Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1

Խորհրդային տարիներին, երբ դեռ դպրոցական համազգեստ էի կրում, սիրում էի երեկոները նստել մեր տան առմուտքին ու երազել։ Անփորձ երևակայությանս տեսադարանում հսկայական էկրանի վրա մեկը մյուսի ետևից իրար էին հաջորդում անանուն-այլազան պատկերներ, տարաբնույթ կերպարանքներ, որոնք շատ ավելի գալիքին էին պատկանում, քան թե ներկային. այն ժամանակ ես դեռ անցյալ չունեի։ Մեկ էլ, չգիտես որտեղից, իմ պատանեկան ցնորքներում հայտնվում էր «Վերջին նորությունների» հաղորդավարուհու սիրունիկ գլուխը և սկսում էր դամբանականի ոճով ներկայացնել աշխարհի անց ու դարձը։ Բարեհոգի հայրս հաճախ ինձ իր գիրկն էր առնում հենց այն ժամին, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին երեկոյան լուրերի միջազգային տեսաշարը, և քանի որ Երկիր մոլորակի վրա պատերազմները շատացել էին, ուստի և թեժ կետերի մասին պատմող տագնապալի տեղեկագրերի տպավորության տակ էլ պառկում էի քնելու։ Այնժամ, քնած թե արթմնի, ինչի մասին էլ երազեի, ի վերջո՝ ռազմական ամփոփագրի տեսք էր ստանում։ Եվ տեսնում էի, թե ինչպես «ռազմաճակատի գիծ» կոչվածը (իմ պատկերացմամբ՝ կարմիր կամ սև), որ վաղուց արդեն անհանգիստ մտածումներիս առանցքն էր կազմում, առասպելական վիշապ օձի պես Հնդկաչին թերակղզուց գալարվում-ձգվում էր մեր տան շեմով և մինչևիսկ մի պահ զարհուրելի ներշնչումով ներբաններիս տակ սկսում էի զգայել վիշապի խլսալը, այնպես, որ ոտքերս սարսուռով պոկում էի գետնից՝ ինքս ինձ բռնացնելով վախի հիվանդագին վիճակում։ Ու հիմա «հրեշն» իսկապես էլ սողում է իմ երկրի տարածքով։

2

…Երբ բուժգումակի մեքենայով, որպես զինվորական թղթակից, մեկնեցի ղարաբաղյան հակամարտության գոտի, տեղ հասնելուն պես այն համոզումն ունեցա, որ թեպետ բնությունից օժտված եմ վառ երևակայությամբ, այդուհանդերձ պատերազմի մասին պատկերացումներս շատ դեպքերում շարունակում էին անիրական մնալ, մինչև որ ոտք դրեցի ռազմաճակատի հարավարևելյան հատվածի հարավային ուղղության դիրքեր, որտեղ ապրիլյան թեժ կռիվներին հաջորդած զինադադարից հետո պաշտպանության բանակի անձնակազմը ձեռնամուխ էր եղել ինժեներական-ամրաշինական աշխատանքներին՝ նվաճվածը անառիկ դարձնելուն։ Եվ տիրապետողն այն տարտամ զգացողությունն էր, թե կրակի դադարեցման հետ վրա էր հասել ոչ միայն խաղաղ գոյակցության (թեկուզև անորոշ) մի ժամանակաշրջան, այլև ռազմաճակատի բոլոր ուղղություններով տարածվել էր ըմբոստ մելամաղձության մի ոգի, և զինվորները վերածվել էին խոնջած ասպետների, որոնց համար անցել էին ռազմարշավների հերոսական ժամանակները։ Մի բան միայն պարզ էր ու որոշ. նրանցից յուրաքանչյուրի հայացքում սևեռում կար, որ հարյուրավոր անավարտ կյանքերի խտացումն էր. «Խաղաղությունը երբեք չենք ընդունի իբրև ընծա…»։

