Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՈՒՆՔԻՆ



-Սիրում եմ զինվորներիս հետ դիրքեր բարձրանալ: Չկա ավելի գեղեցիկ բան, քան հրամանատարի ու զինվորի կեսգիշերային զրույցը Բարձունքին, որտեղից հայրենիքիդ սահմանն է սկսվում` առջեւում թշնամին, թիկունքում` երկրիդ շնչառությունը: Բարձունքին դու ավելի ուժեղ ես, քան սեփական կյանքդ: Դու մահից ուժեղ ես:

Մեքենան սահում է աշնանային Երևանի փողոցներով: Դիմացի նստատեղին գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն է: Վերջերս երկրի նախագահը նրա գեներալական համազգեստին «Վարդան Մամիկոնյան» շքանշան փակցրեց: Սակայն գեներալն ավելի մեծ շքանշան ունի՝ ժողովուրդը նրան ի՛ր շքանշանն է տվել` Արժանավոր գեներալ: Ու փակցրել է ոչ թե կրծքին, այլ դրոշմել է կենսագրության վրա: Իսկ ժողովրդի դրոշմածը երբեք չի ջնջվում:

…Գեներալը ակնդետ դուրս է նայում մեքենայի պատուհանից, ոչ մի առանձնահատուկ բան չկա, սովորական առօրյա պատկերները սահում են մեկը մյուսի հետևից: Հանկարծ ես նկատում եմ նստարանին քնած անօթևան ծերունուն:

-Օրվա այս ժամին փողոցը լիքն է մարդկանցով: Որովհետև աշխատանք չունեն…,-փնթփնթում եմ ես։

Գեներալը չի արձագանքում:

-Սա՞ էր Ձեր երազած հայրենիքը…

Իմ հարցն անպատասխան է մնում:

Քիչ անց ես լսում եմ գեներալի ձայնը.

-Հիշո՞ւմ ես` քեզ խոստացել էի տանել Անիի ավերակները տեսնելու:

Ես չեմ հասցնում ճշտել, թե ինչ կապ ուներ իմ հարցն իր պատասխանի հետ. մեքենան արգելակում է սրճարանի մոտ, ու մենք մտնում ենք ներս:

Սրճարանի գույնզգույն լույսերի անդրադարձումների ներքո երիտասարդ հաղթահասակ գեներալը հեքիաթային տեսք ունի: Մատուցողներն ու սրճարանի այցելուները ամեն ինչ թողած նրան են նայում:

-Բոլորը Ձեզ են նայում,- կատակում եմ,- իսկ ես բավականին խնամքով գեղեցկացել էի:

Գեներալը բարձրաձայն ծիծաղում է: Ու ամաչում է կարծես:

-Ինչո՞ւ եք ուզում, որ ես տեսնեմ Անիի ավերակները,- իմ միտքը դեռ ծամում է գեներալի ասածը:

-Ուզում եմ՝ տեսնես, թե ինչպես է թշնամու դրած սահմանը կիսել հայրենիքդ…

-Սիրտդ կիսելու պես` կասեր Վարդգես Պետրոսյանը…

-Դա սեփական աչքերով տեսնելուց հետո ավելի լավ կգրես…

-Ես շատ լավ եմ գրում, ամենալավը,- կատակի եմ տալիս կռվի տոնով:

-Գիտեմ,- գեներալի ձայնի մեջ այնքան հարազատություն կա, այնքան ջերմ է ժպտում, որ նույնիսկ կարող եմ համաձայնել ավելի լավ գրելու մտքին:

-Մեր ուժը բազմապատկվում է ամենասիրելին կորցնելու վախից: Իսկ Հայրենիքն սկսվում է ամենամեծ սիրուց:

-Ինձ համար հայրենիքը մորիցս է սկսվում:

-Ինձ համար` Բարձունքից:

-…Պատմեք Բարձունքի մասին:

-Բարձունքը Չինարի գյուղում է: Բարձունքից երևում է իմ հայրական տունը: Այդ տանը իմ մանկությունն է ապրում, հորս ձայնը, այդ տան պատերը ներծծված են հորս ափերի ջերմությամբ: Այդ տանը հիմա մայրս ներսուդուրս է անում ծաղկավոր գոգնոցը կապած: Բարձունքը գեղեցիկ է, գույնզգույն, անուշահոտ: Բարձունքը մոտ է երկնքին, թվում է` աստղերը ուր որ է կթափվեն գլխիդ: Միշտ սիրել եմ Բարձունքից նայել գյուղի ցաքուցիր տներին, պատուհաններից կայծկլտացող լույսերին:…Ես Բարձունքին էի երազում, երբ երեխա էի…և հիմա, երբ շուտով հինգերորդ տասնամյակս կբոլորեմ: Բարձունքին Տերը կողքիդ է ու լսում է բոլոր խնդրանքներդ:

…Երբ ավագ եղբայրս զորակոչվեց, ես 5 տարեկան էի: Վերցնում էի բանակից ուղարկված նրա լուսանկարները` զինվորական համազգեստով, ու գնում Բարձունքին երազելու: Փակում էի աչքերս ու ինձ տեսնում նույն զինվորական համազգեստով: Հետո, երբ արդեն դպրոցական էի, Բարձունքին «կռիվ էի տալիս» Վարդանանց զորքի հետ, զոհվում էի Գևորգ Մարզպետունու կողքին…

«Սասունցի Դավիթը» պիտի Բարձունքին կարդաս: Բարձունքին դու չես վախենում, թե կվրիպես վերջին զարկը, չես կասկածում: Չես ասում` թշնամուն խղճալը որն է. առաջին զարկը հոգուդ ամբողջ ուժով զարկիր, պրծնենք… Բարձունքին դու վեհանձն ես ու մեծ ինչպես քո ժողովուրդը: Ու վստահ ես, որ վերջին զարկդ խորտակիչ է լինելու: …Բարձունքին Քուռկիկ Ջալալիի ռունգերը բոց էին արտաշնչում, նրա շիկակարմիր բաշը փայլում էր մայրամուտի բոլոր գույներով, ու նրա թռիչքը երկինք էր հասնում:

Բարձունքին ես նստում էի` թիկունքս Խաչատուր պապիս տաք-ամուր թիկունքին, ու պապիս ձայնը ասես մեր խոր-խոր կիրճերից էր գալիս` հետո ազատագրեցինք Էրզրումը, Տրապիզոնը, իսկ երբ մտանք Երզնկա…Հետո պապս իր հզոր ձեռքերով գրկում էր մեջքս, ու մենք միասին շարունակում էինք ազատագրել … Վանը, Սասունը, Մուշը…

Մոսկվայում զինվորական ուսումնարանում սովորելիս ամենից շատ Բարձունքն էի կարոտում: …Հետո…Մենք Բարձունքից կրակում էինք թշնամու վրա, ու Բարձունքը պաշտպանում էր գյուղը:

…Մի անգամ ադրբեջանցիները գրավեցին Բարձունքը: Անակնկալ հարձակվեցին մեծ ուժերով ու վերցրին բլուրը: Մի քանի ժամ ես հեռվից էի նայում Բարձունքին: Մի քանի ժամ Բարձունքը գերի մնաց: Հետո մենք ազատագրեցինք նրան, իմ զինվորները հետ վերցրին բլուրը: Գույնզգույն մայրամուտ էր, հորիզոնը այրվում էր: Իմ զինվորները պարում էին Բարձունքին՝ ավտոմատները օդ պարզած: Կյանքիս ամենաերջանիկ պահն էր:

…Իմ կյանքի ամենադաժան պահը նույնպես Բարձունքին էր: 1993 թվականի մարտի 27-ին զինվորներիս հետ սահման էինք պահում: 24 զինվոր: Հանկարծ ադրբեջանցիներն սկսեցին հրետակոծել: Արկերը մեկը մյուսի հետևից պայթում էին ոռնոցով: Երբ հրետակոծությունն ավարտվեց, ոտքի կանգնեցի: Իմ 24 զինվորները անշարժ պառկած էին գետնին:

Մտածեցի` զոհվել են: Բոլորը զոհվել են: Թվաց` խելագարվում եմ: Ինչքան տևեց` չգիտեմ, րոպեներ, ժամեր….Հիշելիս մարմնովս սարսուռ է անցնում: Հետո տղաները մեկը մյուսի հետևից սկսեցին շարժվել: Ողջ էին: Բոլորը: Ես ասես նորից ծնվեցի:

…Բարձունքին ամեն ինչ ուրիշ է: Բարձունքին քո զրույցը հավերժության հետ է, ու այնքան փոքր են առօրյա հոգսերը: Սիրում եմ զինվորներիս հետ դիրքեր բարձրանալ: Չկա ավելի գեղեցիկ բան, քան հրամանատարի ու զինվորի կեսգիշերային զրույցը Բարձունքին, որտեղից հայրենիքիդ սահմանն է սկսվում` առջևում թշնամին, թիկունքում` երկրիդ շնչառությունը: Բարձունքին դու ավելի ուժեղ ես, քան սեփական կյանքդ: Դու մահից ուժեղ ես:

Վեցամյա տղաս զինվորական համազգեստ ունի: Հաճախ է ասում` համազգեստս հագցրու, ավտոմատս տուր, գնանք դիրքեր: Բարձունքին ես ու տղաս` երկուսս էլ ազգային բանակի զինվորական համազգեստով զինվորների հետ սահման ենք պահում: Ու ես հասկանում եմ, որ իմ բոլոր երազանքները կատարվել են: Եվ չեմ նեղանա, եթե Տերը չկատարի վերջին ցանկությունս: Ուզում եմ, երբ տղաս մեծանա, զինվորական համազգեստ կրի: Ու նրան հրամանատար կոչեն: Ու նա Բարձունքից նայի իր երկրին:

…Երևանում տաք, ոսկենկար աշուն է: Իմ ականջներում արձագանք է տալիս սեփական ձայնս` սա՞ էր Ձեր երազած հայրենիքը: Ես տեսնում եմ գեներալի կիսադեմը: Նրա հիացած, ժպտուն հայացքը սահում է մարդկանց, ծառերի, նստարանին քնած անօթևան ծերունու վրայով…

-Կուզե՞ս տեսնել Բարձունքը…,- հարցնում է գեներալն առանց շրջվելու:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


21/10/2015