ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» ԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Հարց. Օրերս հրապարակումներ եղան, թե զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերը գաղտնագրվում են: Արդյոք զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին արգելվո՞ւմ է տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ:
Պատասխան. Խոսքը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. թիվ 9-Ն հրամանով հաստատված «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկին»:
Հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում համացանցում հրապարակվում են տեղի ունեցած դժբախտ պատահարների եւ մահվան ելքով դեպքերի մասին` նշելով նաեւ դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ: Դրա վկայությունն է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
Հետեւաբար, այն դիրքորոշումը, որ հրամանով արգելվում է զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը եւ հրամանի տրամաբանությանը:
Եվ մարտական եւ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են թե՛ ծնողներին եւ թե՛ հանրությանը:
Գաղտնիք է համարվում ոչ թե կոնկրետ դեպքը, այլ՝ «Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաեւ դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական եւ օպերատիվ իրադրության փոփոխությամբ»:
Այս հանգամանքն անտեսվում է հրամանի դրույթների՝ յուրովի մեկնաբանման ժամանակ:
Ծնողները զրկված չեն տեղեկատվություն ստանալուց նաեւ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքում:
Հարց. Ձեր դիրքորոշումը ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. թիվ 9-Ն հրամանը դատական հայցով վիճարկելու վերաբերյալ:
Պատասխան. ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն` քաղաքացիները եւ իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ եւ օրենքով սահմանված կարգով: Ուղղակի ցանկալի է, որ հայցապահանջների իրավական հիմքերը լինեն հիմնավորված:
Խորագիր՝ #35 (1104) 10.09.2015 - 16.09.2015, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում