ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ԵՄ ԹՌՉԵԼ
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի 4-րդ մասնաշենքում միանգամից աչքի է ընկնում «Թռիչքային փորձաքննության բաժանմունք» վերտառությամբ կարմիր ցուցանակը: Այն միակն է Հայաստանի բուժհաստատություններում, և բաժանմունքի ղեկավարումը վստահված է բուժծառայության մայոր Նունե Ղամբարյանին: Նրա աշխատասենյակում եմ: Բժշկուհին մեղմ ժպիտով լսում է այցելուների գանգատները, մանրակրկիտ հավաքագրում տվյալները: Աչքերս պտտվում են սենյակով մեկ` կատարյալ մաքրություն է, թվում է` անգամ խոշորացույցի օգնությամբ փոշու հատիկ չես գտնի: Սեղանին բծախնդրորեն դարսված են թղթապանակներ` հիվանդության պատմություններով, իսկ շուրջբոլորը տնային բույսեր են` ասես բնության մի կտոր հարմար տեղավորվել է այստեղ:
-Ամեն բույս կազդուրված մի հիվանդի է հիշեցնում. այս մեկը խոլորձ (օրխիդեա) է` մեր օդաչուներից մեկին բուժեցինք, սա էլ զոհված ազատամարտիկի կին է նվիրել, մյուսը` զինվորի մայր, անկյունինը Մելոյան Գոռինն է` ժամկետային զինծառայող է: Թռիչքային փորձաքննության բաժանմունքը հոսպիտալի երկրորդ թերապեւտիկ բաժանմունքն է: Այստեղ ստացիոնար պայմաններում բուժում են ստանում նաև քաղաքացիականներ, օդաչուների ընտանիքների անդամներ, հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներ, պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի անդամներ: Բոլոր նրանք, որ թերապեւտիկ բնույթի գանգատներ ունեն: Այնուամենայնիվ, մեր առաքելությունը կուրսանտների և օդաչուների բժշկական փորձաքննությունն է: Դեռ խորհրդային տարիներին, երբ ընդգրկված էինք Անդրկովկասյան օկրուգում, թռիչքային փորձաքննությունը կատարվում էր Թիֆլիսում: Անկախացումից հետո ստեղծվեց մեր բաժանմունքը: Այսօր հետեւում ենք ռազմաօդային ուժերում ծառայող անձնակազմի առողջությանը, իրականացնում փորձաքննություն, տարեկան զննում: Պատասխանատու գործ է: Պետք է այնպես աշխատենք, որ մեր օդաչուները առողջ լինեն, հնարավորինս երկար ծառայեն…
-Ե՞րբ համալրեցիք զինվորական բժիշկների շարքերը:
-2006 թվականն էր: Առաջին անգամ համազգեստ հագա: Ամբողջ ընտանիքով զորակոչվեցինք բանակ. այդ տարի զինվորագրվեցին նաեւ որդիներս: Ստանձնեցի օրդինատորի, ապա՝ բժիշկ-թերապեւտի պարտականությունները:
-Իսկ որտե՞ղ էիք «ծառայում» մինչեւ զինվորագրվելը:
-Երևանի շտապօգնության կայանում: Աշխատել եմ որպես բուժքույր, ապա՝ որպես բժիշկ-թերապեւտ:
-Ասում են` եթե բժիշկը աշխատել է շտապօգնությունում, կարող ես համարձակորեն վստահել կյանքդ…
-Համաձայն եմ: Շտապօգնությունը` ինչպես հատուկ նշանակության ստորաբաժանումը բանակում: Ծանր օղակ է, բայց` լավ դպրոց:
-Սովորո՞ւմ ես արագ գործել:
