանալ, որ իրենց մոտ հայկական ձեռագրեր կան: Մինչդեռ մենք ճշգրիտ փաստեր ունենք, որ այդ ձեռագիր մատյանները ոչ թե ոչնչացվել են, այլ տարվել են անհայտ ուղղությամբ: Այս մասին ականատեսները հիշատակություններ են թողել: Նրանցից մեկը գրում է, որ 1895թ. Վան-Վասպուրականի աղետի ժամանակ թուրքերը գտել են ձեռագրերի թաքստոցները, բարձել են մեքենաներն ու տարել: Իսկ թե ու՞ր՝ հայտնի չէ: Մեկ փաստ ևս. Անկարայում ունեինք Ս. Աստվածածին կամ Կարմիր առաջնորդանիստ վանքը, որն այն ժամանակ գտնվում էր քաղաքից դուրս: Այստեղ կար 250 ձեռագիր, որից 50-ը այժմ գտնվում է Թուրքիայի ՆԳՆ արխիվում: Այս մասին վկայել է մի օտարազգի ականատես: Եվ ես կարծում եմ, որ այդ գանձերը վերադարձնելու ուղղությամբ պետք է աշխատեն հայ մարդիկ, որոնք տիրապետում են միջազգային իրավունքին: Նրանք պետք է ընկնեն ճիշտ հետքի վրա եւ միջազգային դատական ատյանների միջոցով փորձեն լուծել խնդիրը: Մշակութային արժեքների վերադարձը փոխհատուցման ամենակարևոր պահանջն է:

-Թերևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բռնի իսլամացած հայերի շրջանում ևս պահվում են հնագույն հայկական ձեռագրեր: Ծրագիր կա՞ նրանց հետ աշխատանքներ տանելու և այդ արժեքները վերադարձնելու:

-Նման գործընթացի սկիզբը դարձյալ պետք է լինի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այստեղ զգալի դեր կարող է ունենալ Պոլսո Հայոց Պատրիարքությունը: Եվ եթե Թուրքիայի հետ հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, մեր ձեռագրերի փնտրտուքին ուղղված աշխատանքները անշուշտ պատրիարքարանի օժանդակությամբ պետք է կատարվեն:

-Պատմությունը վկայում է, որ թշնամական հարձակումների ժամանակ, ինչպես նաև 1915թ.-ին, ժողովուրդը փրկել է իր համար ամենաթանկ բանը՝ Գիրքը: Ինչպե՞ս են այս փաստին արձագանքում օտարները:

-Մեր օտարազգի գործընկերները մեծամասամբ հիացմունք են արտահայտում այս առիթով: Մենք էլ պետք է նույնն անենք, քանի որ մեր նախնիները, անգամ իրենց երեխաներին թողնելով, վերցրել ու փրկել են գրքերը: Գիրքն էլ փրկել է հայ մարդուն: Մի հայտնի պատմություն կա սվինահար «Մաշտոցի» մասին. 1909թ. թուրք զինվորները սվինով խոցում են այնթապցի քահանային, բայց չեն կարողանում սպանել: Քահանայի ծոցագրպանում եղած «Մաշտոցը» փրկում է նրա կյանքը:

Զրուցեց Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


04/06/2015