ՀԵՐԻԿՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ԴՊՐՈՑ
Մոշաթաղի գյուղական համայնքը կազմված է Մոշաթաղ, Բերդիկ և Հերիկ գյուղերից: Հերիկը գտնվում է Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի ձախակողմյան բարձրադիր գեղատեսիլ ձորակում: Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ընթացքում Հերիկն էլ վերաբնակեցվեց, ուներ դպրոց, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով գյուղը գրեթե դատարկվեց, փակվեց դպրոցը: Արդեն երրորդ տարին է, ինչ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետևողական ջանքերի շնորհիվ Հերիկը վերստին բնակեցվեց, էլեկտրաֆիկացվեց, և վերաբացվեց դպրոցը, որն այժմ ունի 17 աշակերտ՝ 5 համակարգ-դասարանով, 8 ուսուցիչ: Դպրոցը գործում է հարմարեցված փոքր շենքում: Ուսուցիչներն ու ծնողները դժգոհ են կրթօջախի պայմաններից:
Այս ուստարվա առաջին օրը շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանի և Ստեփան Սարգսյանի հետ ներկա եղանք Հերիկի դպրոցի աշակերտների հանդեսին: Տխուր ու անշուք դպրոցի բակում աշակերտներն ու նախադպրոցական երեխաները գունավոր փուչիկներով, ոտանավորներով, երգով դիմավորեցին ուսումնական տարին:
Դպրոցի տնօրեն Սամվել Պագալմյանը, շնորհավորելով Գիտելիքի օրվա և առաջին զանգի առթիվ, կարևորեց դպրոցի դերը Հերիկի կայացման գործում՝ նշելով, որ այս փոքրիկներին է պատկանում գյուղը, ուստի նրանք նույնպես պետք է հարմարավետ ու լուսավոր դպրոցում սովորեն: Նշեց նաև, որ դպրոցը գրեթե ապահովված է մասնագետներով: Տեղեկացրեց, որ եկող տարի ևս 4 առաջին դասարանցի կունենան, իսկ այս ուստարում դպրոցը կտա մեկ շրջանավարտ՝ Բակունց Ավագը:
Ներկաներին ողջունեց ու շնորհավորեց «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը եւ նշեց, որ Հերիկ գյուղի երեխաները արժանի են կրթություն ստանալու գեղեցիկ ու լուսավոր դպրոցում: Նա հավելեց նաև, որ իր, կնոջ ու փոքրիկ դստեր՝ Շուշիի այցը պատահական չէ. կա նպատակ՝ օժանդակելու, որ Հերիկում նոր դպրոց կառուցվի: Ճարտարապետ-նախագծող Տիգրան Մեջլումյանը անհրաժեշտ չափագրումներ կատարեց և արդեն սկսել է նախագծման աշխատանքները:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Հոգևոր-մշակութային