-Սովորում ես հիվանդի հետ դեմառդեմ մնալ: Ի տարբերություն ստացիոնար պայմանների, երբ կա գործիքային հետազոտությունների հնարավորություն, ավագ ընկերներ, այդտեղ երկուսով եք՝ դու և հիվանդը:
-Վախենալու չէ՞ր:
-Վախեցա, երբ բախվեցի մահին: Հիվանդի հասցեն մինչ օրս հիշում եմ. Նորագյուղում էր: Ինֆարկտի ոչ մի նախանշան չկար: Տղամարդը մեզ իր ոտքով ճանապարհեց: Հինգ-վեց ժամ անց իմացա, որ մահացել է: Հետո երկար ժամանակ ամենաթեթեւ հիվանդության դեպքում էլ ամենաբարդ նախանշաններ էի փնտրում:
Անվրդով դեմքին հուզմունքի ուրվագծեր են հայտնվում: Մտածում եմ` բժշկի համար չափից ավելի զգայուն է, ղեկավարի համար` չափից ավելի մեղմ: Այնուամենայնիվ, ես դեռ չեմ բացահայտել նրան, փորձում եմ որսալ կին ղեկավարի բնավորությունը:
-Ի՞նչն եք ամենաշատը գնահատում աշխատանքում:
-Պատասխանատվությունը: Սա իմ հիմնական պահանջն է ենթականերիցս:
-Իսկ եթե խախտո՞ւմ են…
-Կարող եմ ձայնս բարձրացնել, հոնքերս կիտել եւ վերածվել խիստ ղեկավարի:
-Չեք սիրում…
-Արածից խոսել, որովհետեւ չեմ վախենում ստվերում մնալուց: Կարեւորը` երբ նայում եմ հայելու մեջ, ինձնից չեմ ամաչում: Ես պատասխանատու եմ խղճիս եւ Աստծո առաջ:
-Աթեիստ չեք:
-Հավատում եմ Աստծուն` որքան էլ ինստիտուտում աթեիզմ էինք ուսումնասիրում: Բժիշկը հաճախ հրաշքի է սպասում, ուրեմն՝ ինչպես չհավատա:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:
-Ես բոլորից սեր չեմ ակնկալում… Եթե միայն դրական կարծիք ես սպասում շրջապատից, ստիպված ես ինքդ քեզ կեղծել կամ էլ նմանվում ես գլուխը ավազի մեջ մտցրած ջայլամի: Ես երբեք չեմ նեղանում մարդկանցից:
-Եվ մի՞շտ է ստացվում:
-Այո՛: Փորձում եմ արդարացնել եւ ներել սխալները, որովհետեւ մարդը ինձ համար գերագույն արժեք է:
-Երբ ինքներդ Ձեզ հետ եք…
-Ասում եմ՝ Նունե՛, այդպես էլ չմեծացար… Ինչպիսին 18 տարեկանում էի, այդպիսին էլ հիմա եմ:
-Իսկ ինչպիսի՞ն էիք 18 տարեկանում:
-Չհամակերպվող, արդարություն փնտրող: Վեր կկենայի եւ սպիտակ ագռավի նման կպաշտպանեի մեկին, որին բոլորն անհարկի քննադատում էին: Հաճախ էի լսում՝ լռի՛ր, բա քեզ պե՞տք է: Գուցե լուռ եւ անտարբեր ապրելը հեշտ է, բայց` անընդունելի:
-Նաեւ աշխատանքո՞ւմ եք պայքարող:
-Վերջերս, օրինակ, մի զինվորական բարձր ջերմություն ուներ: Այնքան պրպտեցի, որ հիվանդության մի հետաքրքիր, հազվադեպ դեպք գտա` տուլարեմիայի բուբոնային ձեւը: Բժշկի համար անպատասխան հարցեր չպետք է մնան: Բժիշկը Աստված չէ, բայց նրա պայքարն էլ պետք է հանուն կյանքի լինի:
-Ձեր խրատը…
-Արհեստական հեղինակությունը նման է թղթի տուփի՝ վաղ, թե ուշ փլուզվում է: Բժիշկը պետք է իր գործողություններով հավատ ներշնչի:
-Երազա՛նքը…
-Միմիայն ԽԱ-ՂԱ-ՂՈՒ-ԹՅՈ՛ՒՆ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #08 (1128) 09.03.2015 - 15.03.2016, Ազգային բանակ