Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԸՆԵ՜ՆՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՑԻՆՔ…»



Սահմանի հյուսիսարեւելյան տվյալ հատվածն ինձ լավ ծանոթ է: Տասնյակ անգամներ եմ եղել այս կողմերում, տարբեր եղանակների` ամառ թե ձմեռ, անցել եմ դիրքից դիրք, հենակետից հենակետ: Ու դարձյալ ինձ քաջ ծանոթ վայրում եմ…Բայց այս անգամ կարծես աչքիս ամեն ինչ ուրիշ է երեւում: Ադրբեջանական զինուժի կողմից մեր դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունների ու հրետակոծությունների հետեւանքով շփման գծի ամբողջ երկայնքով առաջացած լարվածության օջախներից մեկն էլ այստեղ է…

Բարձրանում ենք դիրքեր: Ճանապարհն անցնում է Նոյեմբերյանի՝ իր մեծությամբ երկրորդ գյուղի` Բերդավանի միջով: Այս վերջին օրերին հատկապես շատ բան անցավ բերքահավաքի եռուզեռով տարված բերդավանցիների գլխով. օր չկա, որ բերդավանցին չլուսացնի առանց կրակոցների…

Ավագ լեյտենանտ Արման Ազատյանի հրամանատարությամբ մարտական առաջադրանք կատարող դիրքի դիմաց հակառակորդի մի քանի հենակետերն են, իսկ ամենամոտը` դեմ դիմաց, 350 մետր հեռավորության վրա ընկած հենակետն է, որտեղից հոկտեմբերի 11-ին` մութն ընկնելուն պես, թշնամին անընդմեջ կրակ էր բացել շարքային Ռազմիկ Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող հենակետի ուղղությամբ: Միայն մեր դիրքապահների պատասխան գործողությունների արդյունքում շատ արագ հիմնովին լռեցվում է թշնամու կրակակետը:

-Պարոն մայոր, ընենց պատասխան տվեցինք, որ, հավատացնում եմ, ադրբեջանցիները հաստատ փոշմանեցին իրենց արածի համար: Սա ես դեռ մեղմ եմ ասում: Խնդրում եմ, էդպես էլ թերթում կգրեք, թող բոլորն էլ իմանան մեր տղերքի քաջության մասին, թող իմանան, որ թշնամու ոչ մի սանձարձակություն անպատիժ չի մնում,- վստահեցրեց հենակետի ավագը:

-Մեր ուղիղ նշանառության տակ են նրանց գյուղերը` Քեմրլին… Ալի Բայրամլին… Ղուշի Այրումը,- մեկը մյուսին հերթ չտալով՝ հենակետի ավագի խոսքն են շարունակում կրտսեր սերժանտներ Տիգրան Ալավերդյանն ու շարքային Սուրեն Սադոյանը:

Մարտական առաջադրանքի կատարման հետ մեկտեղ, հենակետում կառուցապատման եւ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ս. Խաչատրյանի ու վաշտի հրամանատար, կապիտան Սուրեն Բրուտյանի նախաձեռնությամբ:

Զինվորների ուժերով կառուցվում է գետնատնակի պաշտպանիչ պատը: Երկու զինվորներ ցեխն էին շաղախում, երկուսը` հասցնում պատշարին:

Շարքային Թենգիզ Մարտիրոսյանը, որն արդեն պատի վերջին շարքն էր ավարտում, սրամտում է.

– Համ դիրքապահ ենք, համ էլ՝ շինարար, համ սահման ենք պահում, համ էլ՝ պատ շարում: Համարենք, որ իմ տան պատն է:

Խրամուղով սովորույթի ուժով կուզեկուզ եմ քայլում… Հետո միայն գլխի եմ ընկնում, որ խրամատը մարդաբոյ է, կարող եմ նույնիսկ դիք-դիք քայլել-անցնել… Գնում եմ դիրքի ավագի հետեւից ու մտածում. «Ապրե՛ն մեր տղաները, որքան ջանք են թափել խրամուղին խորացնելու համար… Զինվորն այստեղ հաստատ իրեն ապահով կզգա»:

Ավագ լեյտենանտ Արման Ազատյանը, ասես մտքերս կարդալով, բացատրություններ է տալիս. «Բարդ տեղանքը շատ էր խանգարում… Ամեն մետրին սալաքարեր, թերթաքարեր: Սանտիմետր առ սանտիմետր ենք խորացրել… Փոխարենը ազատ ու ապահով կացարանից` կացարան, դիտակետից դիտակետ, հենակետից հենակետ ենք անցնում… Բայց շատ տանջվեցինք…»: Եվ ցույց է տալիս ձեռքերը` կոշտացած, ճաքճքած: Հորդորում է հենակետի ավագին էլ նույնն անել:

Բավականաչափ ծավալուն ինժեներական աշխատանքներ են իրականացվել դիրքերում, ծանր հրետանու համար կրակակետեր են կառուցվել, խրամուղու տեսանելի հատվածների խորացումից բացի, քողարկում է կատարվել… Տեղ-տեղ աչք էին զարնում թշնամու ականանետների կրակոցներից պաշտպանվելու համար կառուցված «աղվեսափոսերը»:

Ջոկի հրաձիգ-նռնականետորդ, շարքային Նարեկ Խալաթյանը դիտարկման տեղամասից մանրակրկիտ ուսումնասիրում էր դիրքի մատույցները:

– Հակառակորդի կողմից շարժ կա՞,- հետաքրքրվում եմ:

– Առայժմ` ոչ,- պատասխանեց դիտորդը:

– Իսկ հնարավոր չէ՞` հակառակորդն իր շարժն այնպես քողարկի, որ…

-Դիտորդը ոտից գլուխ տեսողություն ու լսողություն է: Ավելի ճիշտ. գիշերը` ականջ, ցերեկն` աչք: Ինչ ուզում է՝ անեն, ոնց ուզում է՝ անեն, մեր աչքից ոչինչ չի վրիպի,- վստահեցրեց շարքային Նարեկ Խալաթյանը:

Եվ քեզ ակամա համոզում է նրա ինքնավստահ խոսքը:

Զինվորի ծառայության ավարտին շատ քիչ ժամանակ է մնում, եւ նա շատ բան է տեսել այս երկու տարիների ընթացքում, որ երբեք էլ չի մոռանա: Ծառայությունը մոտենում է ավարտին:

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Ազգային բանակ


21/10/2015