Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՐԱՆՔ ԵՆ



Հեռվից նկատում եմ ակնարկիս հերոսներին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ֆիզպատրաստության և սպորտի ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանին, նրա միջնեկ որդուն` լեյտենանտ Արթուրին՝ ՌԴ բարձրագույն ռազմական ուսումնարանի նախկին կուրսանտին, եւ ընտանիքի ամենափոքրիկին` հնգամյա Արտյոմին: Զինվորականներ են նաեւ Արմեն Հովհաննիսյանի ավագ որդին` Արան, որ դասակի հրամանատար է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, եղբոր որդին՝ Դավիթը, որ կամովին մեկնել է առաջնագիծ:

Երեքն էլ դեսանտավորի կապույտ բերետով են, զինվորական համազգեստով: Հեռվից հետևում եմ նրանց. ձգվում են պտտաձողի վրա, հնարքներ, ուժային վարժություններ են կատարում: Մտածում եմ` ինչ հարցեր ուղղել Արմեն Հովհաննիսյանին: Արժե արդյոք հարցնել` ի՞նչ է հայրենիքը կամ հայրենասիրությունը, երբ նրա երկու որդիներն ընտրել են զինվորականի մասնագիտությունը եւ կամովին սահմանի ամենաբարդ հատվածում են ծառայում, կամ, թե՝ ի՞նչ հատկանիշներով կբնորոշեք լավ զինվորականին, այն դեպքում, երբ նրա մարզած սպաներն առաջնագծում ամեն օր սահմանում են անհաղթ լինելու չափանիշները: Նրա կենսագրությա՞նը անդրադառնամ: Ինչո՞ւ: Առանց այդ էլ երեւում է` այս մարդը հզոր է, ինչպես ծառը՝ իր արմատով, բնով ու ճյուղերով…

Նրանք լիաթոք ծիծաղում են, եւ նրանց ծիծաղում ապրելու հրճվանք կա, իսկ աչքերից անսպառ ջերմություն է ճառագում… Նրանք ուրախ են, առողջ, ամուր, երջանիկ… Ինքնավստահ են, ուժեղ: Ամենակարևորը՝ ուժեղ են ոգով: Ուժը նրանց բնավորության գիծն է, ապրելակերպը, էությունը… Մի՞թե հենց նման մարդիկ չեն մեր 24-ամյա պետության ամրության սյուները, հարստությունը, հպարտությունը…

Այնուամենայնիվ, որոշում եմ «խանգարել» նրանց:

Արթուրը մարտաֆիլմի բարի հերոսի է նման: Պատմում է, որ հայրը խիստ մարդ է, պահանջկոտ, բայց անսահման բարի, որ երբեք իրենց արժանապատվությունը չի վիրավորել: Նա միայն մի բան է արգելել` ծխելը… Արթուրի ուսումնառության տարիների ամենահիշվող դրվագները պարաշյուտային թռիչքներն են…Ասում է` դեսանտավորն ունիվերսալ զինվորական է՝ և՛ հետախույզ է, և՛ կապավոր, և՛ հրետանավոր: Հետո Արթուրը անկեղծանում է. Հովհաննիսյանները տաքարյուն են, բայց իրար հարգել գիտեն, ընկերություն անել գիտեն. մի խոսքով՝ սովորական հայ մարդիկ են, որ սիրում են իրենց գործը: Ապա ավելացնում է. «Վաղը մեկնում եմ դիրքեր. զինվորներս ինձ են սպասում …»: Եվ ես վստահ եմ` նրա կողքին զինվորն իրեն ապահով, պաշտպանված, ուժեղ է զգալու…

♦♦♦

Փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանի դեմքին հպարտություն է նշմարվում, և նա չի փորձում թաքցնել: Եվ ես մտածում եմ, որ նրա նմաններն են այս երկրի իսկական տերերը: Նրանք իրենց սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվության բարձր զգացումով վաստակել են հպարտ ապրելու և իրենց երկրի տերը զգալու իրավունքը: Փոխգնդապետը մասնակցել է Աֆղանական եւ Արցախյան պատերազմներին: Թեև չի սիրում պատերազմից խոսել, այնուամենայնիվ, ասում է. «Աֆղանստանից վերադարձա «Արիության համար» մեդալով: Երբ տուն մտա, հայրս նախատեց. «Չես ամաչում` ուրիշի մեդալ ես կախել կրծքիդ»: Նա ինքն էլ ուներ այդ մեդալից. Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր: Երբ վկայականս ցույց տվեցի, արտասվեց: Այն ժամանակ ես չհասկացա, թե ինչու, բայց հիմա գիտեմ. յուրաքանչյուր ծնող իր երեխաների համար խաղաղություն է ուզում…»: Ապա ավելացնում է. «Ես էլ գիշերներն անհանգիստ եմ քնում, միտքս սահմանից տուն չի գալիս, տասնյակ կուրսանտներ ունեմ առաջնագծում կանգնած, ու բոլորն էլ ինձ շատ հարազատ են… Երբ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին տեսա հիվանդանոցում պառկած, նա վնասված թեւով շարունակել էր կրակել անակնկալ հարձակված հակառակորդի ուղղությամբ, հորս նման լաց եղա… Իսկ նա էլ, թե՝ «Պարոն Հովհաննիսյան, տղաներին մարզումների ժամանակ երբեք չխնայեք, ինչպես մեզ չեք խնայել, եթե այդպես չանեիք, գուցե հիմա այստեղ չլինեի…»»: Եվ հուզվում է անհաղթ զինվորականը: Իսկ նրա կրտսեր որդին՝ փոքրիկ Արտյոմը, հոր թեւից համառորեն քաշում է. «Պա՛պ, պա՛պ, օգնիր ձգվեմ…»:

…Ես դեռ երկար նայում եմ նրանց ու հեռանում շատ ավելի սիրահարված Հայաստանին:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/09/2015