Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԽԱՉՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է, ՏՂԵ՛ՐՔ»



«Հայ զինվոր» թերթի նախորդ համարի (թիվ 41, «Անկատար թողած մի հին խոստում») շապիկին տպագրել էինք Արցախյան ազատամարտի մասնակից, լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի հեղինակած պատերազմական լուսանկարներից մեկը՝ «Եղնիկներ» հատուկ նշանակության ջոկատի տղաները հրամանատար Շահեն Մեղրյանի հետ «Երից մանկունք» եկեղեցու ֆոնին: Միաժամանակ ներկայացրել էինք նաև լուսանկարի պատմությունը. 1993 թվականի հունվարի 22-ին, թե 23-ին ադրբեջանական երկու ուղղաթիռներ հայտնվել էին օդում եւ կրակ բացել եկեղեցու ուղղությամբ… Հսկա խաչը գմբեթից դղրդյունով ընկել, փշրվել էր: Տղաները լուսանկարվել էին «վիրավոր» եկեղեցու պատի տակ եւ ուխտել՝ վերականգնել խաչը: Զոհվում է Շահեն Մեղրյանը, հետո՝ տղաներից շատերը… Եվ անկատար է մնում ազատամարտիկների երդումը:

Անցնում է քսան տարի: Մի օր էլ լուսանկարիչ ազատամարտիկը սիրտը բացում է ընկերների առաջ՝ այսպես ու այսպես… Ներկաներից մեկը՝ բանակի սպա Կարեն Թանգյանը, անմիջապես արձագանքում է. «Ես կօգնեմ. տղաների ուխտը պետք է կատարվի, ու պետք է սուրբ խաչը տեղադրվի «Երից մանկունք» եկեղեցու գմբեթին»: Կարենի խոսքը սպայի խոսք էր, կարճ ժամանակում գործի է վերածվում՝ օծված խաչը կրկին բազմում է եկեղեցու գմբեթին:

Լուսանկարի այս սրտառուչ պատմությունը մեր ֆեյսբուքյան էջում արժանացավ բազում մեկնաբանությունների: Դրանցից մեկն, այնուամենայնիվ, տարբերվող էր: Օգտատեր Նվեր Գալստյանը, որ մասնակցել էր խաչի տեղադրման աշխատանքներին, հիշում է. «2013 թվականի մայիսի 8-ն էր, մեծ ոգեւորությամբ ու հուզմունքով, պարանների միջոցով խաչը բարձրացրինք…»: Նա թերթի ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նաև այդ օրն արված լուսանկարները եւ մակագրել՝ «Խաչն իր տեղում է, տղե՛րք»:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #42 (1111) 29.10.2015 - 4.11.2015, Պատմության էջերից


29/10/2015