ՆՎԻՐՎԻ՛Ր ԳՈՐԾԻԴ
Մայոր Բորիս Բաբայանն ավարտել է ՌԴ Վոլսկի թիկունքի բարձրագույն ռազմական ուսումնարանը: Մի շարք զորամասերում ղեկավարել է պարենային և իրային ծառայությունները: 2015 թվականի հուլիսին՝ ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ:
-Զինվորական համազգեստը Ձեզ շատ է սազում, պարոն մայոր, ասես դրա մեջ ծնված լինեք,- զրույցի եմ բռնվում հրամանատարի տեղակալի հետ:
-Մեր ընտանիքում պապս էլ, հայրս էլ զինվորականներ են եղել: Եթե թերթեք մեր տան լուսանկարների ալբոմը, կնկատեք` պապս էլ, հայրս էլ իրենց բոլոր լուսանկարներում զինվորական համազգեստով են: Ա՛յ, նրանց էր սազում համազգեստը` կարծես նրա մեջ ծնված լինեին:
-Փաստորեն, նրանց ուղիով եք գնում…
-Երբ փոքր էի, հաճախ էի «հյուրընկալվում» հայրիկիս մոտ` զորամասում, լինում զորանոցներում, շփվում զինվորների հետ: Աչքերս բացել եմ՝ զինվորական համազգեստ, զինվորականներ եմ տեսել: Ես մեծացել, հասակ եմ առել զինվորական միջավայրում, դաստիարակվել եմ զինվորական կարգ ու կանոնով: Ուրիշ մասնագիտություն չէի էլ կարող ընտրել: Մտքովս էլ չի անցել բժիշկ կամ իրավաբան դառնալ:
-Իսկ ինչո՞ւ հենց թիկունքայինի մասնագիտությունն ընտրեցիք…
-Այդ որոշման «մեղավորն» էլ են պապս ու հայրս: Նրանք նույնպես թիկունքայիններ են եղել, դրա համար էլ որոշեցի թիկունքային ինստիտուտ ընդունվել, մտածելով, որ նրանք միշտ իրենց խորհուրդներով կօգնեն, կաջակցեն ինձ: Ընդունվեցի ՌԴ թիկունքային ինստիտուտ: Ի դեպ, պապս էլ է այնտեղ սովորել:
-Այսօր նրանք իրենց խորհուրդներով օգնո՞ւմ են…
-Պապս չհասցրեց ինձ տեսնել զինվորական համազգեստով, նա շուտ մահացավ: Սակայն նրա ստացած պատվոգրերն ու մեդալները շատ բան են ասում: Հայրս մինչ օրս էլ իմ գլխավոր խորհրդատուն է:
-Որպես զորամասի թիկունքի պետ՝ ի՞նչ կասեք զինվորին տրվող սննդի մասին:
-Ինչպես ամբողջ բանակում, այնպես էլ մեր զորամասում սննդի մատակարարումը, պատրաստումն ու մատուցումը բարձր մակարդակի վրա է: Դա հաստատ է: Շատ զինվորներ թերևս տանն այդքան համեղ և սննդարար կերակուրներ չեն ուտում: Իրենք են իրենց բերանով ասում: Ես էլ միշտ պատասխանում եմ. «Պետությունը լավ կերակրում, հագցնում է, որպեսզի դուք էլ լա՛վ ծառայեք»: Դա նշանակում է, որ սնունդն իսկապես լավն է: Թիկունքը բանակի այն բնագավառն է, որտեղ անընդհատ փոփոխություններ են լինում: Հիմա էլ մեծ փոփոխություններ կան՝ ընդլայնվել է տեսականին, ուստի մեծացել են նաև պահանջները
-Իրային բավարարման մասին ի՞նչ կարող եք ասել:
-Իրային բավարարումը մեզ մոտ գերազանց է: Այն համազգեստը, որն այսօր հագնում են զինծառայողները, իսկապես լավն է: Որևէ խնդիր չունենք իրային բավարարման հետ կապված: Նորակոչիկը, երբ մտնում է զորամաս, միանգամից ապահովվում է զինվորական համազգեստով: Որևէ մանրուք բաց չի թողնվում: Գուլպաներից սկսած՝ վերջացրած զինվորական ներքնազգեստով: Այս բնագավառներում իրականացվող փոփոխությունները միշտ դեպի լավն են լինում: Օրինակ՝ զինվորական ձմեռային վերարկուները, զինվորական գլխարկները: Սա էլ է առաջխաղացում բանակաշինության գործում: Ձեռք բերվածով չպետք է բավարարվել: Անգամ ամենազարգացած երկրների բանակներն են այսօր կատարելագործվում: Ունեցածով բավարարվելը նշանակում է լրջորեն վտանգել տվյալ բանակի մարտական պատրաստությունը:
-Ճի՞շտ է, որ զորամասերում անգամ խաշ է մատուցվել:
-Այո՛, մեր զորամասում խաշ մատուցվել է, և դա զորամասի հրամանատարի մտահղացումն էր: Եթե կարելի է կազմակերպել նման միջոցառումներ, ապա ինչո՞ւ չանել: Դա շատ կարևոր է, քանի որ զինվորը զգում է, որ իր մասին մտածող կա, հետևող կա: Կարծում եմ, որ զորքը գոհ է:
-Զրույցի վերջում ի՞նչ կցանկանայիք ասել:
-Ցանկանում եմ, որ ամեն զինծառայող իր տեղում լինի, խղճի մտոք ծառայի և շատ սիրի իր գործը: Եթե սիրում ես քո գործը, ուրեմն լավ հրետանավոր կլինես, լավ հրամանատար, լավ թիկունքային… Արդյունքում՝ կունենանք հզոր ու մարտունակ բանակ: Ահա՛ իմ ցանկությունը:
Աշոտ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Ազգային բանակ