ՄԵՐ ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Յոթանասուն տարի առաջ՝ 1941 թ.-ի ամռանը, հայ ժողովուրդը երկիր էր կառուցում, նորոգում էր իր քարուքանդ տունը, իր ավեր օջախը, դարմանում էր իր վիրավոր հողի վերքերը։ Ընդամենը քառորդ դար առաջ դարի մեծագույն ոճրագործության զոհն ու վկան՝ գաղթի ճամփաներով անցած, հայրենազրկված ու բռնադատված, փորձում էր բարձրանալ օրհասից, փորձում էր ապրել։ Երբեմնի պատմական հայրենիքից մի թզաչափ փրկել, բնավորվել ու երջանիկ ապագայի անմար հույսով՝ դիմանում էր ամեն զրկանքի ու փորձության, տքնաջան աշխատում, քարը քարին էր դնում, շենացնում էր իր բզկտված երկիրը։ Դարեր շարունակ անպաշտպան ու ոտնահար, ֆիզիկական վտանգի ու արյունոտ յաթաղանի մշտական սպառնալիքն աչքի առաջ՝ հայ ժողովուրդը հրաշքով փրկվել, թեեւ ավեր ու վիրավոր, բայց գոյատեւել ու վերջապես հասել էր խաղաղ հանգրվանի։ Գոյության իրավունքը Աստծո շնորհ էր համարել, ապրելու հնարավորությունը՝ մեծ բարեբախտություն, ու քանի որ շնորհալի էր ու տաղանդավոր, աշխատասեր էր ու արարող, մեջքը շուտով շտկել, ոտքի էր կանգնել՝ այլեւս չծնկելու վճռականությամբ ու հավատով։
…Պատերազմը պայթեց ինչպես մահաբեր կայծակը արեւոտ երկնքում՝ անպատեհ ու անակնկալ, դաժան ու չարաղետ։ Պատերազմի բոթն անցավ տնից տուն, սրտից սիրտ՝ ցավ ու արցունք, վիշտ ու սարսափ սփռելով ամենուր։ Ուսուցիչը դասն անավարտ թողեց, հնձվորի մանգաղը մնաց արտում, բանաստեղծի գրիչը չհասավ վերջակետի… Ժամանակը կանգ առավ։ Սուգ իջավ գյուղերի ու քաղաքների վրա, լռությունը ծանրացավ արճիճի պես, տները դատարկվեցին, ժպիտները քարացան։ Պատերազմի խորշակը դաժան հարկահավաքի պես մի քանի օրում տարավ իր բաժինը՝ երիտասարդ, կենսալի, ուժեղ, գեղեցիկ, երազանքներով լի։ Նորից (այս էլ քանիերորդ անգամ), հայ ժողովրդի ճանապարհին կանգնեց ստրկության ուրվականը, ազգի նվիրյալ զավակները իրենց կյանքը կենդանի վահան դարձրին ամենակործան արհավիրքի առաջ եւ հարազատ ժողովրդի ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի համար վճարեցին ամենածանր գինը։ Տղամարդիկ գնացին ճակատ, գնացին փակելու ստրկության ճանապարհը։ Պատերազմի ծանր շունչը համակեց երկիրը, սրբեց ծիծաղ ու ժպիտ, խինդ ու ուրախություն՝ դառնալով անլույս ու մշուշոտ ցերեկների, դավադիր ու մութ գիշերների տիրակալը։ Միանգամից փոխվեցին կյանքն ու կենցաղը, պատերազմը ջնջեց բոլոր երազանքներն ու իղձերը։ Ապրելը դարձավ գերխնդիր, գերնպատակ, երազանքների երազանքը։ Կանայք տղամարդկանց փոխարեն օջախի սյուն, ընտանիքի գլուխ դարձան, երեխաները մեկեն հասունացան։ Կանայք աշխատեցին ուժերի լարումով, չխնայելով իրենց։ Երեխաները հրաժեշտ տվեցին մանկությանը, զորավիգ եղան մայրերին։ Հոգսը ծանրացավ բոլորի ուսերին՝ չհարցնելով ծեր ու մանուկ, կին ու տղամարդ։ Այդպես միասին, միակամ ու անձնվեր ելան չարիքի դեմ։ Ճակատն՝ անառիկ, կռվի թիկունքն ամուր պահեցին։ Թիկունքում տքնանք էր, արարում, պատերազմի դաշտում՝ սխրանք ու ոգորում։ Թիկունքում ցավ էր ու արցունք, պատերազմի դաշտում արիություն ու հերոսացում։ Թիկունքում կամք էր ու հույս, պատերազմի դաշտում հավատ էր ու հաղթանակ։
