Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆՅԱՑ ՄԻ ՇԱՌԱՎԻՂ



Թովմաս ու Պետրոս եղբայրները փրկվեցին Վարդանյան մեծ գերդաստանից ու բնակություն հաստատեցին Թալինի Դավթաշեն գյուղում: Երկու եղբայրներն էլ հայտնի հեքիաթասացներ, հրաշալի բանասացներ էին: Լինում էին ձմռան գիշերներ, երբ նրանց պատմությունները մնում էին անավարտ, ու հարևան -դրկիցները հաջորդ օրը դեռ մութը չընկած նրանց տանն էին: Ու նորից ծայր էին առնում պատմությունները: Չնայած բոլոր հեքիաթների ավարտը բարի էր, սակայն Թումոն (Թովմասին ու Պետրոսին գյուղացիները կարճ Թումո ու Պետո էին ասում) ամեն հեքիաթի ու պատմության ավարտին ձեռքը ախով խփում էր ծնկներին ու անլսելի շշնջում. «Ախ, իմ անուշ էրգիր»: Ու բոլորը գիտեին, որ նորից հիշել է Սասունի Ախունդ գյուղն ու այնտեղ մնացած սուրբ մասունքները:

Այս պատմությունների տակ օրորոցներ էին օրորվում, ծնվում ու հասակ էին առնում երեխաները, որոնց հայացքները Արագածին էին, իսկ միտքն ու հոգին՝ Մարաթուկին:

Ու երբ տարիներ հետո հայոց պետականության հետ պիտի կազմավորվեր հայոց նորաստեղծ բանակը` Թումոյի Արմենակ որդու Մերուժան տղան պիտի դառնար բանակի առաջին զինվորներից և քաջաբար մարտնչեր Լաչին-Քաշաթաղում ու անդամագրվեր ազատամարտիկների` Սարգիս Կարապետյանի հրամանատարությամբ մարտնչող Թալինի ջոկատին, կռվեր Պետոյի` Պետրոս Ղևոնդյանի հետ, դառնար Շուշիի առանձնակի գումարտակի նվիրյալ զինվոր ու ազատագրեր հայրենի բնակավայրերը:

Պատերազմի ավարտից հետո Մերուժանը վերադարձավ ծննդավայր, ամուսնացավ Արևիկի հետ, և նորաստեղծ ընտանիքում ծնվեցին երեք արու զավակներ` Արմենակ, Միքայել և Հարություն գեղեցիկ անուններով: Դպրոցն ավարտելուց հետո, երբ առաջնեկը` Արմենակը, մեկնեց ծառայության, հայրը այս խոսքերով որդուն ճանապարհեց. «Իմ զենքի հաղթանակած ձայնը լսվեց Ախունդում, ձեր զենքի ձայնն էլ թող լինի հաղթանակած: Ինձ պարզերես կանեք»:

Այս խոսքերով նաև ճանապարհեց միջնեկ որդուն` Միքայելին, որն իր դիմումի համաձայն նույնպես մեկնեց Արցախ և եղբոր հետ ծառայում է նույն զորամասում: «Երբ շարահրապարակում շարված էինք, զորամասի հրամանատարը ողջույնից հետո ասաց. «Թող շարքից դուրս գան այն զինվորները, որոնց հայրերը, պապերը մարտնչել են մեր ազատագրական պայքարին»: Եվ երբ մենք դուրս եկանք, հրամանատարը հպարտությամբ նորից դիմեց մեզ. «Գիտեմ, Ձեր պատասխանատվության ու պարտքի աստիճանը դուք գիտակցում եք, սակայն ձեզ ուզում եմ ասել, որ այն կրկնապատկվում է, որովհետև դուք պետք է ոչ միայն գրեք ձեր, այլ նաև հարստացնեք ձեր հայրերի, ձեր պապերի կենսագրությունը»,- պատմում են եղբայրները:

