ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 24 ՏԱՐԵԿԱՆ Է
Ամերիկահայ զինյալներ կազմակերպությունը ստեղծվել է 2007 թվականին Հովհաննես (Ջան) Սուրուչլյանի կողմից Լոս Անջելեսում: Կազմակերպության նպատակն է համախմբել հայ երիտասարդներին՝ սովորեցնելու արտակարգ իրավիճակներում առաջին օգնությունը հասցնել անհատներին, բնակչությանը, գոյատեւել արտակարգ իրադրության պայմաններում, կարողանալ օգտվել բժշկական, զինվորական զանազան միջոցներից, գործիքներից, որոնք անհրաժեշտ են առաջին օգնություն ցուցաբերելիս:
Ամերիկահայ զինյալները հուզմունքով ու անհանգստացած հետեւում են շփման գծից եկող նորություններին: Խիստ անհանգստացած եւ զայրացած են հակառակորդի կողմից ծանր զինատեսակների օգտագործման առիթով, մանավանդ, որ դրանք կիրառվում են խաղաղ բնակչության նկատմամբ: Շատ են ցավում մեր զինվորների՝ երիտասարդների մահվան առիթով, ովքեր անձնվիրաբար, հերոսական մարտի են բռնվում հակառակորդի հետ եւ արժանի հակահարված տալիս:
Կազմակերպության անդամները շնորհավորում են ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ենթասպայական, սերժանտական կազմերին եւ զինվորներին՝ Հայոց բանակի 24 ամյակի կապակցությամբ: Ամերիկահայ զինյալները հավատացած եւ համոզված են՝ մեր բանակը, որն իրավամբ անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումն է, վստահորեն կատարում եւ կատարելու է իր առջեւ դրված առաքելությունը՝ սահմանների անխախտ պահպանումը: Հայոց բանակը՝ հաղթանակած բանակը, հայատյաց ոսոխից մեր սահմանների եւ խաղաղության պահպանման միակ երաշխավորն է, հակառակորդի զսպման միակ տարբերակը:
Կեցցե՛ հայոց բանակը,
Կեցցե՛ մեր հայրենիքը:
ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ
«Ամերիկահայ զինյալներ» կազմակերպություն
Խորագիր՝ #03 (1123) 04.02.2016 - 10.02.2016, Բանակ և հասարակություն