Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀԸ 2015թ.-ԻՆ՝ 12 ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ



1. Հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի նախաձեռնությամբ սկսեց պաշտոնապես գործել ամենախոշոր միջպետական տարածաշրջանային կազմակերպությունը՝ Եվրասիական տնտեսական միությունը: Հունվարի 2-ից կազմակերպության լիիրավ անդամը դարձավ Հայաստանը, իսկ օգոստոսի 12-ին՝ Ղրղըզստանը: Համադաշնության տարածքը կազմում է 20 229 248 քառ. կմ, բնակչության թիվը՝ 183 053 180 մարդ: ՀՆԱ-ն հինգերորդն է աշխարհում:

2. Մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմական մեծ շքերթը, որի ժամանակ ակնհայտ դարձան գերտերությունների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները և ռազմաքաղաքական սուր բևեռացումը: Հրավիրված 60 երկրներից շքերթին մասնակցեցին միայն 10-ը, բայց շքերթը դարձավ 21-րդ դարի պատմության մեջ խոշորագույնը: Շքերթին մասնակցեց շուրջ 15 հազար զինվորական: Մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները: Շքերթում ներգրավված էր 194 միավոր տեխնիկա:

3. Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը Ծիծեռնակաբերդ այցելեցին Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Կիպրոսի նախագահները, շուրջ 70 երկրների ներկայացուցիչներ: Նույն օրը՝ ցեղասպանության ժխտողականության և պատմության նենգափոխման ավանդական ուղեծրի շրջանակներում Ստամբուլում տեղի ունեցավ Գալիպոլիի հաղթանակին նվիրված ռազմական շքերթը, որը քննադատության ենթարկվեց միջազգային հանրության կողմից:
Աշխարհի սոցկայքերում Հայաստանը դարձավ ամենաորոնվող երկիրը՝ շնորհիվ Քիմ Քարդաշյանի, որն այս տարվա ապրիլին ամուսնու՝ ռեփեր Քանիե Ուեսթի հետ ժամանել էր իր պատմական հայրենիքը:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը ապրիլի 12-ին Սուրբ Աթոռում մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման պատարագ, որի ժամանակ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց համաքրիստոնեական՝ «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը, որին մինչ օրս արժանացել էր ընդամենը 35 մարդ:

4. Հունվարի 7-ին Եվրոպան ցնցվեց Ֆրանսիայում՝ «Շարլի Էբդո» երգիծական ամսագրի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչությունից, որը կազմակերպել էին իսլամական ծայրահեղականները: Զոհվեց 12 մարդ: Ահաբեկչությունը գրանցվեց որպես խոսքի ազատության դեմ 21-րդ դարի մեծագույն հանցագործություն: Կարեկցանքի և իսլամիստական ծայրահեղության դեմ ցույցեր տեղի ունեցան աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում: Փարիզում հունվարի 11-ին ընթացավ «Համերաշխության երթը», որին մասնակցեցին աշխարհի 40 երկրների առաջնորդներ, պետական գործիչներ ու անվանի մարդիկ: Ընդհանուր առմամբ, երթին մասնակցեց 1,5 միլիոն մարդ:

5. Միջազգային հանրությանը ցնցեց օգոստոսին՝ Թուրքիայի ափին հայտնաբերված սիրիացի փախստական ջրահեղձ եղած երեխայի նկարը: Եվրոպան ողողվեց Մերձավոր Արևելքից փախստականների հոսքով: Տարվա ընթացքում ԵՄ է տեղափոխվել (միայն պաշտոնական տվյալներով) շուրջ 300 հազար փախստական: Ոչ օրինական փախստականների մի մասը դժբախտության ալիքի վրա փող աշխատողների անփութության զոհը դարձավ: Միաժամանակ փախստականների «Մեծ գաղթը» միասնականության մեծ փորձություն էր Եվրամիության համար:

6. Հուլիսին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների արդյունքում՝ Իսլամական Հանրապետությունից հանվեց 1979 թվականին սահմանված պատժամիջոցների մի մասը: Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան պայմանավորվեցին Իրանի հետ, որ միջուկային ծրագրերի կասեցման դիմաց վերջինս կստանա տնտեսական և ֆինանսական գործունեության ազատություն: 1980 թվականից առաջին անգամ Թեհրանի և Վաշինգտոնի միջև կանոնակարգվեցին դիվանագիտական հարաբերությունները:

7. «Իսլամական պետության» կողմից 2015 թվականի ընթացքում իրականացվել են ցեղասպանական գործողություններ Սիրիայի և Իրաքի քրիստոնյա ու եզդի ազգաբնակչության նկատմամբ, որոնց զոհ է գնացել շուրջ 7800 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Արձանագրվել են առավել դաժանությամբ կատարված սպանություններ, կտտանքներ, ստրկավաճառության բազմաթիվ դեպքեր: Իսլամական այս ահաբեկչական կազմակերպության գազանաբարո գործողություններից տուժել է նաև համաշխարհային մշակութային ժառանգությունը՝ ոչնչացվել են բազմաթիվ հնագույն մշակութային կենտրոններ և համամարդկային արժեքներ:

8. Նոյեմբերի 24-ին Սիրիայի սահմանի մոտ թուրքական ռազմաօդային ուժերը խոցեցին ռուսաստանյան հձ-24 ինքնաթիռը՝ պատճառաբանելով Թուրքիայի օդային սահմանը խախտելը: Ռուսաստանը մեղադրեց թուրքական իշխանություններին՝ «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկիչներին բացահայտ սատարելու համար: Միջադեպը հանգեցրեց Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունների կտրուկ սառեցմանը և երկկողմանի տնտեսական պատժամիջոցներին: Միջադեպն ավելի խորացրեց ՆԱՏՕ – Ռուսաստան հակասությունը:

9. Նոյեմբերի 13-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում կազմակերպեցին ահաբեկչական գործողություններ, որոնց զոհ գնաց շուրջ 130 մարդ, իսկ 350-ը՝ վիրավորվեց: Ֆրանսիայում ահաբեկչությունը դատապարտեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փարիզյան ահաբեկչությունը Եվրոպայում հակաիսլամական մեծ ալիք առաջացրեց:

10. Ռուս աշխարհահռչակ նկարիչ Կազիմիր Մալևիչի հանրահայտ «Սև քառակուսի» կտավի ուսումնասիրության ժամանակ գիտնականները հայտնաբերել են ավելի վաղ արված գունավոր ևս երկու նկար: Հաստատվել է նաև, որ նկարը իրոք կոչվել է «Նեգրերի ճակատամարտը մութ քարանձավում»:
Պոլ Գոգենի «Ե՞րբ է հարսանիքը» կտավը հանվել է վաճառքի (ոչ թե՝ աճուրդի), որի համար անհայտ գնորդը վճարել է ավելի քան 300 միլիոն դոլար:

11. Առաջին անգամ նախկին խորհրդային երկրներից Բելառուսի ներկայացուցիչը՝ գրող Սվետլանա Ալեքսիևիչը, արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի:

12. Նոյեմբերին Բոտսվանայում հայտնաբերվել է վերջին 100 տարվա ընթացքում երկրորդ՝ իր ծավալով ամենախոշոր ալմաստը՝ 1111 կարատ կշռով:

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Ռազմաքաղաքական


29/12/2015