Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25. ԻՄ ԿՅԱՆՔԻ ՋՐԲԱԺԱՆԸ



Դիտարկումը կատարում էի հրամանատարական դիտակետից եւ իրականացնում ղեկավարումը: …Դա իմ առաջին մարտական գործողությունն էր: Երկու-երեք ժամվա ընթացքում 60 ական կրակեցինք: Քիչ չէ: Եթե հակառակորդի 10 կրակոցից 2-ն էր դիպուկ, ապա մեր դեպքում 10-ից` 7-ը: Մտածում էի` տեսնես ով է նրանց հրետանու պետը…

Դրսում մութ է: Երեկոյան ժամը ինն է: Սակայն զորամասում եռուզեռ է:

-Մի՞շտ եք այսքան երկար աշխատում,- հարցնում եմ հյուսիսարեւելյան զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Արմեն Սարգսյանին:

-Առաջնագծում ժամացույցին չենք նայում,- պատասխանում է նա` հերթական նշումն անելով սեղանին փռված քարտեզին,- չնայած՝ լինում են օրեր ու ժամեր, որ չեն մոռացվում, դաջվում են հիշողությանդ մեջ…

Փոխգնդապետը մի քանի րոպե լռում է, ապա հայացքով ընդգրկում սեղանին դրված օրացույցն ու պատմում.

-…Օրինակ՝ սեպտեմբերի 25-ը, երեկոն: Այդ օրը բաժանել է հրետանավորի իմ կյանքը երկու մասի այնպես, ինչպես էջանշանն է բաժանում գիրքը: Նրա այս եւ այն կողմերում երկու տարբեր մարդիկ են: Մի կողմում իմ ուսումնառությունն է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, մաթեմատիկական գիտելիքներն են, որոնց շնորհիվ էլ հայտնվեցի հրետանավորների խմբում: Այդ կողմում նաեւ ութ տարվա ծառայությունս է զորամասում, որտեղ ե՛ւ դասակի հրամանատար էի, ե՛ւ մարտկոցի: Դարձյալ այդ կողմում ես եմ` որպես գնդի շտաբի պետի տեղակալ, որպես դիվիզիոնի հրամանատար: Մի խոսքով, այդ կողմում մի զինվորական է, որ 17 տարի կրակել է հրաձգարաններում, արձակած արկերը հասել են նշանակետին, բայց որի թիրախը, այնուամենայնիվ, միշտ պայմանական է եղել:

Սեպտեմբերի 25-ն ինձ սուզեց մեկ այլ իրականություն. երբ թղթի վրա ամեն ինչ այլեւս այնքան էլ հեշտ չի թվում, երբ կռիվ եմ տալիս միս ու արյուն ունեցող հակառակորդի հետ, երբ հույսը դառնում է հրետանին ու հրետանավորը, երբ համոզվում ես՝ հազար անգամ լսած եւ կրկնած թեւավոր խոսքը, թե՝ հրետանին պատերազմի Աստվածն է, բնավ էլ չափազանցություն չէ… Սեպտեմբերի 25-ն այն օրն է, երբ իրապես զգացի` զինվորական եմ…

Այդ օրը հակառակորդը կիրառեց 60 եւ 82 մմ տրամաչափի նռնականետներ: Հրաման ստացանք պատասխան կրակով ճնշելու կրակակետերը: Իմ խնդիրն էր կառավարել հրետանային միջոցները, ճիշտ բաշխել դրանք: Դիտարկումը կատարում էի հրամանատարական դիտակետից եւ իրականացնում ղեկավարումը: …Դա իմ առաջին մարտական գործողությունն էր: Երկու-երեք ժամվա ընթացքում 60 ական կրակեցինք: Քիչ չէ: Եթե հակառակորդի 10 կրակոցից 2-ն էր դիպուկ, ապա մեր դեպքում 10-ից` 7-ը: Մտածում էի` տեսնես ով է նրանց հրետանու պետը, ինչու է այսքան անփույթ: Ես հայտնաբերում էի նշանակետերի ուղղությունը, խոցելու հրաման տալիս, եւ դասակները գործի էին անցնում: Դրանցից մեկում ընդգրկված էին ժամկետային զինծառայողներ՝ ավագ լեյտենանտ Համբարյանի գլխավորությամբ: 30-35 վայրկյան էր տեւում մինչեւ ականը կհասներ տեղ, այդ ընթացքում ներսումս քաոս ու իրարանցում էր: Միայն թե՝ չվրիպեն: Ես գիտեի, եթե արկերն իրենց նպատակին հասնեն, տղաներն այլեւս երբեք նույնը չէին լինելու: Վստահ էի` մի մեծ ուժ իր մշտական տեղն էր զբաղեցնելու նրանց ներսում եւ այլեւս չէր լքելու նրանց: Առաջին իսկ կրակոցը դիպուկ էր… Չեմ չափազանցում, այդ օրվանից ես զինվորին նայում եմ այլ աչքով…

Փոքր տրամաչափի ականանետներով անարդյունավետ կրակ վարելուց հետո հակառակորդը գործի դրեց ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, որի յուրահատկությունը կրակ վարելու արագությունն է: Այն 12 փողանի է, շարժական, արագ խուսանավող: Բոցից միանգամից որոշեցինք կոորդինատները: Մեր 120 մմ ականանետային մարտկոցը արձակեց երկու ական ու լռեցրեց զենքը: Այդ օրը ես հասկացա` մեր առավելությունը դիպուկ կրակ վարող զինվորականն է: Այդ օրը ես հասկացա նաեւ, թե ինչու էր մեր հրամանատարներից մեկը, որին խնդիր չէի առաջադրել, ինձ հորդորում, որ իրեն էլ թիրախ հանձնարարեմ: Նա ուզում էր մեր ուժի ցուցադրության անմիջական մասնակիցը լինել… Այն ժամանակ ես եւ՛ ջղայնացա, եւ՛ ուրախացա…

Սեպտեմբերի 25-ին ես իմացա` ինչ է նվիրվածությունը: Երկու ականանետային դասակներ համալրված են պայմանագրային զինծառայողներով: Նրանցից շատերի համար սեպտեմբերի 25-ը հանգստյան օր էր: Բայց հենց ազդանշանը ստացան, մի մարդու պես հավաքվեցին: Հնարավոր է` մեկի երեխայի ծննդյան օրն էր, մյուսը ընկերների հետ էր, երրորդի գրպանում էլ գումար չկար, որ տաքսի վարձեր ու հասներ զորամաս… Բայց եկան… Չուշացան… Ահա, թե որտեղ է մեր ուժը…

Այդ օրը ես նաեւ թշնամու «ուժի» ականատեսն եղա. նրանց զինվորները, դիրքերը թողած, գլխապատառ փախչում էին…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #43 (1112) 5.11.2015 - 11.11.2015, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/11/2015