Հիմա երկու եղբայրն էլ կրտսեր սերժանտներ են: Հպարտորեն ասում են, որ գերազանց ծառայության համար անձամբ ՊԲ հրամանատարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, խրախուսանքներով: Հատկանշական է, որ երբ եղբայրները` Արմենակն ու Միքայելը, արձակուրդ են գալիս, առաջինը այցելում, ծաղիկներ են դնում Դավթաշեն գյուղի Արցախյան պատերազմի զոհերի և կյանքից հեռացած իրենց ուսուցիչների շիրմաքարերին: Դավթաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հրաչուհի Կարապետյանը այսպես է բնութագրում եղբայրներին.

«Ես երեք եղբայրներին էլ դասավանդել եմ: Արմենակն առանձնանում է իր պարզ ու անմիջական բնավորությամբ: Մարդասեր է, ընկերասեր, շրջապատի նկատմամբ հոգատար: Միքայելը ծիծաղկոտ է, խոսքաշատ, պրպտող միտք ունի: Ամեն հարցում առաջինն էր: Ծառայության ընթացքում հայոց պատմության գրքեր էր ուզել, և սիրով ուղարկեցինք: Մերուժանի երրորդ որդին` կրակ ու բոց Հարությունը, գարնանն է զինվորագրվելու: Վստահ ասում եմ, որ Հարությունի զինվորական պատվոգրերն ու գովասանագրերը շուտով տեղ կգտնեն մեր դպրոցի պատվո տախտակին` մեր գյուղի զինվոր տղաների և ավագ եղբայրների` Արմենակի և Միքայելի գովասանագրերի ու պատվոգրերի կողքին: Մեր դպրոցում լավ ավանդույթ է ձևավորվել` բանակից ստացած գովասանագրերն ու պատվոգրերը ծնողները բերում են դպրոց, և փակցնում ենք պատվո տախտակին: Մերուժանը և կինը` Արևիկը, սիրով ու հաճախ են դպրոց գալիս: Նրանք հասարակությանը պիտանի քաղաքացիներ, հայրենիքի իսկական զինվորներ են դաստիարակել: Գյուղում հարգում են նրանց, և նրանք էլ հպարտ են իրենց որդիներով, որոնք ծառայում են սիրով, կարգապահ են ու պատասխանատու»:

Շուտով Մերուժանի ավագ որդին` Արմենակը, կզորացրվի, իսկ Միքայելը արդեն կշարունակի իր ծառայությունը կրտսեր եղբոր` Հարությունի հետ: Զինվոր եղբայրները սիրով են խոսում իրենց անմիջական հրամանատարի` Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի որդու` Արթուր Ղուլյանի մասին, նրա կեցվածքի, զինվորական ու մարդկային արժանիքների մասին, որն արժանապատվորեն հարստացնում է Աշոտ Ղուլյանի կենսագրությունը: Սիրով պատմում են Անդրանիկի մասին, որը 9-10 տարեկանում Ճարտար գյուղից եկել-միացել էր իրենց հայրիկի` Մերուժանի հետ կռվող ջոկատի տղաներին, և նրան կոչել էին «գնդի որդի»: Հիմա Անդրանիկը հաճախ է այցելում եղբայրներին, փորձում նրանց տալ այն գուրգուրանքն ու հոգատարությունը, որը ժամանակին ինքը ստացել է կռվող տղաներից, Մերուժանից: Այս ակնարկը գրելիս ուզում եմ երախտիքի խոսքեր ասել հերոսաբար զոհված Արամ Գրիգորյանի եղբորը` Արսենին, որը ծանոթ լինելով իր եղբոր մարտական ընկեր Մերուժանի վաստակին, ինչպես նաև նրա համեստ, ամաչկոտ բնավորությանը, ցանկություն հայտնեց, որ գրվի այս ընտանիքի մասին, որի ամեն մի անդամ համեստ ու անխոս իր պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Բանակ և հասարակություն


29/10/2015