Քյանդհորադիսում հատուկ հանձնարարականով ներկայացա հետախուզական գումարտակի հրամանատարին, որի վերից վար Անգեղ տան հատկանիշներով կառուցվածքն ու կերպարանքը ինձ վրա սկզբից ևեթ կարկամեցնող տպավորություն թողեցին… Գլխավոր հետախույզի կարգադրությամբ ուղեկցող նշանակեցին ոմն Սողոմոնի, որի հետ ուղևորվելու էի առաջավոր գիծ, և որին ո՛չ ավել, ո՛չ պակաս Գեներալ էին կոչում։

Գեներալի հետ իմ ծանոթությունը կայացավ դաշտային ճաշարանում, որը կրով սպիտակեցված միհարկանի քարաշեն կառույց էր՝ նման կայարանամերձ հեռագրատներին, դեպի ուր ինձ առաջնորդեց ժամապահը։ Ճաշի ժամը վաղուց անցել էր։ Ուղեկցող զինվորականը դատարկ սրահում սեղանի շուրջ մենակ մի ամբողջ գարեհացով շչի էր ուտում։ Եվ մինչ ժամապահը կզեկուցեր նրան իմ մասին, հեռվից հասցրի հարևանցիորեն տնտղել մեղմաբարո արտաքինով երիտասարդին։ Աջ կիսադեմը՝ քունքից մինչև բերանի անկյունը, շեղակի երիզում էր սպիացած վերքի կարմրավուն կեղը, ինչն անբնական խստություն էր հաղորդում նրա անխռով, համաչափ դիմագծերին։ Բարևող-բարի աչքեր ուներ՝ մի-մի ածխափայլ խորհուրդ, որոնցում միահյուսվել էին թախծոտ խոհականությունն ու ազնվական պայծառությունը, որ հիմք էր տալիս ենթադրելու, թե այս նիհարավուն կազմվածքով երիտասարդի կրծքի տակ զգայուն սիրտ է զետեղված։ Գոնե այդպես էր թվում։ Հագին՝ գոտկատեղից վերև, դաշտային բամբակաբաճկոնի վրա բացակայում էր զինվորական որևէ տարբերանշան, այնինչ տաբատը գեներալական էր՝ կարմիր եզրաշերտով, ինչից նրա տեսքը երես առած ախոռապանի էր հիշեցնում։

Ազատ արձակելով ժամապահին՝ կեսգեներալը ևս մի բաժին կաղամբապուր ապսպրեց և ձեռքի կանչող շարժումով հրավիրեց սեղան նստել։ Պատվիրված ճաշն ինձ համար էր, որը ես մեծ ախորժակով կերա, քանի որ երկար ու ձիգ ճանապարհի հյուծող դադարները ներսումս կրկնապատկել էին կենսական բոլոր պահանջներս։

– Հը՛, ո՞նց որ մեր ճաշը հավանեցի՞ր, ժուռնալի՛ստ։

Նա խոսում էր բռնազբոսիկ։

– Կուտվի,- կարճ կապեցի՝ ցույց տալով, թե նրա իմացածներից չեմ։

– Ծանոթանանք՝ Սողոմո՛ն, Սողոմո՛ն Սողոմո՛նի Սողոմոնյա՛ն, պապիս անունն էլ Սողոմո՛ն էր, պապիս պապի՛նն էլ,- ասաց բացառիկության գիտակցումով։

– Ռաֆայե՛լ,- ներկայացա ես էլ։

– Ռաֆայե՜լ, ռենեսա՜նս,- ծոր տվեց հեգնական։- Քաղաքի՞ց ես։

– Հա՛, քաղաքից, դեռ մի բան էլ ավելի,- պատասխանեցի պաշտոնական՝ կարևորելով իմ որտեղից լինելը։

– Մի տես, է՜, Հանրապետության հրապարա՜կ, Մատենադարա՜ն…։- Գեներալի հումորը տանելի էր, եթե չասեմ՝ դուրեկան։ «Նրա հետ չես ձանձրանա»,- մտածեցի։- Եվ, իհարկե, Երևանի պետական համալսարանից՝ գերազանց առաջադիմությամբ։

– Ճի՛շտ այդպես, այդպես է, որ կա, ի՞նչ է որ…

– Ես էլ համալսարանի Լենինյան վերջին թոշակառուն եմ,- փաստեց ի հակակշիռ,- պատմականի պատվո պատին նկարս չե՞ս տեսել։

– Չե՛մ տեսել,- ասացի, ինչպես «նոր հայը»՝ խորշելով «լենինյան» բառից։

– Բա ինչո՞ւ ես ուշացել,- հարցրեց հանկարծ։- Կռիվը պրծել է, ախպերս, էլ ինչի՞ մասին ես գրելու։

Երբեք ինձ այսաստիճան նվաստացած չէի զգացել։ Ուզեցի հեռանալ, չքվել. գրողի ծոցը՝ գործուղումն էլ, նա էլ, բայց Սողոմոնը, հավանաբար կռահելով հոռի մտադրությունս, հաշտարար ձայնով զսպեց ինձ.

– Դե լա՜վ, մի նեղանա, ժուռնալի՛ստ. հենց գիտեք՝ ձեր ասածն է ու վերջ։ Քեզնից առաջ էլ եկել էին, բոլորն էլ՝ քաղաքից, մեկը նույնիսկ հարցրեց, թե՝ չե՞ք վախենում, որ ձեզ կարող են սպանել։ Չեմ սիրում էդ գրագետներին, գոնե լեզուներն իրենց քաշեին, իսկ դու, ոչինչ, ոնց որ մեր մարդն ես երևում։

– Չլինի՞ թե Սողոմոն Իմաստունն ես, բոլորի մասին ամեն ինչ գիտես,- նկատեցի ոչ առանց նեղսրտության։

– Ձայնդ տաք տեղից է գալիս, բայց վիրավորվել գիտես, թե չէ հիմա մի կարգին վիրավորվել էլ չեն կարողանում։ Ախր, տեսնում եմ, որ նրանից իսկական հաշվետար կամ գրագիր դուրս կգա, իսկ նա գլուխը մտցրել է՝ ի՞նչ եք ասում, լրագրությունն իմ տարերքն է, ես կասեի (նա կասեր)՝ կոչումը։ Դրանից էլ մեկ-մեկ կատաղում եմ։

Սողոմոնի մի քիչ անփույթ, մի քիչ էլ ծաղրական պահվածքում տիրականություն կար, որը ոչ միայն մտածելու շնորհով օժտված մարդու, այլև կենաց և մահու կռիվներում իր կյանքն ու կենսակերպը ծանր ու թեթև արած այրմարդու գործնականությունից էր բխում։

– Հրամանատարն ասաց՝ հներից ես,- անցա պարտականություններիս կատարմանը։

– Հա՛, հի՜ն-հի՛ն, ոնց որ դու ես ասում՝ դեռ մի բան էլ ավելի,- կոտր չընկավ։

– Շարքայինից մինչև գեներա՞լ։

Նա կռահեց ակնարկիս իմաստը, ինչը, իհարկե, լամպասավոր շալվարին էր վերաբերում։

– Ձեռաց երևում է՝ մեր մարդն ես՝ քթածակով։ Քեզ հետ կարելի է մարդավարի խոսել։

Թվում էր՝ ցանկանում է դատարկել անձնական ապրումների կուտակած պաշարը, բայց և քաշվում, զգուշանում է առաջին տպավորության խաբուսիկությունից, չհասկացված լինելուց, մանավանդ երբ երկար ես դիմացել քո ներաշխարհը որևէ մեկին մուտքի տոմս տալու գայթակղությանը։

– Ես էլ եմ ուզում գեներալ դառնալ,- «փորձի փոխանակման» կոչ արեցի։

– Թե որ շա՜տ ես ուզում…,- խայծը կոկորդում մնաց։

– Շա՜տ-շա՛տ,- համառեցի։

– Տե՛ս, հա՛, չփոշմանես, ժուռնալիստ։

– Ոչ մի դեպքում… մտքովս էլ չի անցնի։

– Մեղքը քո վիզը։

Մեր ծանոթությունը, գնալով, զննողականից վերաճում էր մտերմականի…

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Հոգևոր-մշակութային


18/06/2015