Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԲԱՎԱՐԱՐՎԵ՛ՆՔ ԻՄԱՑԱԾՈՎ



ՉԲԱՎԱՐԱՐՎԵ՛ՆՔ ԻՄԱՑԱԾՈՎՏիգրան Հովհաննիսյան

հրետանավոր, փոխգնդապետ

 

Սիրեկան հորեղբորս մարտական ուղիով ոգևորված (նա Ախուրյանի երկրապահ կամավորական ջոկատի կազմում գործուն մասնակցություն է ունեցել մեր պաշտպանական ու ազատագրական կռիվներին)՝ սիրեցի զինվորականի գործը: Իսկ թե ինչու հենց հրետանավորի մասնագիտությունն ընտրեցի, դա էլ իր նախապատմությունն ունի:

Մենք բնակվում էինք Ծաղկահովիտում, որի հարևանությամբ դեռևս խորհրդային տարիներին կար մի մեծ զորավարժարան: Դպրոցական տարիներին հորս, հորեղբորս հետ շատ անգամներ եմ եղել այնտեղ, տեսել ռազմական տեխնիկան, ականատես եղել զորավարժանքների, հրաձգության՝ զենքի տարբեր տեսակներից… Զորավարժարանում ինձ ամենից շատ «գերում» էր հրետանին` իր սարսափազդու համազարկերով: Հենց հրետանին պատրաստում էին կրակի, ականջներս փակում էի և հիացմունքով հետևում հերթական համազարկին` փորձելով նշմարել պայթած արկի տեղը: Եվ քանի որ կրակի պահին աչքերս կկոցում էի, իսկ շատ հաճախ էլ՝ փակում, ինձ այդպես էլ չէր հաջողվում նշմարել պայթած արկի տեղը: «Լա՛վ,- հորդորում էի ինքս ինձ,- հաջորդ կրակի ժամանակ աչքերդ չես փակի…»: Եվ այդպես՝ այնքան ժամանակ, մինչև վարժվեցի հրետանուն էլ, նրա որոտընդոստ կրակին էլ: Ես սիրեցի հրետանին և մինչև ռազմական ինստիտուտ ընդունվելն արդեն հստակ որոշել էի, որ դառնալու եմ հրետանավոր:

Մի խոսքով, հորեղբորս օրինակով ոգեշնչված՝ դարձա  զինվորական, հրետանու կրակով ոգեշնչված` հրետանավոր:

1998 թվականին ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ավարտելուց հետո ծառայության նշանակվեցի սահմանամերձ զորամասերից մեկում՝ որպես դասակի հրամանատար: Մասնակցել եմ պաշտպանական գործողությունների, պատասխանատու եմ եղել գրեթե բոլոր մարտական հենակետերում:

Ինքս ինձ հաճախ եմ հարցրել, թե մինչ օրս ծառայության որ հատվածն է ավելի սրտամոտ ու հոգեհարազատ եղել ինձ: Երկար չեմ մտորել պատասխանը գտնելու համար՝ առաջնագծում, հենակետերում անցկացրած յուրաքանչյուր օրն իմ կյանքի ամենահիշարժան և ամենաանմոռանալի օրերն են եղել:

Հենց հենակետերում եմ զգացել մեր պետության, մեր երկրի հզորությունը:

Մեր պետության արևելյան սահմանները` մինչև Կովկասյան լեռնաշղթան, տեսել եմ անզեն աչքով, կարողացել եմ գնահատել կորցրածն ու ձեռք բերածը` արժևորելով կատարված գործը: Գործ, որը պետք է մենք շարունակենք ու զարգացնենք: Ինձ ավելի հոգեհարազատ է սահմանային ծառայությունը, քանի որ այնտեղ «բոլորի մուրճը հարվածում է միևնույն մեխին»:

Իմ ծառայավայր զորամասը մեր բանակի հրետանու կրտսեր հրամանատարների պատրաստման հզոր դարբնոց է, որտեղ ցանկացած խնդիր լուծվում է համախմբվածությամբ, կազմակերպվածությամբ, միահամուռ ջանքերով: Մեր բանակն ունեցել և այսօր էլ ունի փայլուն հրետանավորներ:

Ինչպես ցանկացած մասնագիտություն, այնպես էլ հրետանավորինը, պահանջում է գիտելիքների կատարելագործում, զարգացում, քանի որ որքան շատ ես սովորում, այնքան ավելի լավ ես հասկանում, թե դեռ ինչքան սովորելու բան ունես: Գիտակցում ես՝ դեռ որքան անելու բան կա:

 

Պատրաստեց Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Բանակ և հասարակություն


26/02/2016