Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐՈՂ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆ ՈՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ



Արձակագիր, հրապարակախոս և թարգմանիչ Հովիկ Վարդումյանի «Թալանչին» պատմվածքն արժանացել է 2015 թվականին կայացած ՀՀ ՊՆ և ՀՀ ԳՄ համատեղ մրցանակաբաշխության հատուկ մրցանակին:

Հովիկ Վարդումյանը՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված Սարիբեկ Վարդումյանի որդին, որ իր հորը ճանաչում է միայն լուսանկարից, զենքը ցած է դնում միայն 1994 թվականին, երբ կնքվում է զինադադարի համաձայնագիրը: Մարտական ուղին սկսելով Երասխավանից և մասնակցելով Նոյեմբերյանի, Վարդենիսի, Շահումյանի և Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ինքնապաշտպանական մարտերին՝ իր կռիվն ավարտում է Մարտակերտի շրջանի Կարմիրավանի մատույցներում: Մարտական անբասիր ծառայության համար Հ. Վարդումյանն արժանացել է ՀՀ և ԼՂՀ գերատեսչական մի շարք մեդալների և պատվոգրերի: Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շուրջ 15 լեզուներով: «Շուշիի ազատագրումը» գիրքը, պատերազմի տեսաբանների վկայությամբ, Արցախյան հերոսամարտի լավագույն վավերագրություններից մեկն է:

-Ճակատագրի բերումով Դուք մշտապես կապված եք եղել բանակի հետ՝ հատկապես մեր երկրի համար օրհասական պահերին: Ո՞րն է եղել Ձեր առաջին առնչությունը բանակին: Եվ ինչպե՞ս է սկսվել՝ որպես գրող, Ձեր կայացման ուղին:

-Բանակի հետ առաջին առնչությունս եղել է զինվորական ծառայությունը, որն անցել է Ռուսաստանում՝ շինգումարտակում: Այն ժամանակ բոլոր փոքր ազգությունների ներկայացուցիչներն էլ այս գումարտակներում էին ծառայում: Երեք տարվա ծառայության ընթացքում զենք ընդհանրապես չեմ տեսել: Մինչև շարժումն սկսվելն աշխատում էի գիտահետազոտական «Աերոզոլ» անվամբ հիմնարկում: Թեմայի ղեկավար էի, գլխավոր կոնստրուկտոր: Բայց, ճիշտն ասած, իմ ուշքն ու միտքը գրելն էր: Մեկ էլ, որ մուսաս գալիս էր, թաքնվում էի գծագրական տախտակի ետևը ու սկսում գրել: Դրանք իմ առաջին քայլերն էին:

-Ինչպե՞ս կայացավ Ձեր զինվորագրումը Արցախյան պատերազմին:

-Երբ շարժումն սկսվեց, ամբողջովին թաթախվեցի դրա մեջ: Ուր գնում էի, շուրջս հավաքում էի համախոհների, ոգևորում: Հետո երկրաշարժը եղավ… Անմիջապես հավաքեցի ընկերներիս, ու երեք օրով գնացինք Սպիտակ: Իհարկե, շատ դաժան օրեր էին, շատ բաներ տեսանք: Հետո սկսվեցին հանրահավաքները: Ոչ միայն ես, 1989 թվականի աշնանն արդեն շատերը հասկացան, որ այս ամենը թատրոն չէ, որ պատերազմը հասունացել է: Հիմնարկի տղաներից կազմեցի 15-20 հոգանոց ջոկատ: Զուգահեռ նորանոր ջոկատներ էին ստեղծվում: Որոշվեց միավորել բոլոր ջոկատները: Հրամանատարներով հանդիպեցինք, խոսեցինք, համաձայնության եկանք. ստեղծվեց «Դավիթ Բեկ» ջոկատը:

-Երբ հիշում եք պատերազմական տարիները, ի՞նչն է, որ չի մոռացվում, ո՞րն է ամենավառ հիշողությունը:

-Ամենակարևորն ինձ համար այն էր, թե ինչպես են մարդիկ վախը հաղթահարում: Մեծ մարդ էի, բայց դիակներից վախենում էի: Տեսել եմ մարդկանց, որոնք մինչև տեղ հասնելը հերոս էին՝ ամեն մեկը մի Անդրանիկ: Նրանք մեծ-մեծ խոսում էին, իսկ հետո՝ ծիծաղի առարկա դառնում: Վախը հզոր բան է: Հաղթահարեցիր՝ դառնում ես զինվոր: Ամենակարևորն այն է, որ պատերազմը ցույց է տալիս, թե դու ով ես իրականում: Մարտի դաշտում խաղալ հնարավոր չէ: Վտանգը չի հարցնում բարեկամ, «խառոշի», գող-մող: Ինձ համար կարևորն այն էր, որ ես վերագտա ինձ և սկսեցի ինքս ինձ հարգել: Զգայուն, նուրբ հոգու տեր մարդ էի, մտածում էի՝ թույլ եմ, վախկոտ…

-Պատերազմը դեռ ավարտված չէ: Չասենք, որ հաղթեցինք, ասենք՝ ստիպեցինք մեզ հետ զինադադար կնքել: Ի՞նչն էր պատճառը, որ չունենալով այն զինատեսակները, աջակցությունը, ինչը լիուլի ուներ թշնամին, մենք հաղթող էինք դուրս գալիս մարտերում:

