ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ուսումնականից հետո ծառայության նշանակվեցի մարտական խնդիր կատարող զորամասերից մեկում: Ծառայում եմ սահմանի բերանին` հակառակորդի հետ անմիջական շփման գծում: Մեկ ամսից մի քիչ ավելի է, որ այստեղ եմ, բայց արդեն հասցրել եմ զգալ ու ամենակարեւորը՝ հասկանալ սահմանային ծառայության էությունը… ՍԱՀՄԱՆՈՒՄ ծառայելը խաղ ու պար չէ, այստեղ ամեն ինչ խստագույնս ենթարկվում է զինվորական կարգուկանոնին, ամեն ինչ արվում է ժամացույցի ճշգրտությամբ: Այստեղ քաջությանը, ուժին, համարձակությանը հավասար, գուցեեւ առավել՝ կարեւորվում են բարձր կարգապահությունն ու կազմակերպվածությունը, հրամանատարական կարգադրությունների, մարտական հերթապահության կարգին տառացիորեն հետեւելը:
Նոր տարին դիրքերում անցկացրի մարտական հերթապահության մեջ: Պինդ բռնել եմ ավտոմատս ու դիտարկում եմ կատարում: Դիմացս՝ մի քանի հարյուր մետր հեռու, թշնամու զինվորն է, երեւի ինձ նման մեկը, որ նույնպես Նոր տարին խրամատում դիմավորելու պատվին է արժանացել: Ես իրեն եմ դիտարկում, ինքն էլ ինձ՝ մեկս մյուսին փորձելով բռնացնել վրիպման պահին…
Ես հաստատ այդ շանսը նրան չեմ տա, պարզապես իրավո՛ւնք չունեմ:
Նոր տարի է, բայց մենք ծառայության մեջ ենք եւ պարտավոր ենք զգոն լինել:
Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:
Հարգանքներով՝ կրտսեր սերժանտ Միքայել Աբրահամյան
Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում