Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԵՄ ԸՆՏՐԵԼ ԻՄ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ



ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Ավագ լեյտենանտ

Վաղարշապատի համար 9 միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտեցի և նույն տարում էլ ընդունվեցի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում կապի ոլորտում» ֆակուլտետը: Կարմիր դիպլոմով ավարտեցի: Եկավ զինվորական պարտքս տալու ժամանակը, և շատերի նման ես էլ զորակոչվեցի: Բայց դեռ մինչ զորակոչվելս, Արմենակ Խանփերյանցի անվան Ռազմաավիացիոն ինստիտուտի միամյա սպայական դասընթացներին մասնակցելու դիմում էի ներկայացրել մեր տարածքային զինկոմիսարիատ: Դիմումս հարգվեց, մասնակցեցի դասընթացներին, որոնք դարձյալ բարձր առաջադիմությամբ ավարտեցի: 2013 թվականին ծառայության նշանակվեցի փախգնդապետ Կ. Դարբինյանի հրամանատարությամբ գործող զորամաս:

Ծառայությանս պայմանագիրը երեք տարով է, որից երկուսն արդեն ծառայել եմ: Այս մեկ տարին էլ, ինչպես ասում են, յոթ սարի հետևում չէ, կանցնի: Սակայն ես այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ մտադիր եմ ծառայությանս պայմանագիրը երկարաձգել, ծառայությունս շարունակել: Նման որոշում մեկ օրում, մեկ շաբաթում կամ էլ մեկ ամսում չեն կայացնում: Որոշումս ծառայության երկու տարիների արդյունք է: Դրան նպաստեցին դիվիզիոնի հրամանատարությունը, միջավայրը, որ ինձ համար հոգեհարազատ է դարձել, և վերջապես` ծառայության պայմանները… Վերլուծելով զինվորականի իմ անցած կարճ ուղին, իմ առջև բացվող հեռանկարները, լավն ու վատը, հասկացա, որ ճիշտը զինված ուժերում ծառայությունը շարունակելն է: Անկեղծ եմ ասում՝ գոհ եմ, բավարարված:

Մեր դիվիզիոնը նման է մի մեծ, կազմակերպված ու կայացած զինվորական ընտանիքի: Այստեղ իշխում են մարդկային ջերմ հարաբերությունները, զինվորական կարգ ու կանոնը: Եվ բոլորս մի հիմնական նպատակ ունենք՝ անառիկ պահել մեր հայրենիքի օդային սահմանները:

Ես ղեկավարում եմ դիվիզիոնի վարժասարքերի հաշվարկի բաժինը: Պատասխանատու եմ անձնակազմի մարտական պատրաստականության կատարման համար: Անձամբ իմ՝ որպես բաժնի ղեկավարի, մասնագիտական պարտականությունը ինձ ամրակցված տեխնիկայի սարքավորումների համակարգի մշտական մարտական ապահովվածությունն է:

Ես գերազանց եմ տիրապետում իմ աշխատանքին և այն կատարում եմ մեծագույն պատասխանատվությամբ: Այնուամենայնիվ, ինձ իմ զորամասի հետ կապում են մարդկային ջերմ փոխհարաբերությունները: Օրինակ՝ հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ վերջին երեք տարիներին ծննդյան օրերս նշեցի տուն ու տեղից, ընտանիքիցս հեռու. քսաներկու ամյակս նշեցի ռազմաավիացիոն ինստիտուտում, քսաներեք ու քսանչորս ամյակներս՝ այստեղ` զորամասում` զինվորական ընտանիքիս հետ, զինակից ընկերներիս միջավայրում: Եվ հավատացնում եմ՝ սիրո ու անկեղծության պակաս չզգացի, ասես իսկապես էլ տանն էի, իմ հարազատների շրջապատում: Համեստ սեղանի շուրջ էինք, բայց ոգեղեն ու ջերմ, շատ ուրախ մթնոլորտում: Երբ մորս պատմեցի, ասաց. «Ոչի՛նչ, տղա՛ս, առանց քեզ տխրում ենք, բայց, ինչ արած, դու ես ընտրել զինվորականի մասնագիտությունը՝ քո կյանքի ճանապարհը, ուրեմն՝ այդպես էլ պետք է լինի»:

Ահա թե ինչու եմ ուզում ծառայությանս պայմանագիրը մի քանի տարով երկարաձգել և շարունակել ծառայությունս հայոց զինված ուժերում:

Անպայման երկարաձգելու եմ պայմանագիրս:

Պատրաստեց
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Ազգային բանակ


24/09/2015