Ընդամենը 70 տարի առաջ մենք այսպես ելանք ֆաշիզմի դեմ։ Մեր պապերն ու տատերը, մեր ծնողները այսպես փակեցին ֆաշիզմի ճանապարհը, որ պատերազմի ու ստրկության շունչը չհասնի հեռվում մնացած հայրենիքին, որ չվտանգվի հարազատ ժողովրդի ազատությունը, գալիք սերունդների արժանապատիվ ապագան։ Հայ ռազմիկները ֆաշիզմի դեմ պայքարի առաջամարտիկներից էին, նրանք Հայրենական պատերազմին տվեցին՝ ինչ կարող էին, կռվի բոցերում թողեցին իրենց երիտասարդությունը, երազանքները, կյանքը։ Հայերը, իրենց ժառանգական նկարագրին հավատարիմ, անօրինակ սխրանքներ գործեցին Հայրենական պատերազմում, փառքով պսակեցին հայ ժողովրդի անունը։ Փոքրիկ Հայաստանի կորուստները աննախադեպ էին։ Բայց հայերը առաջինն էին նաեւ դափնիներն ու փառքը կիսելիս։ Հաղթանակի հրճվանքը չէր կարող մեղմել հարազատ կորցրած հայի մորմոքը։ Մեր կորուստներն անհաշիվ էին, մեր ցավն անչափելի։ Շատերը մնացին անհայտության ճամփաներին՝ անհիշատակ ու անշիրմաքար։ Ու նրանց սգակիր հարազատները անգամ չկարողացան արցունք թափել զոհված հերոսների գերեզմանաթմբին։ Քանի՜ մայրեր հեռացան աչքը ճամփին՝ սպասելով իրենց անհետ կորած որդիների տունդարձին։ Շատերը թաղվեցին օտար հողում՝ սրբացնելով այն, դարձնելով հարազատ ու սիրելի։ Եղբայրական գերեզմանոցներում խառնվեց ֆաշիզմի դեմ պայքարի ելած ազգերի հերոս զավակների արյունը՝ միասնության ու եղբայրության պատգամ հղելով ապրողներին։
Շատերը կռվից դարձան հաշմված մարմնով ու կոտրված հոգով։ Շինելի դատարկ թեւքն ու ձեռնափայտի խուլ տկտկոցը նրանց տառապանքի լուռ վկաներն էին, պարտադիր, մշտաներկա։ Շատերից մնաց սեւ թուղթը, պատից կախված վերջին զինվորական լուսանկարը, վերջին նամակը՝ որպես սրբազան մասունք, որպես հիշատակ։ Քանի-քանի մայրեր սեւեր հագան, քանի-քանի կույսեր չհարսնացան, քանի-քանի երեխաներ չծնվեցին։ Ու եկավ հաղթանակը, անցավ տնից տուն, սրտից սիրտ, բաժանելով արցունք ու խինդ, բերկրանք ու վիշտ, հավատ ու անհուսություն։ Եկավ հաղթանակը՝ հույսի փարոս վառելով մեր մոլոր նավի առաջ, ձգելով հավատի խարիսխ։ Ու Ռայխստագի պատերի տակ քոչարի պարող հայ դյուցազունների խրոխտ դոփյունները Հայաստան հայրենիքի հավերժության խորհուրդը պարզեցին աշխարհին՝ հպարտորեն ու փառքով։
Սա մեր պատմությունն է։ Իմն ու քոնը, յուրաքանչյուր հայինը (աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի)։ Որովհետեւ իմ ու քո պապերը, ազգականները, մեզ ծնած ժողովուրդը այդ պատմությունը գրեցին արյամբ՝ սխրանքի ու հերոսության նոր էջեր ավելացնելով մեր մաքառումի, մեր պայքարի ու մեր հաղթանակի պատմությանը։ Սա մեր կենսագրությունն է, իմն ու քոնը, յուրաքանչյուր հայինը, ինչպես որ մերն է Վարդանանց սխրանքը, Սարդարապատի հերոսամարտն ու Արցախյան հաղթանակը։
Տարիներ են անցել։ Պատերազմը դարձել է պատմություն, հաղթանակը՝ տոն։ Տոն, որ ոգեկոչում է անցյալի սխրանքներն ու հիշողության գզրոցներից նվիրական մասունքի պես մեկիկ-մեկիկ հանում ցավի ու հպարտության, սիրո ու մտերմության, նվիրումի ու հերոսության պատառիկներ։ Նրանք, ովքեր այսօր դողդոջուն ծերունիներ են ու ճերմակահեր կանայք, երիտասարդ էին այն ժամանակ, սրիասիրտ ու աննկուն։ Հոգիներում՝ հազար երազ ու սեր, բռունցքներում՝ ուժ ու ավյուն, աչքերում՝ կյանք ու կրակ։ Բռնեք հուշի փեշից, հասեք ռազմադաշտ, վերծանեք նրանց սրտի ամենանվիրական անկյուններում պահվող հույզերը։ Այդ նրանք էին կրծքով փակում թշնամու ճանապարհը, նրանք էին հանուն վիրավոր ընկերոջ նետվում մահվան ամենակուլ բոցերի մեջ։ Այս խորշոմած տատիկները հազար մահ ու ցավ են տեսել։ Նրանք փխրուն էին ու նազելի, ուժեղ էին ու հաստատակամ։ Իրենց բարալիկ մատներով զենք էին բռնում, վիրակապում էին վիրավոր զինվորներին, պայքարում մահի դեմ։ Ու հաղթում էին։ Նրանց կուրծքը զարդարող յուրաքանչյուր մեդալ սխրանքի, հերոսության, ինքնանվիրումի վկայագիր է։ Նրանք իրավունք ունեն հպարտանալու, քանի որ ազնիվ ու բացճակատ են անցել փորձության ճանապարհը։ Կռվի բոցերում այրել են իրենց երիտասարդությունը՝ գալիք սերունդների համար ապահովելով անհոգ մանկություն ու խաղաղ երիտասարդություն, ինքնիշխան ու ազատ հայրենիք։ Նրանք կենդանի լեգենդ են, կենդանի պատմություն։
Մայիսի 9-ը՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի տարեդարձը, կրկին կհավաքի Մեծ հայրենականի մարտիկներին, կհիշեն, կպատմեն, կթախծեն, կկարոտեն, կհպարտանան։ Կլսեն երախտիքի ու մեծարանքի խոսքեր։ Մեկ անգամ եւս կհամոզվեն, որ իզուր չեն եղել բոլոր զոհողություններն ու զրկանքները, որ երախտապարտ սերունդների հիշողության մեջ երբեք չի խամրի Մեծ հաղթանակի փառքը։ Մեր սերը, երախտիքը կդառնան մի փունջ ծաղիկ ու կզարդարեն անմահների հիշատակը հավերժացնող հուշարձանները։ Մեր սերը, երախտիքը կդառնան հպարտություն ու կշտկեն նրանց կորացած մեջքը։ Նրանց դողդոջուն երթը շքերթ կդարձնեն։
…Քանի դար էլ անցնի, ինչ ջրեր էլ հոսեն, Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակի տոնը կզարդարի մեր հաղթաշատ մայիսը, կանմահանա մեր սխրանքների տարեգրության մեջ։ Սերունդներ կարիացնի, կդառնա մեր ուժը, քաջությունը, ինքնանվիրումը սնող ակունք՝ հայոց հաղթանակների անկասելի ու անվախճան ճանապարհին։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Մայոր