– Հիմնականը, իհարկե, ոգին էր: Մեր ոգին բարձր էր, խոսք չկա: Բայց այլ պատճառներ էլ կային: Մենք միատարր ազգ ենք, մեր երկիրն էինք պաշտպանում, մեր հողն էինք ազատագրում: Ադրբեջանը բերում էր լեզգիներին, թալիշներին, սրան-նրան, ու հիմնականում նրանց էին առաջ քշում: Իսկ նրանց մեջ տեր լինելու՝ տիրոջ գիտակցությունը չկար, և չէին կռվում: Մյուս պատճառը՝ մահմեդականները սովոր են խմբային մարտի: Իրենք իրենց լավ են զգում, երբ շատ են, դիմացինը՝ փոքրաթիվ: Հենց որ դեմ են առնում զորեղ ուժի, խուճապի են մատնվում: Ցանկացած զինատեսակ, որ բերվում էր, նույնիսկ մեր գյուղացի տղերքը անմիջապես հեշտությամբ գործի էին դնում. իսկ նրանք դեռ երկար պիտի մտածեին: Կարևոր զինատեսակները վարձկաններին էին վստահվում:

-Ձեր գործերը կարդալով՝ ինձ համար ձևավորվել է իր հայրենիքի համար մորմոքվող, մարդկային հոգեբանությունը հետազոտող, նուրբ և մեծ դիտողականության տեր փիլիսոփա գրողի մի եզակի կերպար, որ նաև խոսքով է մարտնչում իր հայրենասիրական բարձր սկզբունքների և մարդ կոչման համար:

-Կռվի ժամանակ օրագիր էի պահում. յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր օր բոլոր իրադարձությունները գրառում էի: Ինձ համար սա մեծ հարստություն է. մինչ օրս ես դրանցից օգտվում եմ: Բայց մի անգամ, երբ որոշ ընդմիջումով եկա Երևան, մի վիպակ գրեցի՝ «Անահիտ Աստվածուհու վերադարձը»: Հիվանդ տղայի մասին է, որ դատապարտված է մահվան, և աղջիկը իր սիրով բժշկում է նրան: Այն տարիներին, երբ մութ էր, ցուրտ էր, մարդիկ հիասթափված էին, այս գիրքը շատ մարդկանց օգնեց, հույս ներշնչեց:

-Ի՞նչ փոփոխություն կրեց Ձեր գրականությունը պատերազմից հետո…

-Չեմ կարող ասել, թե ինչ, բայց որ լիովին փոխվեց աշխարհընկալումս, դա հաստատ է: Ես ավելի շատ այս թեմայով սկսեցի գրել: Պատերազմը իրենով այնքան լցրեց իմ կյանքը, որ որքան էլ ուզենամ այլ թեմաներով գրել, միևնույն է, այն իմ մտքում մշտապես պտտվում է, սնուցում մյուս թեմաները:

-Որպես հոգեբան, ինձ հատկապես հետաքրքրել են Ձեր «Լաբիրինթոս» «Մակընթացություն», «Եթե մոռանաս, կանիծեմ քեզ» և մի քանի այլ ստեղծագործություններ, որոնցում ավելի շոշափելի են մտորումները կյանքի և մահվան, այս և անդրաշխարհների մասին, որոնք նաև մահվան աչքերին ուղիղ նայած զինվորի ապրումներն են: Ձեր «Եթե մոռանաս, կանիծեմ քեզ» գրքում միստիկական գիծ է անցնում, որը իրական հիմքեր ունի: Երազում համառորեն հայտնվող ծեր կինը հորդորում է անպայման գրի առնել ցեղասպանության ժամանակ իր հետ կատարվածը և դասեր քաղել անցյալից, միշտ պատրաստ լինել ինքնապաշտպանության…

-Մեզնից յուրաքանչյուրը պետք է մտածի, որ հենց վաղը սկսվելու է պատերազմը: Պետք է միշտ հիշենք, որ հույսներս միայն մեր բազկի ուժի և ոգու վրա պիտի դնենք: Հիմա մենք բանակ ունենք, և սա ամենակարևորն է: Ես պահում եմ իմ զրահաբաճկոնն ու գլխարկը, տափաշիշը. միշտ պատրաստ եմ:

-Ձեր կերտած պատերազմական կերպարներից ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-«Կանթեղի» Հայկը հիսուն տոկոսով ես եմ, հիսուն տոկոսը հավաքական կամ մտացածին կերպար է: Գրքում շատ դատողություններ, մտորումներ կան, որ իմն են: Օրինակ՝ մի խոսք կար, որ մեր տղերքին միշտ ասում էի. «Առաջ գնալիս ես պետք է առջևում լինեմ, իսկ հետ գնալիս պետք է վերջում լինեմ»: Հիմա ձեր ձեռքին եղած «Բաժանարար գիծ» գրքի մեջ, օրինակ, «Բաջին» պատմվածքում նկարագրվածն իմ աչքի առջև է տեղի ունեցել: Թուրքի գյուղում մնացած պառավի մասին է: Մյուս պատմվածքում հերոսը թուրքի շունն է, որի տերը փախել-գնացել էր, իսկ ինքը հավատարմորեն պահպանում էր տունը:

Հովիկ Վարդումյանի 2013թ. լույս տեսած «Վերադարձ» ժողովածուի որոշ պատմվածքներ թվագրված են 1976-2013, 1985-2013թթ., մի բան, որ հուշում է ոչ միայն այն, որ հեղինակը այդ տարիների ընթացքում մշակել է դրանք, այլ նաև այն, որ ժամանակն ինքը շատ բաներ խմբագրում, դնում է իրենց տեղը, իսկ շատ բաներ էլ կրկնվում են…

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #48 (1117) 10.12.2015 - 16.12.2015, Հոգևոր-մշակութային


10/12/2015