ԱՄԱՆՈՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
1993-ի Ամանորը եղբորս՝ Ռոլանդ Քելեշյանի հետ դիմավորեցինք Լաչինում։ Մտքով մայրիկի հետ էինք՝ ո՞նց դիմավորեց, տանը վառելիք կա՞, հո չի՞ մրսում,- վերհիշում է Ռոմիկ Մխիթարյանը։ -Մայրիկի բնավորությունը գիտեինք՝ երբեք չէր բողոքում, երբեք չէր փորձում իր զավակներին ինչ-որ «չնչին հոգս պատճառել», որովհետեւ հպարտանում էր, որ իր զավակները լծված են Արցախի ազատագրման գործին։ (Պիտի ասեմ, որ մայրս միշտ մեզ հիշեցնում էր մեր ազգակցական կապը Զորավար Անդրանիկի հետ)։ Հոգով խաղաղվում էինք, երբ տղաները, որոնք գալիս էին Երեւանից, մեզ հանդիպելիս փոխանցում էին մայրիկի ջերմ բարեւներն ու ոգեւորող խոսքերը։ «Ամեն ինչ լավ է թիկունքում, միայն դուք ձեզ նայեք, պահպանեք, ողջ, առողջ տուն դարձեք»,- Ամանորի նախօրեին ռազմադաշտ եկողները մեզ էին փոխանցում մայրիկի խոսքերը։ Ամանորն անցավ, ու միայն փետրվարին վերադարձանք Երեւան… Երբ տուն հասա, դուռը չբախեցի։ Գիտեի, որ մայրս երբեք դուռը չի փակում։ Ցուրտ էր, մութ։ Տուն մտա ու տեսա մայրիկիս՝ փոքրիկ, կուչ եկած. իմ քնքուշ մայրիկը տան վերջին փայտի կտորը, վերջին հողաթափն ու կոշիկն էր դրել վառարանի կողքին, ինքը նստել էր՝ հայացքը դռանը։ Երբ տեսավ ինձ ու Ռոլանդին՝ մի երջանիկ «ա՜խ» քաշեց ու երանությամբ եկավ մեզ ընդառաջ։ Ասելու չէ, թե մայրս ինչքան էր փոքրացել, կուչ եկել։ Մեր բացակայության ժամանակ հազար ու մի նեղություն էր կրել, սակայն ոչ մեկի չէր դիմել։ Փաթաթվեցի մայրիկիս ու անզուսպ լաց եղա…
-Մա՛մ, դու էսպե՞ս ես դիմավորել Ամանորը, երբ մենք կռվում էինք, երբ մենք սահմանում էինք։
Իսկ մայրս պատասխանեց.
-Որդի՛ս, հաղթական օրեր են, հաղթանակները հենց այնպես չեն տրվում։ Այս ցուրտ ու մութ օրերը կանցնեն, պատմությունը կհիշի, կպահպանի մեր հաղթանակը…
Այսպես ապրեց իր կյանքը իմ Լենա մայրը։ Ապրեց արժանապատիվ, ապրեց խոհեմաբար՝ հասկանալով, թե ինչի համար է իր կրած տառապանքն, ու… ինչ խորհուրդ ունի Ամանորը միայնակ դիմավորելը…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր