ՔԱՉԱ՛Լ, ԴԵՂ ՈՒՆԵՍ, ԳԼԽԻ´Դ ԱՐԱ
կամ ադրբեջանական քարոզչության սնանկության մասին
Օրերս հայկական բանակում տեղի ունեցած ցավալի միջադեպը, որի հետեւանքով զոհվել է ազգությամբ եզդի զինծառայողը, իրոք, մեծ վիշտ է պատճառել ինչպես նրա ծնողներին եւ ազգակիցներին, այնպես էլ բոլորիս: Ցավալի է, երբ դեռեւս չպարզված հանգամանքներում կամ անհեթեթ պատճառով զոհվում է երիտասարդ, ավյունով լի մարդը, որը դեռ շատ բան ուներ անելու եւ շատ բաներ կաներ իր ընտանիքի, իր ժողովրդի եւ իր հայրենիքի համար:
Հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը, ռազմական զինակցությունը պատմության երկար ճանապարհ է անցել՝ կոփվել է Սարդարապատի ճակատամարտում, Արցախյան հերոսամարտում եւ սրբագործվել է եզդի ժողովրդի փառքերից մեկի՝ Ջահանգիր աղայի անունով: Թեյմուր Սլոյանը Ջհանգիր Աղայի հետնորդներից էր՝ եզդի մեծագույն հերոսի, որն իր անունը փառքով է պսակել եւ մտել ոչ միայն եզդիների, այլեւ հայ ժողովրդի հերոսների պանթեոնը:
Նման ողբերգական դեպքեր բանակում, որոնք բացարձակապես առնչություն չունեն զինվորի ազգային պատկանելության հետ, ցավոք, պատահել ու պատահում են ոչ միայն մեզանում, այլեւ մեր հարեւանների ու ամբողջ աշխարհի բանակներում: Այս վիշտը բոլորինս է՝ անկախ ազգային պատկանելությունից, կրոնական դավանանքից: Սակայն, եկեք ու տեսեք, որ եզդի զինվորի հետ կապված ողբերգությունը հանկարծ «հուզել» եւ «անդարմանելի ցավ» է պատճառել մեր հակառակորդին՝ Ադրբեջանին: Փաստորեն, ադրբեջանական քարոզչական մեքենան վերջապես «հարմար առիթ» է գտել՝ տարփողելու իր երկրի «ժողովրդավարության» ու իբր Հայաստանում առկա «ազգամիջյան թշնամանքի» մասին: Հասկանալի է, որ ադրբեջանցիների այսօրինակ հանկարծակի «սրտացավությունը» արտառոց է հնչում մեր երկրում ազգային փոքրամասնությունների խնդիրներին ծանոթ ու հետամուտ ցանկացած մարդու համար: Իսկ Հայաստանի բնակիչներիս աչքին ադրբեջանական քարոզչամեքենայի այս «սրտացավությունը» արտառոց լինելուց ավելի, զավեշտալի է: Ի՞նչ ազգամիջյան խնդրի մասին կարող է խոսք լինել Հայաստանում: Երկիր, որի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից առաջինն է բարձրաձայնել եզդի ժողովրդի՝ Իրաքում տեղի ունեցող ցեղասպանության մասին, երկիր, որտեղ եզդիները կառուցում են իրենց պաշտամունքի տաճարները, երկիր, որտեղ պահպանվում եւ զարգանում են նրանց մշակույթը, լեզուն, պատմությունը, երկիր, որտեղ պարբերաբար հրապարակումներ, գրքեր, ուսումնասիրություններ են լույս տեսնում ազգային այս փոքրամասնության լեզվի, կրոնի, ազգային սովորությունների ու տոների մասին, երկիր, որի պաշտպանության նախարարը այցելում է եզդի ընտանիքին ու շնորհավորում եզդիական տոնացույցի գլխավոր՝ «Հարության» սուրբ տոնը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է բանակային այս ցավալի միջադեպն օգտագործել՝ կոծկելու սեփական երկրի ահավոր տնտեսական իրավիճակը, ժողովրդի օրավուր խորացող աղքատությունը, ազգամիջյան ավելի քան բարդ ու լարված իրադրությունը: Ամբողջ աշխարհին է հայտնի, որ այդ երկրում ապրող երկու միլիոնանոց թալիշ ժողովուրդը այսօր ոտքի է ելել՝ պաշտանելու իր ազգային ու մարդկային իրավունքները: Տարածաշրջանի չորրորդ մեծ էթնոսը, որը անագորույն բախտի հետեւանքով հայտնվել է Ադրբեջանի կազմում, այսօր զուրկ է ամեն ինչից՝ ո՛չ դպրոց, ո՛չ գիրք, ո՛չ դպրություն, ո՛չ մարդկային տարրական իրավունքներ: Իսկ թալիշ այն մտավորականները, ովքեր համարձակվում են խոսել իրենց ազգի, իրենց ինքնատիպ ազգային դիմագծի, անհետացող լեզվի եւ ինքնության մասին (իսկ այդպիսիք քիչ չեն), լավագույն դեպքում իրենց մնացած կյանքը բանտերում եւ տարագրության մեջ են անցկացնում: Ադրբեջանում անգամ արգելված է թալիշ անունը բարձրաձայն արտասանել:
Այստեղ են ասել՝ քո աչքի գերանը թողած, ուրիշի աչքի շյո՞ւղն ես տեսնում:
Եվ ընդհանրապես, Ադրբեջանի իշխանական վերնախավը գիտե՞ ՝ ովքեր են եզդիները, ի՞նչ են անում, որտե՞ղ եւ ինչպե՞ս են ապրում, ի՞նչ են դավանում… Նրանք անգամ սեփական երկրում ապրող բնիկ ժողովուրդներին չեն ճանաչում եւ չեն ուզում ճանաչել, էլ ուր մնաց՝ հարեւան երկրի… Ի՜նչ ենք ասում, նրանք անգամ իրենք իրենց չեն ճանաչում…
Հիմա, տեսե՜ք-տեսե՜ք, իբր Հայաստանի եզդիների կյանքով են մտահոգ, իրենց արեւին՝ սեպ են ուզում խրել երկու եղբայր ու բարեկամ՝ հայ եւ եզդի ժողովուրդների միջեւ: Պրիմիտիվ, պարզունակ, խղճուկ հնարանք կամ հակաքարոզչություն:
Եվ սա՞ է ձեր պոտենցիալն ու ինտելեկտուալ մակարդակը…
Գեւորգ ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում