Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՐԱՆՍԻԱՆ՝ ԻՍԼԱՄԱՑՄԱՆ ՃԱՄՓԻՆ



Նոյեմբերի 13-ին և 14-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունները կրկին ստիպեցին ֆրանսիական հասարակությանը կանգնել ազգային անվտանգության ապահովման և ինքնության որոնման հրամայականի առջև: Եվ մինչ Ֆրանսիայի կառավարությունը ակտիվորեն մասնակցություն է ունենում «Իսլամական պետություն» ինքնահռչակ կազմակերպության դեմ բազմազգ կոալիցիայի հակաահաբեկչական գործողություններին՝ հասարակության ներսում լուրջ խմորումներ են ընթանում, որոնք կարող են կանխորոշել երկրի ճակատագիրը:

Վերջին երկու տասնամյակում Ֆրանսիան կարծես փոխհատուցում է Աֆրիկայի և Ասիայի մահմեդական ժողովուրդների նկատմամբ իր վարած գաղութացման քաղաքականության համար: Երբ 70-ական թվականներին տնտեսական ճգնաժամը ստիպեց այլընտրանքային ելքեր որոնել, Ֆրանսիայի կառավարությունը նախընտրեց հրավիրել իր նախկին գաղութների քաղաքացիներին՝ որպես էժան աշխատուժ: Ֆրանսիական լեգեոնում արտասահմանցիների ներգրավվածությունը, սահմանված արտոնությունները ներգաղթյալների համար հետագա տարիներին այդ երկրի քաղաքացիների թիվը ավելացրին գրեթե քառորդով՝ միաժամանակ առաջ բերելով հասարակական շատ լուրջ խնդիրներ: Մասնավորապես՝ սունի մահմեդականները չէին շտապում հետեւել ֆրանսիական օրենքներին, առավել ևս՝ ավանդույթներին: Արդյունքում՝ 2000-2010-ական թվականներին Ֆրանսիայում փաստացի ստեղծվեց երկու պետություն մեկ երկրի մեջ. բուն Ֆրանսիան՝ իր օրենքներով, ավանդույթներով, ժողովրդավարությամբ, և իսլամական համայնքը՝ ումման, որն իր սովորություններով ու կենցաղով հակադրվում է ֆրանսիական հասարակությանը:

Ըստ ՆԳՆ տվյալների՝ 2015 թվականի սկզբին երկրում բնակվում էր շուրջ 5 միլիոն մահմեդական, որը կազում էր բնակչության ավելի քան 10 տոկոսը, ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը հասնում է 8 միլիոնի: Արագ է ընթանում նաև իսլամական պաշտամունքային կենտրոնների ստեղծման գործընթացը. եթե 2000 թվականին Ֆրանսիայում գործում էր շուրջ 600 մզկիթ, ապա արդեն 2006 թվականին՝ 2147, իսկ այսօր՝ ավելի քան 2,5 հազար, և դա դեռ պաշտոնապես գրանցվածները: Մահմեդականների մեծ մասը սունի է: Գրեթե մեկ տոկոս են կազմում սալաֆիական ուղղության հետևորդները, ինչպես նաև ծայրահեղականները, սակայն այդ թիվը կարող է կտրուկ աճել, եթե վերջիններիս կողմից իրականացվի համապատասխան քարոզչություն:

Բացի ներգաղթյալներից՝ Ֆրանսիայում իսլամ դավանողների թիվն ավելանում է բնիկ ֆրանսիացիների հաշվին: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ տարեկան իսլամ է ընդունում 50-70 հազար մարդ: Նման քայլերով Ֆրանսիան մոտ տասնամյակում կարող է դառնալ Եվրոպայի առաջին իսլամական պետությունը:

