Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐՁԿԱՆՈՒՀԻՆ ԵՎ ԳԵՆԵՐԱԼԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Աղջիկը՝ որպես վաղորդյան շաղից հասակ առած հասմիկ, սև գոգնոցով մետաքսե աշակերտական կիսաշրջազգեստի մեջ շորորալով, արագ վազում-անցնում էր գազոնի վրայով, ապա դառնալով խստաբարո ծնողին, որ մեքենայի առջևի նստատեղին բազմած՝ հայրաբար հորդորում էր դստերը դասերին չծուլանալ, չարաճճիություն քիչ անել, մանրիկ քրքջալով՝ տնազում էր հորը. «Հավսա՜ր, զգա՛ստ, թողնե՜լ, պատիվ ունեմ, ընկե՛ր գեներալ»,– պատվի էր առնում գեներալին։ Լինելով ստվերում՝ քիչ էր մնում հեկեկայի, ամաչելով ու սարսափելով նույնիսկ իմ առաջին սեռային դրսևորումից, նորահաս զգացմունքներիս բուռն զարթոնքից, որոնք արգասիքն էին հասունացման վաղ շրջանի։

Ճակատագրական տարիք, երբ խանդավառ խառնվածքի տեր պատանին հիվանդագին է վերաբերվում իր սիրային նախափորձ նկրտումներին, տառապալից բացահայտումներին, որոնց ես հասել էի անքուն գիշերներից հետո և ինձ դժբախտ էի զգում միայն այն պատճառով, քանի որ ունակ էի սիրել, սիրել կյանքից առավել, բայց դեռ վեհերոտ էր միտքս, ինչն էլ ստիպում էր վախենալ իմ սիրուց, որը հավակնում էր գուցե թե իսկապես էլ ԱՌԱՋԻՆՆ ու ՄԻԱԿԸ լինել։

Ես առաջին անգամ էի հանդիպում մի մարդու, որն իր մասին վիպական վսեմությամբ էր պատմում։ Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ իմ երկար ու ձիգ (և նույնիսկ «հաջողված») կյանքի ընթացքում էլ ոչ մի տեղ երբեւէ չեմ պատահելու այսպիսի արտասովոր եւ հազվագյուտ մի անձնավորության…

– Մեր դպրոցը հինգհարկանի շինություն էր, որի բոլոր հարկերը առավոտից մինչև դասերի ավարտը ողողված էին երես առած աղջկա դուրեկան քրքիջով, որ մարդու սիրտ էր տակնուվրա անում։ Նրա թափանցիկ, փխրուն մարմնում այնքան եռանդ կար, որ հերիքում էր բազում խենթավուն, անզուսպ ձեռնարկումների. մեկ տեսար աստիճանների ճաղաշարի վրայով տղայավարի սուրում էր ցած, մեկ էլ, մի խումբ կոկետուհիների գլուխ անցած, արագախոս ու ժրաջան պատմում էր այն հեռու և չնաշխարհիկ վայրերից, որտեղ եղել էր գեներալ հայրիկի ծառայության տարբեր ժամանակներում՝ շահելով համակիրների մի ամբողջ բանակի հիացմունքը։ Աղջիկը կարծես հեքիաթից հայտնի Հազարան հավքը լիներ, որ հրաշքով իջել էր մարդկանց մեջ և նոր աշխարհներ, նոր հորիզոններ էր բացահայտում զարմացական հայացքների ներքո և դեռ շարունակելու էր երկնային իր չուն՝ մեր երազներն ի կատար ածելու։ Թեև թռի-վռի էր, կամակոր, սակայն բավականաչափ ուշիմ էր, ընդունակ, և ի թիվս տարբեր լեզուների, որոնց քիչ թե շատ տիրապետել էր երկրեերկիր ճանապարհորդելու ընթացքում, սովորում էր նաև հայերեն խոսել։ «Բարյեվ ցեզ, ինչ սիռուն եմ, չյե՞»,– սեթևեթում էր հաճելիորեն՝ խոսելով թլոշ հայերենով, որը տղերքն էին սովորեցրել, որպեսզի այդկերպ գոռոզ գեղեցկուհու հոգու հետ խաղան՝ հատուցելով իրենց ապարդյուն սիրահետումների համար։ Նա մշտապես շրջապատված էր լինում երկրպագուներով, որոնց մեկ տաքացնում, մեկ էլ սառը ջուր էր լցնում գլխներին. «Отстань, придурок» կամ՝ «Յես ցեզ բոլոռդ սիռում եմ»,– գիտակցելով, որ ինքն է պատճառը ամեն ինչի։

Կարճ ժամանակ անց հաճախակի խախտելով սահմանը, որն առաջացել էր դպրոցի երկլեզու ուսուցման բաժանմունքներում սովորողներիս միջև արհեստականորեն մտցված կրթական ցենզի հետևանքով, և որը բաժանել էր մեզ «հակառակորդ թևերի»՝ իր քմայքների տիրապետությունը հաստատեց հայկական դասարանների աշակերտներիս շրջանում՝ տիրելով մեր հույզ ու զգացմունքներին։ Նրա ներկայությունն ամենուր ջերմությամբ, խինդ ու խանդով էր լցնում մեր հոգիները՝ ստիպում տառապել մի անիմանալի ներքին այրումից։ Նա գիտեր օգտվել իր գեղեցկությունից, իր շռայլ հոգու արժանիքներից՝ մանավանդ՝ գործի դնել իր փթթուն հմայքները, որոնց շնորհիվ հաջողում էր, առանց ճիգ ու ջանքի, շրջապատում համերաշխության անխարդախ մթնոլորտ պահպանել, այնպես, որ ոչ ոք իրենից հանկարծ չնեղանա։ Արտաքինն էլ նրա իսկ արտասովոր էության հայելին էր կարծես։ Հրաշալի, ոսկեգույն մազեր ուներ, որոնք մանրիկ կոհակների ծփանքով պարուրում էին նրբագեղ, սլացիկ իրանը։ Դեմքը սովորականից գունատ էր, բայց ոչ հիվանդագին, բարետես դիմագծերի նուրբ մաշկի տակ թափանցում էին կարմրավուն կապտերակները, որոնք զառ աչքերի լազուրից ակունք առնելով՝ սնում էին մանկականորեն կամակոր, հյութեղ շուրթերը…

Պատահում էր՝ երկար դասամիջոցին դպրոցի բուֆետում իսկական ճաշկերույթ էր սարքում ամբողջ տասը հոգու համար՝ մսխելով հոր՝ դստերը հատկացվող ամենօրյա «նպաստը»։ Տեսնել էր պետք, թե ինչպես, սեղանի գլուխ անցած, ուշադիր հոգատարությամբ հետևում էր, որ ոչ ոք պակասություն չքաշի, ինչն անում էր ոչ միայն իր արժանապատվության և բարձր դիրքի ապահովության երջանիկ գիտակցումով, այլև ոչ մի բանի հետ հաշվի չնստելու, ոչ մեկի առաջ հաշվետու չլինելու բարեբախտ անմտությամբ, որը հատկանշական է «տալով» գոհացում ստացող հոգիներին և կարծեմ թե նրանց միակ վարձատրությունն է իրենց արածի դիմաց։ «Ջենկույե, ջենկույե, мои дорогие, спасибо за чудесную компанию»,– մեծահոգաբար շնորհակալություն էր հայտնում հյուրասիրության հրավերն ընդունելու համար։

Սովորելով միևնույն դպրոցում՝ մենք երբեք երես երեսի չէինք հանդիպել՝ ես և նա։ Լինելով նրա կողքին, զգալով նրա շունչն ու բույրը՝ ինձ հաջողվում էր խույս տալ գեղեցկուհու ամենատես, խնամարկու մտերմությունից՝ գերադասելով մնալ անտեսված, քան թե տառապել ձախողակ սիրահարի համբավից, լինել նրանցից մեկը, ով կարծում է, թե աղջիկը սիրո նշաններ է ցույց տալիս, այնինչ իրականում ոչինչ էլ տեղի չի ունենում՝ չկասկածելով ամենևին, որ ինքն իր հիվանդագին թվացումների զոհն է դարձել՝ հայտնվելով ծիծաղելի վիճակում։ Ես սիրում էի գեներալի աղջկան, թեպետ գիտեի, համոզված էի, որ երբեք էլ չի բաժանի զգացմունքներս, դրա համար էլ ամաչում էի իմ անհույս սիրուց այն աստիճան, որ կվախենայի նույնիսկ նրա ձեռքը բռնել։ Եվ ամեն անգամ փախչելով նրանից՝ վերադառնում էի՝ կրկնակի նրանով գերված։

– Ինքդ քեզնից չես փախչի,– ասացի ոչ այնքան խելացի երևալու, որքան ինձ վրա թափվող դատողությունների ճնշող տպավորությունից մի պահ ուշքի գալու համար, մանավանդ որ ուշիուշով փորձում էի մտապահել դեպքերի հաջորդականությունը՝ չկորցնելու համար, այսպես կոչված, սյուժետային թելը։ Բայց նա ինձ չէր լսում՝ կլանված արտասովոր մի զգայնությամբ։

– Մի օր էլ մեր հայացքներն իրար առան, և ես առաջին անգամ նայեցի իմ սիրո աչքերին։ Մենք հանդիպեցինք դպրոցի գրադարանում, որը տեղավորված էր կիսանկուղային հարկում, որտեղ սիրում էի լինել դասերից հետո և թրևել գրապահոցի խոնավ-մգլահոտ լաբիրինթոսում։ Գրքերի աշխարհը այն միակ վայրն էր, որտեղ ինձ հաճելիորեն թեթևացած ու անհոգ էի զգում։ Թոթափելով աշխարհիկ կյանքի հրապույրներն ու խարդավանքները՝ մտովի տեղափոխվում էի դարակներին հանգչող դարերի խորքը՝ «Ոդիսական», «Սիդ», «Դոն Կիխոտ», «Մեդեա»…՝ վսեմաշուք ու մոգական, որոնցով առլեցուն էր հոգիս՝ ասես հեռակայում էի ուրիշ մի կյանքում։ Եվ ահա նմանատիպ մի «ճանապարհորդության» ժամանակ էլ տեսա գեներալի աղջկան։

Հայացքս թաքցնելով նրանից՝ ձևացրի, թե գրքերի զննությամբ եմ տարված, մինչդեռ նա ինքը, անձամբ մոտենալով, ձեռքը դրեց ուսիս։

– Ինչո՞ւ ես խուսափում ինձնից, դու ինձ ճանաչո՞ւմ ես, հա՞,– հարցրեց քնքշորեն, որից մարմինս ոտից գլուխ անսովոր ջերմով բռնվեց, կարծես նրա հոգու ջերմությունը հաղորդվեց ինձ, և քիչ մնաց խուճապահար փախչեի։– Շրջվի՛ր, շրջվի՛ր, խնդրում եմ, այլապես ես քո մասին վատ կմտածեմ։– Ես շարունակում էի մեջքով կանգնած մնալ, իսկ նա ավելի համառ էր դառնում։– Մարիա, Մարիա Դոմբրովսկա՝ կոկետուհի 8-ի գ-ից, ինձ բոլորն այդպես են կոչում,– ներկայացավ,– իսկ քե՞զ, ի՞նչ է քո անունը։

Շարունակելի

ԳԱԳԻԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ

Խորագիր՝ #27 (1096) 16.07.2015 – 22.07.2015, Հոգևոր-մշակութային


16/07/2015