ԱՆՍՊԱՌ ԵՌԱՆԴ ԵՎ ՆՎԻՐՈՒՄ
Փետրվարի 16-ին ՀՀ վետերանների միավորման խորհրդի հերթական նիստն էր: 2015 թ. ՀՀ վետերանական կազմակերպությունների կատարած աշխատանքները հանրագումարի բերելով` ամփոփիչ զեկույցով հանդես եկավ միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա իր ելույթում մասնավորապես նշեց, որ 2015թ. վետերանական կազմակերպությունների համար եղել է հոբելյանական տարի, աշխատանքային բուռն գործունեությամբ և բազմաթիվ նշանակալի միջոցառումներով հագեցած: «2015 թվականը տարելիցի և տարեդարձի տարի էր: Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցն էր: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք յուրահատուկ առաքելություն ունենք նաև արհավիրքների կրկնությունը բացառելու գործում, անհրաժեշտ է նպատակային աշխատանք` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Անցյալ տարի լրացավ նաև Մեծ հայրենականում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 70-րդ տարեդարձը: Այդ տարեդարձը մեզ համար կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեջ ամենահիշարժան հաղթանակներից համարվելու առումով, այլև այն հանգամանքով, որ անգնահատելի է Հայրենական մեծ պատերազմում հայ մարտիկների հաղթանակի արժեքը մեր ժողովրդի հետագա սերունդների համար, որոնք կես դար անց հաղթանակ կռեցին Արցախյան գոյամարտում»:
Մեծ հաղթանակի 70-ամյակը արժանավայել նշելու համար հանրապետությունում ստեղծվեց կառավարական հանձնաժողով` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում էին նաև վետերանական խորհրդի նախագահ, գնդապետ Ս. Եսայանը, պատերազմի և զինծառայության վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պ. Պետրոսյանը: Վետերանական կազմակերպությունները տարվա ընթացքում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշել են համապետական նշանակության բոլոր տոները:
2015թ.-ին վետերանական կազմակերպությունների հիմնական և կարևոր խնդիրը դարձյալ եղել և մնում է վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, նրանց իրավունքների և արտոնությունների պաշտպանումը:
Խոսվեց դրական տեղաշարժի, որակական փոփոխությունների մասին. ավելացել են վետերանական կազմակերպությունների շարքերը, ամրապնդվել են կապերն ու հարաբերությունները տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային զինկոմիսարիատների, զորամասերի, ուսումնական հաստատությունների, առողջապահական և սոցիալական ապահովման հիմնարկների հետ:
Վետերանական կազմակերպություններն իրենց առջև դրված կարևորագույն խնդիր են համարում նախազորակոչային ու զորակոչային տարիքի երիտասարդության և բնակչության հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների կազմակերպումը: Բազմաթիվ այցելությունները, հանդիպումները, զրույց-զեկուցումները դպրոցներում, զորամասերում, բուհերում այդ ամենի խոսուն վկաներն են: Գնդապետ Եսայանն իր զեկույցում նշեց, որ ավելի նպատակային ու սերտ են դարձել կապերը զինկոմիսարիատների հետ: Վետերանները մասնակցում են զորակոչերին, հանդիպում ապագա զինվորների հետ, ոգևորում, քաջալերում նրանց իրենց ներկայությամբ: Ուշադրության կենտրոնում է եղել նաև հուշահամալիրների, հուշարձանների, եղբայրական գերեզմանների պահպանությունը:
Վետերանների խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար շնորհակալության խոսքեր ուղղվեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին:
Խոսվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների` վետերանների հանդեպ ցուցաբերած մարդասիրական նախաձեռնությունների մասին: Այսպես` Արթիկում բոլոր վետերաններն ապահովված են անվճար դեղորայքով, Դիլիջանում` ձմռան վառելափայտով, մի շարք վետերանական կազմակերպությունների բոլոր կոմունալ ծախսերը հոգում է քաղաքապետարանը, կան բարեգործական ճաշարաններ, մեծ շուքով նշվում են հոբելյանները… Շնորհակալության և երախտիքի խոսքեր ուղղվեցին բոլոր բարերարներին, ձեռք մեկնող կազմակերպություններին, բուժհիմնարկների ղեկավարներին, մարզպետներին, քաղաքապետներին ու գյուղապետներին:
Այս ամենի կողքին ցավով փաստվեց նաև, որ վետերանական կազմակերպությունների ներկայացրած որոշ հաշվետվություններում նկատվում է դժգոհություն մարդկային անտարբերությունից, սրտացավ վերաբերմունքի պակասից: Եղվարդի տարածքի վետերանական խորհրդի ղեկավարը պատմեց, որ 90-ամյա վետերանի հետ միասին գնացել են մի քանի հայտնի գործարարների մոտ` օգնություն ստանալու ակնկալիքով, սակայն իրենց առջև նույնիսկ դարպասները չեն բացել: Ցավ ու տխրություն կար նրա խոսքում` «Պարտադրված բարեգործություն մեզ պետք չէ»:
«Հիվանդ, միայնակ, անկողնային վիճակում գտնվող վետերաններին այցելությունները, օգնությունները, անվճար բուժսպասարկման կազմակերպումը ոչ միայն պարտականություն է, այլև եղբայրական, որդիական մեծ առաքելություն, որն իր մեջ մարդկային ջերմ և նվիրական զգացումից բացի ունի դաստիարակչական և հայրենասիրական դրսևորման մեծ նշանակություն»,- իր ելույթում շեշտեց Ս. Եսայանը:
Վետերանները մեր փառավոր անցյալի, մեր հաղթանակների կենդանի վկաներն են: Ցավոք, այսօր ժամանակի դժվարությունները նաև իրենց ուսերին են կրում նրանք, բայց պատերազմի թոհուբոհն անցած հին մարտիկներն անսպառ եռանդով, նվիրումով շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը:
Նիստի ընթացքում հնչեցին տարբեր առաջարկներ, եղան քննարկումներ վետերաններին մտահոգող խնդիրների շուրջ: Միավորման խորհուրդը որոշեց, որ այսուհետ ևս կշարունակի նույն ոգով աշխատել` ակտիվ գործունեություն ծավալելով երիտասարդներին ռազմահայրենասիրական շնչով դաստիարակելու գործում: Վճռական պայքար կմղի Մեծ հայրենականի պատմական նշանակությունն ու փաստերը խեղաթյուրող յուրաքանչյուր քայլի դեմ, ֆաշիզմի դեմ տարած հայազգի հերոսների սխրագործություններով կոգեշնչի աճող սերնդին` նրանց մեջ սերմանելով հպարտություն և հայրենասիրություն: Կկազմակերպվեն և կանցկացվեն հանդիպումներ վետերանների հետ` նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորմանը, ՀՀ անկախության 25-ամյակին, Մեծ հաղթանակին և Շուշիի ազատագրմանը, կշարունակվի համագործակցությունը ԱՊՀ երկրների վետերանական կազմակերպությունների միջազգային միության կոորդինացիոն խորհրդի հետ… Եվ այսպես բազմաթիվ ծրագրեր:
Նիստի ավարտին գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին գնդապետներ Իվան Ղուկասովը և Ռուբեն Բախշյանը, վետերանական միավորման խորհրդի պատվոգրերի արժանացան մի շարք վետերաններ:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #06 (1126) 24.02.2016 - 2.03.2016, Բանակ և հասարակություն