Մահմեդականները բնակվում են Ֆրանսիայի խոշոր քաղաքների արվարձաններում՝ կազմելով այդ շրջանի բնակչության 70-80 տոկոսը (հիմնականում փակ համայնքներով, իրենց օրենքներով, սովորություններով, կիրառվում է նույնիսկ շարիաթը): Նրանք նույնիսկ արդեն ֆրանսերեն չեն խոսում: Ներգաղթյալների մեծ մասը գործազուրկ է, ապրում է պետությունից տրվող նպաստներով, մեծ է հանցագործության ցուցանիշը, առաջին տեղում թմրամիջոցների շրջանառությունն է: Երբեմն ֆրանսիական օրինապահները այդ արվարձաններում ստիպված են լինում զենքով կարգուկանոն հաստատել, տեղաբնակները հաճախ ֆիզիկական հաշվեհարդարի վտանգի տակ նախընտրում են հեռանալ իրենց տներից: Տեղական դպրոցներում Ղուրան են անցնում, արաբերեն:

Մահմեդականները չեն ծառայում ազգային բանակում, բայց նպաստ են ստանում՝ դառնալով տնտեսական բեռ պետության համար: Նպաստների կրճատումը երբեմն դառնում է բողոքների և ցույցերի պատճառ, անհնազանդության դրսևորման առիթ: Միաժամանակ մահմեդական ֆրանսիացիների միայն 80 տոկոսն է դրական վերաբերվում քրիստոնյաներին: Նրանց 50 տոկոսը դեմ է կանանց և տղամարդկանց համար նախատեսված ընդհանուր լողավազաններին կամ հանգստյան վայրերին: Մահմեդականներով բնակեցված թաղամասերում նկատելի է դառնում նաև բնիկների իսլամացումն ու ուծացումը՝ երբեմն նույնիսկ պարտադրական ձևով:

Հիմնականում աթեիստ ֆրանսիական հասարակությունն իրականում պարարտ հող է դառնում իսլամի և այլ կրոնա-գաղափարական ուսմունքների տարածման համար: Մահմեդական քարոզչության նպատակով մեծ գումարներ են ծախսվում, գործադրվում են ազդեցիկ լրատվամիջոցներ: Կաթոլիկ եկեղեցու թույլ դիրքի և այլընտրանքի բացակայության պարագայում ֆրանսիացի երիտասարդները հեշտությամբ ընկնում են իսլամի քարոզիչների ճիրանները՝ նույնիսկ կողմնորոշվելով դեպի «Իսլամական պետություն», «Ալ Քայիդա» և այլ ահաբեկչական կազմակերպությունների տեղական կառույցները: Ըստ ուսումնասիրությունների՝ ֆրանսիացի շուրջ 4000 օգտատեր այցելում է ծայրահեղ իսլամիստական ջիհադական կայքեր:

Ֆրանսիայի համար ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևորագույն խնդիր է նաև իսլամական տարազի՝ փարաջայի և հիջաբի արգելման հարցը, որը տարեցտարի հասարակության մեջ լրջագույն բախումների առիթ է դառնում: Թեև ավանդական կամ իսլամական հագուստ հագնում է մահմեդականների միայն 8 տոկոսը, բայց նրանք ավելի կտրուկ են տրամադրված արգելքների նկատմամբ: Վերջին 15 տարիների ընթացքում հիջաբ կրելու համար տույժերը հանգեցրել են նույնիսկ խռովությունների, որոնք ուղեկցվում են ավտոմեքենաների հրդեհմամբ, տեղաբնակների տների վրա հարձակումներով և ոստիկանության հետ արյունալի բախումներով:

«Արաբական գարնան» հետևանքով Եվրոպա, մասնավորապես՝ Ֆրանսիա, մեծ թվով մահմեդական փախստականներ են ներգաղթել, որոնք հաստատվելով այդ երկրում, շարունակում են ապրել իրենց երկրի սովորույթներով և առաջնորդվել շարիաթով՝ ավելի սրելով իրավիճակը: «Իսլամական պետության» վերջին գործողություններից հետո բնիկ ֆրանսիացիների շրջանում մեծացել է ոչ միայն ազգային դիմագծի պահպանման, այլ նաև ազգային, նույնիսկ ֆիզիկական անվտանգության համար տագնապը: Այդ պատճառով էլ երկրում տարեցտարի մեծանում են ազգայնական և նույնիսկ այլատյացության դրսևորումները, որոնք կարող են մի օր հանգեցնել խոշոր միջէթնիկ բախումների:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Տարածաշրջան


10/12/2015