ԽՈՀ ԵՐԱԽՏԻՔԻ
«Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» ուղերձի վերընթերցումը ինձ՝ հայոց բանակի զինվորագրյալին, ամիսներ հետ տարավ։
Չմանրամասնելով ասեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարի շտապ եւ անմիջական աջակցության կարիքն ունեի։ Դիմեցի, ընդունելություն խնդրեցի։ Պատասխանը չուշացավ։
…Ամիսներ են անցել այդ օրից, սակայն այն տպավորությունը, զգացումը, որ համակեց նախարարի մոտ ընդունելության առաջին իսկ պահերից, անանց է։
Ներս եմ մտնում ես՝ հայոց բանակի սպան, ու նախարարը ոտքի է կանգնում։ Շփոթահար եմ։ ՀՀ պաշտպանության նախարարը՝ հայոց բանակի բարձրաստիճան սպան, գեներալ-գնդապետը հոտնկայս է ընդունում հայոց բանակի սպային, մայորին։ Անմեկնելի է զգացողությունս։ Շփոթմունքս մասնակիորեն հաղթահարվում է, երբ տեսնում եմ նրա քաջալերող ու անսահման բարի ժպիտը։ Լուռ եմ։ Կարծես մոռացել եմ ասելիքս… Բարձրացնում եմ հայացքս. դիմացս նախարարն է իր գոտեպնդող հայացքով։ Շփոթմունքից շիկնած, կցկտուր ներկայացնում եմ խնդրանքս։ Լուռ լսում է։ Լուծվում է ինձ մտահոգող խնդիրը։ Իսկ շփոթմունքս կարծես չի անցնում։ «Ամեն ինչ կկարգավորվի»,- հետեւում է նախարարի վստահեցնող խոսքը՝ ասես ի պատասխան իմ շփոթմունքի։ …Իսկ ես մինչ ընդունելությունը այնքան մտահոգ էի, այնքան հուզված, ասելիքս երկար-բարակ ներկայացնելու բառեր էի որոնում, ծանրութեթեւ անում…
Թերեւս այս փոքրիկ դիպված-հանդիպումը «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» համաժամանակյա ուղերձի ամենաբնորոշ, ամենախոսուն օրինակներից է, որ հանձին նախարարի՝ դրսեւորվեցին հրամանատարին բնորոշ բոլոր հատկանիշները։
Այո՛, ամիսներ են անցել, բայց անանց է օրվա տպավորությունը, նախարարի՝ հրամանատարիս հետ հանդիպման զգացողությունը։ Ու թեեւ ուշացումով, սակայն չեմ կարող չբարձրաձայնել. «Շնորհակալ եմ Ձեզ, իմ հրամանատար, իմ ավագ ընկեր»։
ԿԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Ճակատագրեր