Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ 32 ՄԻԱՎՈՐ БТР-82А



Ռուսաստանը Բելառուսին կփոխանցի 32 միավոր БТР-82А զրահափոխադրիչ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալության՝ ռազմաարդյունաբերական համալիրի աղբյուրը:

Համապատասխան համաձայնագիրն ստորագրվել է Russia Arms Expo-2015 ցուցահանդեսի ժամանակ, որը կայացել է սեպտեմբերին Նիժնի Տագիլում:

Բելառուսական զինված ուժերում հաստատել են գործարքի մասին լուրը՝ առանց ճշգրտելու պայմանագրի ծավալը:

БТР-82А զրահափոխադրիչը նախատեսված Է դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար: Այն խորհրդային БТР-80 զրահափոխադրիչի ռուսաստանյան արդիականացումն է: БТР-82А տարբերվում է սպառազինությամբ. БТР-82А տարբերակի վրա տեղադրված է 30 մմ 2Ա72 ավտոմատ թնդանոթ, որին կցված է 7,62 մմ ПКТ գնդացիրը: Բացի այդ, БТР-82А-ի վրա տեղադրված են սպառազինության կայունացման համակարգ և այլ սարքավորումներ: Զրահափոխադրիչի վրա ավելացվել է նաև հակաբեկորային պաշտպանության հավելյալ զրահ:

Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Մեքենայի զանգվածը 13,6 տոննա է: БТР-82А-ն խճուղու վրա կարողանում է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, լողացող է, ջրային արգելքները հաղթահարում է 9 կմ/ժ արագությամբ:

Պատրաստեց Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Ռազմական


29/10/2015