ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՆ Է
Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է զինված ուժերում ընթացող բարեփոխումների, նախորդ տարի արձանագրված հաջողությունների, առկա խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև 2016 թվականի տարեմուտի իր ուղերձի առանցքային դրույթների մասին:
Նախարարը խոսել է բարի ավանդույթ դարձած մշտական հանդիպումների, դրանց անհրաժեշտության ու նպատակայնության մասին և շեշտել, որ համատեղ կազմակերպվող միջոցառումները նպաստում են պաշտպանական համակարգի ամրապնդմանն ու առաջընթացին: Նրա հավաստմամբ՝ սեփական զինվոր-դեսպանն ունեցող յուրաքանչյուր ընտանիք պարտավոր է կարևորել բանակի դերակատարությունը:
«Բանակի դերակատարությունն անվտանգության համակարգի ձևավորման մեջ առաջնային է. մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք, իսկ անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է և փոփոխական: ՀՀ զինված ուժերը կարողանում են իրենց պատրաստականության, զինծառայողների մարտունակության, մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր որակների շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղության իրավիճակը, ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որոնք ստիպում են հակառակորդին զերծ մնալ լայնածավալ գործողություններից»,- ասել է նախարարը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դասախոսների և ուսանողության հարցերին պատասխանելիս խոսել է բանակ-բուհ համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերի, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, արատավոր բարքերի վերացման դեմ ուղղված միջոցառումների, զինվորականների աշխատավարձի բարձրացման մասին, ինչպես նաև անդրադարձել է սպառազինության համալրմանը, բանակի ներկայիս վիճակին, հրամանատարական կազմի պատրաստվածությանը վերաբերող խնդիրներին:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների մի շարք ներկայացուցիչների պարգևատրեց խրախուսական-խորհրդանշական մրցանակներով, նվերներով ու պատվոգրերով, իսկ համալսարանական երկու զինվոր-ուսանողի ընձեռեց 10-օրյա արձակուրդի հնարավորություն:
Միջոցառման վերջում «Հայ զինվորին» իրենց տպավորությունները ներկայացրին հավաքի մասնակիցներից մի քանիսը:
ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ
ԵՊՀ ռեկտոր
-Պաշտպանության նախարարի ամեն մի հանդիպում մեր բուհում հիշարժան է, քանի որ ուսանողների համար դաստիարակիչ ներուժ է պարունակում: Նախարարը ներկայացնում է բանակի առօրյան, ամփոփում արածի արդյունքները, խոսում անելիքների մասին, և նրա ուղերձից ու նման հանդիպումներից թույլատրելիի սահմաններում մենք տեղեկատվություն ենք ստանում և բավարար կարծիք կազմում մեր զինված ուժերի այսօրվա վիճակի, անելիքների մասին: Մենք շատ գնահատում ենք դա:
Ինչ վերաբերում է նախարարի այս տարվա ուղերձին, ապա, իրոք, առաջարկվող հինգ բանաձևերը շատ կարևոր են, բայց կուզենայի առանձնացնել համաժողովրդական բանակի գաղափարը: Մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք և փոքր երկիր, և որպեսզի մեր բանակը գործով ապացուցի, որ մեր գոյության միակ երաշխավորողն է, ինչն իսկապես այդպես է, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ մարդ, անկախ այն բանից, թե Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս է ապրում, իրեն պատասխանատու համարի հայկական բանակի զարգացման, կայացման, ծավալման և ուժեղացման համար: Այս տեսակետից մենք յուրաքանչյուրս լինելով թե՛ մեր տեղում և թե՛ հայրենիքի պաշտպանի կողքին՝ պետք է մեզ զգանք որպես բանակի անբաժանելի մասը: Սա է, իմ կարծիքով, ուղերձի ամենակարևոր միտքը:
ՎԱԼԵՐԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդչային
սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն,
գիտությունների թեկնածու
– Ես միշտ հպարտացել եմ մեր բանակով, իսկ այսպիսի բաց ու անկեղծ հանդիպումներից հետո այդ հավատն ավելի է ամրապնդվում: Հավատացած եմ, որ մենք կունենանք ավելի հզոր և կայացած բանակ, եթե պաշտպանության նախարարի ներկայացրած նախագծերը կյանքի կոչվեն:
Ուղերձի մեջ ինձ համար կարևոր տեղ է զբաղեցնում հրամանատար-զինվոր հարաբերությունները կանոնակարգելու՝ ավելի բարի, ավելի հարգալից դարձնելու ձգտումը: Ենթակաների ու հրամանատարության միջև ամենից շատ դժվարություններ ծագում են մեծամասամբ ոչ կանոնակարգված միջանձնային հարաբերությունների պատճառով, բայց ուղերձում մատնանշվեցին նաև նման իրավիճակներից դուրս գալու կարևոր ուղիները:
ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
-Հուսով եմ, որ ուղերձում նշված ուղենիշները՝ մանավանդ ռազմաարդյունաբերությանը և պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող, կիրականանան: Շատ խոստումնալից ուղերձ է, շատ դրական էր նաև նախարարի զեկուցումը: Միանշանակ, այսօր բանակը մեր երկրի ամենասուրբ հիմնարկն է:
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ
Արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
-Այսպիսի հանդիպումներն ուղղորդում են մեզ, պարտավորեցնում: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ ուղերձն իր ականջին օղ դարձնել: Եթե մենք ուզում ենք վաղվա մեր երազները իրականանան՝ պետք է մեր բանակի թիկունքին լինենք և օժանդակենք:
Այս հանդիպման ընթացքում ստացա բանակին վերաբերող և ինձ մտահոգող շատ հարցերի պատասխանները: Հիմա, լսածովս ոգևորված, կմտնեմ լսարան ու այդ ամենը կքննարկեմ իմ ուսանողների հետ…
ՀԱՅԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը գործնականում ամփոփիչ էր՝ հայոց բանակի գրեթե քառորդ դար անցած ճանապարհի ընդգրկումով: Կարծում եմ՝ նախարարի ներկայացրած հայեցակարգը բանակի մարտունակության, սպառազինության, պաշտպանական համակարգում ձեռքբերումների, կադրային քաղաքականության բնագավառում կատարվող աշխատանքների առումով իսկապես ուղենշային է և միտված ապահովելու մեր հանրապետության անկախությունը, մարտունակությունը, լինելիությունը: Այն նաև հանրակրթական, ինչպես նաև՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի անձնակազմին, հատկապես ուսանողությանն ուղղված ինքնատիպ կոչ էր՝ սիրել բանակը, լինել բանակի կողքին և մեկ անգամ ևս ապացուցել, որ Հայոց պետականության երաշխավորը իսկապես հայոց բանակն է:
ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր
– Արդեն իսկ կարևորն այն է, որ պաշտպանության նախարարը պարբերաբար այցելում է հայաստանյան բուհեր և հանդիպում դասախոսա-ուսանողական անձնակազմի հետ: Բուհն ու բանակը սերտաճած են միմյանց. մեր ուսանողների զգալի մասը առաջին կուրսից գնում է բանակ և ծառայությունից հետո էլ շարունակում ուսումը: Բնականաբար, ողջունելի է նման փոխհամագործակցությունը, փոխըմբռնումը: Ըստ իս՝ նախարարի այս տարվա ուղերձում կարևոր են բոլոր կետերը առանց բացառության: Սկզբունքային նշանակություն ունեցող ուղերձ է՝ կյանքի փորձից, իրավիճակի անհրաժեշտությունից բխած, ճշտորեն մտածված և շարադրված:
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
ավագ լեյտենանտ
Խորագիր՝ #05 (1125) 17.02.2016 - 23.02.2016, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում