Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ



«Ռազմական համակարգի կատարելագործման նպատակն է ամբողջ պաշտպանական համակարգի որակական նոր պարամետրերի ձեւավորումը եւ երկրի անվտանգության երաշխավորված ապահովումը»:

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյան

 

ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Զինված ուժերի բնականոն գործունեության, խնդիրները հաջողությամբ կատարելու, հետևողական զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան կադրեր և հստակ մշակված կադրային քաղաքականություն: ՀՀ զինված ուժերում որպես կադրային ներուժի ապահովման հիմնական միջոց դիտարկվում է ռազմական կրթության համակարգի զարգացումը: Այն սկսվում է դեռ նախազորակոչային տարիքի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությունից:

«Ռազմական համակարգի կատարելագործման նպատակն է ամբողջ պաշտպանական համակարգի որակական նոր պարամետրերի ձևավորումը և երկրի անվտանգության երաշխավորված ապահովումը: Կրթական համակարգի բարեփոխումը ծառայում է մարդկանց կրթական մակարդակի բարձրացման, ներդաշնակորեն զարգացած, սոցիալապես ակտիվ, ստեղծագործ անձնավորության ձևավորման նպատակներին, ինչը ռազմական ոլորտի նկատմամբ կիրառելիս նշանակում է հայրենիքի պաշտպանների պրոֆեսիոնալ պատրաստության որակապես նոր մակարդակի ապահովում»: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այս խոսքերը բնորոշում են ՀՀ զինված ուժերի համար ռազմական կադրերի պատրաստման գործընթացի էությունը, շարունակական բարեփոխումների նպատակը:

2008 թ. ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման մեկնարկն ազդարարեց Հայաստանում բանակաշինության նոր` բարեփոխումների փուլի սկիզբը: Դրանք իրականացվում էին նաև ռազմական կրթության և անձնակազմի կառավարման ոլորտներում: Այստեղ բարեփոխումները միտված էին ռազմական կրթությունը և անձնակազմի կառավարումը միջազգային արդի չափանիշներին համապատասխանեցնելուն: Բարեփոխումներն իրականացվեցին փուլ առ փուլ և առանձին ուղղություններով` դրական արդյունքների հիմքի վրա ընդլայնելով փոփոխությունների շրջանակը:

Ռազմակրթական ոլորտի վերջին շրջանի կարևորագույն ձեռքբերումներից է ՀՀ Կառավարության 2012 թվականի մարտի 7-ի հմ. 9 արձանագրային որոշումով ընդունված «Հայաստանի Հանրապետության ռազմական կրթության հայեցակարգը»: Հայեցակարգը, հիմնվելով ազգային կրթական փորձի և ռազմական կրթության ոլորտում տեղի ունեցող միջազգային զարգացումների վրա, նախանշում է ռազմական կրթության գործող համակարգի բարեփոխումների ուղղությունները, մասնավորապես՝ ռազմական կրթության շարունակականությունը, եռաստիճան կրթական համակարգի ներդրումը, փոխհամագործակցությունը, գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, որակավորումը, ռազմական կրթության բնագավառում ենթասպայական կազմի կրթության ներառումը, ինչպես նաև նախազորակոչային պատրաստումը` որպես սպաների պատրաստման փուլ: Քայլեր են կատարվում ռազմական կրթությունը ՀՀ ընդհանուր կրթական համակարգին ինտեգրելու ուղղությամբ: Հաշվի առնելով ԶՈՒ առանձնահատկությունները` 2007-2008 թթ. ուսումնական տարվանից ռազմական բուհերը մասնակցում են ընդունելության միասնական քննություններին` կոռուպցիոն ռիսկերը բացառելու և ռուհերի ընդունելության գործընթացն առավելագույնս թափանցիկ դարձնելու նպատակով:

ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸՊաշտպանական բարեփոխումների շրջանակներում վերջին տարիներին ներդրվել է քաղաքացիական հատուկ ծառայության համակարգը, պաշտոնների համալրումը կատարվում է մրցութային կարգով` վերապատրաստման և ատեստավորման կիրառմամբ:

ՀՀ ԶՈՒ մարտունակության բարձրացման երկու կարևոր միջոցներ են համարվում ռազմական կրթության և անձնակազմի կառավարման համակարգերի կատարելագործումը: Այդ միջոցների համար ՀՀ պաշտպանության նախարարությունն ընտրել է երկու միջանկյալ եղանակ` 1. ռազմավարական գործընկերոջ` ՌԴ-ի հետ համագործակցության խորացում` այս երկու ոլորտներում առկա ձեռքբերումներն ավելի ամրապնդելու նպատակով, 2. համագործակցություն արևմտյան պետությունների հետ` այս երկու ոլորտներում առկա միջազգային առաջադիմական փորձին իրազեկ լինելու նպատակով: Այս եղանակները փոխլրացնում են իրար` ստեղծելով ռազմական կրթության և անձնակազմի կառավարման ոլորտների հայաստանյան ուրույն մոդել, որն առավել հարմարեցված կլինի մեր իրականությանն ու պայմաններին:

Միջազգային փոխգործակցության շնորհիվ 2007 թվականին ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների համար կազմակերպվել է օտար լեզուների ուսուցում: Դա հնարավորություն է տալիս հավուր պատշաճի մասնակցելու համագործակցող երկրների ներկայացուցիչների հետ երկկողմ փորձագիտական հանդիպումներին և սեմինարներին, ապահովվում է նաև օտարերկրյա պետություններում տարբեր կրթական ծրագրերին մասնակցության հնարավորությունը: Օտար լեզուների ուսուցման կենտրոնի զարգացման նպատակով համագործակցություն է սկսվել Լեզվի միջազգային համագործակցության բյուրոյի (BILC) հետ` միջազգային թեստավորման համակարգի ներդրման, դասախոսների վերապատրաստման, գրականության, տեսանյութերի, ուսումնական օժանդակ նյութերի տրամադրման հարցերով: ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ-ի, Հունաստանի դեսպանությունների և Բրիտանական խորհրդի (BC) կողմից կահավորվել են լսարաններ և տրամադրվել սարքավորումներ: Այդ ամենը հնարավորություն է ընձեռում առավելագույնս արդյունավետ կերպով լուծելու ուսումնական գործընթացի մեթոդաբանական խնդիրները:

Շարունակելի

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #07 (1127) 02.03.2016 - 08.03.2016, Ազգային բանակ


03/03/2016