Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ



ՍԵՐ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔՊահեստազորի գնդապետ Գեորգի Ասատրյանը կենսաթոշակի անցնելուց հետո ամեն վաղ առավոտ աշխատանքի է բարձրանում Նորքում գտնվող իր աշխատավայրը: Ամեն առավոտ և երեկո աշխատավայրից տուն դառնալիս Նորքի բարձունքից հայացքը Արարատին, Արագածին արդեն քանի տարի խոհերի գիրկն ընկած մտորում-խորհում է հարգարժան գնդապետը: Խոհերն ու մտորումները ծնվում են իրական, իր իսկ ապրած կյանքից, կյանք, որն այնքա՜ն նման ու այնքան տարբեր է շատ շատերի հետ համեմատած: Հայրենասիրության մասին չի սիրում խոսել: Սակայն, երբ ծանոթանում ես Ասատրյան գերդաստանին բաժին հասած ճակատագրին, հայրենասիրությունը ադամանդի նման փայլ է տալիս, առանձնանում է տառապանքից ու բազում դժվարություններից…

Ստալինյան բռնատիրության օրերին Ասատրյանների գերդաստանը աքսորվում է Ալթայի երկրամաս: Գեորգին ծնվել է այնտեղ: Ծննդյան տարեթիվը` 1956թ., ընտանիքի համար եղել է երջանկաբեր, որովհետև հենց այդ տարի էլ նրանց ընտանիքը վերադառնում է հայրենիք:

Հիմնավոր ուսումնառությունից հետո` պոլիտեխնկական ինստիտուտ, ասպիրանտուրա Մոսկվայում, աշխատանքի է անցել  սկզբում որպես ինժեներ-կոնստրուկտոր, իսկ հետո՝ գիտաշխատող: Թվում է՝ ճակատագրի հետ համընթաց ձևավորվում է հաշտ ու խաղաղ կյանքի մի ճանապարհ, որը պետք է քեզ հրամցնի այդ կյանքի բարիքները: Սակայն Արցախյան ազատամարտի հենց առաջին օրից Գեորգի Ասատրյանը անդամագրվեց ջոկատներին և մեկնեց հայրենի սահմանները պաշտպանելու: Այնուհետև  զինվորագրվեց Հատուկ  գնդին և գնդի կազմում մասնակցեց մարտական գործողությունների: Հիշում է, որ երբ ազատամարտիկ ընկերների հետ պաշտպանում էին Տավուշի մարզի  Բարեկամավան գյուղի սահմանները, գյուղի երեխաները ինչպես էին իրենց սնունդ, ջուր, փամփուշտ հասցնում: Ու երբ 2014 թվականի օգոստոսյան թեժ օրերին նա իր զինընկերների հետ նորից եղավ Բարեկամավանում, բարձրացավ դիրքերը, կանգնեց հայ զինվորի կողքին` իրենց կողքին էին այն երեխաները, որոնք արդեն հասուն այրեր էին, ու այդ երեխաներից  Գարիկն էլ արդեն գյուղի գյուղապետն է:

Պատերազմական օրերից հիշատակման են արժանի այն տարիները, երբ Գեորգի Ասատրյանը հատուկ գնդի ավտոծառայության պետն էր: Այդ տարիներին հայոց նորաստեղծ բանակի զինանոցը քանի-քանի նոր զինտեխնիկայով հարստացավ: Երբ  Գեորգին իր ընկերների հետ կարողացան լավագույնս օգտագործել իրենց մասնագիտական ունակությունները: Նրա ղեկավարությամբ, ամենակարճ ժամկետում շահագործման հանձնվեց մարտադաշտում թողած թշնամու խփված զրահատեխնիկան:

Զինադադարից հետո էլ Գ. Ասատրյանը շարունակեց իր ծառայությունը: Ավտոմոբիլային տեխնիկայի շահագործման և նորոգման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը մշակվել և կյանքի են կոչվել նրա անմիջական մասնակցությամբ: Այնուհետև ՀՀ ՊՆ սպառազինության վարչության կազմավորման և հետագա զարգացման փուլում Գ. Ասատրյանը նպաստել է իր ռազմական և մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով: Սպառազինության վարչության սպաները գործուղվում էին թեժ կետեր և հենց տեղում ստեղծում էին զինապահեստներ ու կազմավորում նորոգման ջոկատներ: Հաճախ հենց մարտի դաշտում, հրետանային կրակի առկայության պայմաններում, կատարվում էին հրասայլերի և այլ ռազմական տեխնիկայի անհնարին թվացող նորոգումներ: Գեորգիի մասնագիտական խոր գիտելիքներն էին նաև նպաստում աշխատանքների արդյունավետությանը: Այնուհետև Վ. Սարգսյանի անվան ՌԻ զբաղեցնելով զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկայի ամբիոնի սպառազինության ցիկլի պետի պաշտոնը, նա իր ռազմամասնագիտական գիտելիքներն է փոխանցել կուրսանտներին, ապագա մեր սպաներին այն գիտակցմամբ, որ «հայ սպան պետք է օժտված լինի ոչ միայն իր երկրի պաշտպանությունն ստանձնած զինվորականի հատկանիշներով, այլև բազմակողմանի գիտելիքներով»:

Պահեստազորի գնդապետ Գ. Ասատրյանը դարձավ 60 տարեկան: Սիրով շնորհավորում ենք վաստակաշատ զինվորականին, ցանկանում առողջություն, անձնական երջանկություն: Հավատացած ենք, որ ամեն առավոտ և երեկո Նորքից հայացքը Արարատին ու Արագածին՝ նա իր ապրած 60 տարիների հաշվետվությունն է տալիս, միևնույն ժամանակ իր անխոս հայրենասիրությամբ հավաստիացնում, որ անկախ տարիքից, հարկ եղած դեպքում միշտ կլինի հայրենի սահմաններում, զինվորի կողքին:

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Ճակատագրեր


03/03/2016