Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ



«Եթե կարող եմ երջանկացնել, ուրեմն հաջողակ մարդ եմ»

***
Մարմնամարզիկ, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն, ՀՀ բազմակի չեմպիոն ու մրցանակակիր:

* 2015 թվականի հուլիսի 7-ին Հարավային Կորեայի Գվանգչու քաղաքում կայացած 28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակների վրա վարժությունում 15.500 միավորով գրավեց առաջին տեղը և մեր երկրին պարգևեց առաջին ոսկե մեդալը: Արդեն որակավորման փուլում, տիտղոսակիր մրցակիցների հետ դժվարին պայքարում, առանձին գործիքների վրա վարժությունում մեր մարզիկը ցույց տվեց առաջին արդյունքը և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23-ամյա ուսանողը պարզապես գերազանցեց բոլոր սպասելիքները, կրկին ցուցադրեց լավագույն արդյունք ու նվաճեց « ՈՒնիվերսիադա – 2015 » – ի չեմպիոնի կոչումը` իրենից հետ թողնելով ուկրաինացի մարմնամարզիկներ Իգոր Ռատիվիլովին և Օլեգ Վերնիևին:

* « ՈՒնիվերսիադա – 2015 » – ում հետխորհրդային երկրներից ոսկե մեդալ են նվաճել Հայաստանի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Լիտվայի մարմնամարզիկները:

* Արթուրի շնորհիվ մեր երկիրը անկախությունից ի վեր համաշխարհային ուսանողական մարզական խաղերի պատմության մեջ նվաճեց երրորդ ոսկե մեդալը. առաջինը նվաճել է ծանրամարտիկ Աղասի Այվազյանը (2011թ. Չենժեն, Չինաստան), երկրորդը` սամբիստ Տիգրան Կարապետյանը ( 2013 թ. Կազան):

* Արթուր Թովմասյանը վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր հարգի մեդալներ է նվաճել միջազգային մի շարք մրցաշարերում, այդ թվում դարձել աշխարհի գավաթի փուլերից մեկի հաղթող:

* Հայ մարմնամարզիկի հաջողությունը ամենևին էլ պատահական չէ, քանզի դեռևս անցած տարի մեր մարզիկները աննախադեպ հաջողությունների հասան Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ժամանակ, երբ օղակների վրա վարժությունում Արթուր Թովմասյանը նվաճեց հաղթողի կոչումը:

***
«Արթուրից մեդալ ակնկալում էինք, ստացվեց ոսկե մեդալ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Մեր մարզիկի ցույց տված արդյունքը շատ բարձր է, ընդ որում՝ նա բավական առաջ անցավ Թուրքիան ներկայացնող մարզիկից, որը Բաքվում կայացած Առաջին եվրոպական մարզական խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել: Հայկական սպորտի համար սա մեծագույն նվաճում է, քանի որ Արթուրը չեմպիոնական տիտղոս նվաճեց մեր երկրի համար ոչ հենակետային համարվող մարզաձևում»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի
փոխնախագահ, «ՈՒնիվերսիադա – 2015 » – ում
ՀՀ պատվիրակության ղեկավար

***
Ինչ խոսք, Արթուր Թովմասյանի նվաճած ոսկե մեդալը մեր նորանկախ հանրապետության մարզական պատմության մեջ աննախադեպ է: 2014 թվականին էլ Քաթարում Հարություն Մերդինյանի, Արթուր Թովմասյանի, Արթուր Դավթյանի ոսկե ու Վահագն Դավթյանի` արծաթե մեդալները մեծ նշանակություն ունեցան հայկական մարմնամարզության համար մասնավորապես, հայկական սպորտի համար՝ ընդհանրապես: Սրանք լուրջ նվաճումներ են: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ մարմնամարզությունը Հայաստանում վերելք է ապրում: Վերելք է ապրում ու զարգանում մեր տաղանդաշատ մարզիկների, մարզիչների ու սպորտի կազմակերպիչների շնորհիվ: Կեցցե՛ն մեր տղաներն ու նրանց մարզիչները:

ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն

***
Արթուրը կրկնեց ու զարգացրեց իր ու իր թիմակիցների քաթարյան հաջողությունը: Ներկայիս մարզադպրոցներում տիրող մարզական գույքի քաղցի պայմաններում այսպիսի բարձր նվաճումները խոսում են մեր մարզիկների ու նրանց մարզիչների անսահման աշխատասիրության, նվիրվածության ու տաղանդի մասին: Հայ մարմնամարզիկների ձեռքբերումները մոտ ապագայում եւս իրենց սպասեցնել չեն տա:

ԳԱՌՆԻԿ ՍԱՐՈՅԱՆ
ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի
գլխավոր քարտուղար

Պատրաստեց
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1102) 27.08.2015 – 2.09.2015, Մարզաշխարհ


27/08/2015