ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՍԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի հարցում Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունից:
Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները:
Նման արյունալի հարձակումները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար Կոնգրեսի 85 անդամներ վերջերս համատեղ նամակ ստորագրեցին՝ կոչ անելով Օբամայի վարչակազմին իրականացնել հետևյալ երեք քայլերը երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ: Նախ՝ դուրս բերել դիպուկահարներին, երկրորդ՝ ավելացնել միջազգային դիտորդների թիվը, և երրորդ՝ տեղադրել կրակոցների ուղղությունը ճշտող սարքավորումներ: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը մերժել է բոլոր երեք առաջարկները, իսկ Հայաստանը, Արցախը և Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) ընդունել են դրանք:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն անցյալ շաբաթ դռնփակ ճեպազրույց ունեցավ դեսպան Ուորլիքի հետ, իր և կոնգրեսական Էլիոթ Էնգելի նախաձեռնած առաջարկների իրականացման կապակցությամբ: Մինչ դռնփակ հանդիպումը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տասը հարց էր տարածել դեսպան Ուորլիքի համար: Եվ քանի որ հայտնի չէ՝ այդ հարցերը բարձրացվե՞լ են կոնգրեսական ճեպազրույցի ընթացքում, թե ոչ, ապա պետք է խնդրել Օբամայի վարչակազմին հրապարակավ արձագանքել առաջ քաշված հարցերին, որպեսզի բոլորը տեղյակ լինեն Արցախյան հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշմանը:
Պաշտոնական պատասխանի ստացումն ապահովելու համար ես առաջարկում եմ այս հարցերը տեղադրել Սպիտակ տան կայքէջի «Առաջարկություններ» բաժնում: Կայքում նշված է, որ Օբամայի վարչակազմը 60 օրվա ընթացքում հանդես կգա պաշտոնական պատասխանով ցանկացած առաջարկության վերաբերյալ, որը տեղադրվելուց հետո 30 օրվա ընթացքում կհավաքի 100 հազարից ավելի ստորագրություն: Ադրբեջանցիներն արդեն օգտվել են այս բացառիկ հնարավորությունից՝ Սպիտակ տան կայքում տեղադրելով երկու հակահայկական առաջարկություն, որոնք համապատասխանաբար հավաքել են 105686 և 126828 ստորագրություն: Ինչպես և սպասվում էր, Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան ադրբեջանական երկու առաջարկությունների:
Ստորև ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տասը հարցերը, որոնք, որպես առաջարկություն, պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում.
1) Ի՞նչ հատուկ քայլեր է ձեռնարկել (եթե այդպիսիք կան) Միացյալ Նահանգների կառավարությունը ապահովելու համար Ռոյս-Էնգելի խաղաղության հաստատմանն ուղղված առաջարկները՝ մասնավորապես՝ դիպուկահարների չտեղակայման, դիտորդների ավելացման և շփման գծի երկայնքով կրակոցների ուղղությունը ճշտող համակարգերի տեղադրման վերաբերյալ համաձայնության գալու առնչությամբ:
2) ԱՄՆ Պետդեպարտամենտը շատ համարձակ և բացահայտ էր՝ ասելով թե, իր կարծիքով, հայկական կողմը ինչ զիջումների պետք է գնա: Արդյոք ԱՄՆ կառավարությունը պատրա՞ստ է այս հանրային դիվանագիտությանը համապատասխան նույնքան բացահայտ և հստակ պահանջներ ներկայացնել Ադրբեջանին:
3) Որո՞նք են այն հատուկ փաստերը, իրավական փաստարկները և քաղաքական նկատառումները, որոնք հանգեցրին մեր կառավարության կողմից Կոսովոյի, սակայն ոչ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ճանաչմանը:
4) Արդյոք Ադրբեջանի կառավարության ներքին հալածանքների և համատարած կոռուպցիայի մասին տվյալները որևէ կերպ ազդո՞ւմ են, թե ինչպես է մեր կառավարությունը նայում Ադրբեջանի ձգտմանը՝ տարածելու իր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա:
5) Ինչո՞ւ Ադրբեջանի կողմից Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան լիովին (փաստագրված և տեսանկարահանված) ոչնչացումը այդպես էլ երբեք չնշվեց Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների կամ կրոնական ազատության մասին զեկույցներում:
6) Ո՞րն է ԱՄՆ կառավարության ներկայիս պահանջը (եթե այդպիսին կա) ազատ արձակված և մինչ օրս չզղջացող մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին բանտարկելու վերաբերյալ:
7) Ո՞րն է ԱՄՆ քաղաքականությունը Ադրբեջանի կառավարության կողմից հայկական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիների ճանապարհորդական սահմանափակումների վերաբերյալ:
8) Ինչպիսի՞ն է ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների, հատկապես Թուրքիայի նկատմամբ, որը արդի հարձակողական զենքեր է վաճառում կամ փոխանցում Ադրբեջանին:
9) Ի՞նչ հատուկ սահմանափակումներ գոյություն ունեն ճանապարհորդության և կապի առնչությամբ Միացյալ Նահանգների քաղաքացիների և պաշտոնատար անձանց ու Լեռնային Ղարաբաղի միջև: Ի՞նչ հիմնավորումներ կան այս ազատությունների որևէ սահմանափակման համար: Որո՞նք են նման սահմանափակումների (եթե այդպիսիք կան) թվացյալ օգուտները:
10) Ձեր կարծիքով՝ ի՞նչ օգուտներ են հետապնդում (եթե այդպիսիք կան) ԱՄՆ պաշտոնական հանրահայտ զսպվածությամբ՝ Ադրբեջանի բացահայտ հակահայկական սադրանքները, սպառնալիքները և միջսահմանային հարձակումները վիճարկելիս:
Կարծում եմ, որ լայն հնչեղություն ստացած առաջարկությունը կարող է 100 հազարից ավելի ստորագրություն հավաքել Սպիտակ տան կայքում տեղադրման օրվանից 30 օրվա ընթացքում, հատկապես եթե նշանավոր անձանց բազմաթիվ հետևորդները նեցուկ կանգնեն այս առաջարկությանը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Տարածաշրջան