Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՕՊ ԶՈՐՔԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



1. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲԸ

Ղարաբաղի երկնքում առաջին՝ ՕՄՕՆ-ականներ տեղափոխող ուղղաթիռը «Ստրելա-2»-ով խփվեց 1991-ի վերջին, «26»-ի դիրքերից: ԼՂՀ-ում ՀՕՊ առաջին միջոցները՝ երեքական «Շիլկա» և «Ստրելա-10» կայանքները հայտնվեցին ԽՍՀՄ ԶՈՒ 366-րդ գնդի հեռանալուց հետո: Դեռ վաշտերի ժամանակն էր, և ՀՕՊ միակ ստորաբաժանումը ներառված էր երկրորդ վաշտի կազմում: Ինքնապաշտպանության ուժերի ՀՕՊ բաժինը (պետ՝ Գաբրիել Վարդանյան, շտաբի պետ՝ Գրիգոր Մարտիրոսյան) և ստորաբաժանումը գրեթե նույն միավորն էին, որի առաջին խոշոր գործողությունը Ղաջարի կռիվներում էր, երբ 92-ի ապրիլի 8-ին «Շիլկայով» ոչնչացրին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդ բարձրացրած առաջին մարտական ուղղաթիռը:
Պատերազմը սաստկանում էր ու Շուշիի կորստյան հաջորդ օրը Ստեփանակերտի երկնքում հայտնվեց ադրբեջանական ՍՈՒ-25-ը (1992թ. հունիսի 13-ին խոցվեց Ասկերանի երկնքում), որն ադրբեջանցի օդաչուն մեկ ամիս առաջ Սիթալչայի ռազմական օդանավակայանից փախցրել էր Եվլախ, և ԼՂՀ մայրաքաղաքն առաջին անգամ ենթարկվեց օդային ռմբահարման: Սա Ստեփանակերտի երկնքում շուտով սկսվելիք ռազմավարական, արյունալի ու ամոթալի օպերացիայի նախերգանքն էր: Այդ պահին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն արդեն ոչնչացրել էին թշնամու չորս ռազմական ուղղաթիռ, թեև «Շիլկայի» հեռահարությունը 2,5, իսկ ուղղաթիռների սպառազինությանը՝ 5 կիլոմետր է և մարտիկները վտանգելով կյանքը՝ խաբելով իրենց էին մոտեցնում օդից նշանառու կրակով մահ ու ավեր սփռող ուղղաթիռներն ու խոցում:
ԼՂՀ ՀՕՊ համակարգը սկզբում բաղկացած էր «Շիլկաներից» ու «Ստրելա-10»-երից, որոնք կենտրոնացված էին Ստեփանակերտում և ամեն պաշտպանական շրջանում մի քանի զենիթահրթիռային դյուրակիր կայանքներից: Սրանք մոտոհրաձգային զորքերի ՀՕՊ միջոցներ են, ունեն սահմանափակ հնարավորություններ ու փոքր հեռահարություն: Բայց ԼՂՀ երկնքում ուղղաթիռների մեծ մասը դրանցով ոչնչացվեց: Բացի այդ, Ղարաբաղում զորային ՀՕՊ միջոցները ցամաքային նշանակետերի վրա բավական հաջող են աշխատել, իսկ անձնակազմերը Մարտակերտում, Քելբաջար-Լաչին հատվածում, Պուշկի յալում, Կարախանբեյլիում, Շուքուրբեյլիում, Շեյբեյում և այլուր հաճախ են վտանգել իրենց: Ու թեև ռազմական ավիացիայի առաջին խնդիրը ՀՕՊ միջոցների ոչնչացումն է, ոչ մի կայանք օդային հարվածից չի ոչնչացել: Խոցվել են միայն ցամաքային խնդիր կատարող կայանքներ:
Բայց և՛ ԼՂՀ-ում, և՛ Հայաստանում ՀՕՊ զորքեր չկային, միայն Պաշտպանության նախարարությունում ստեղծվել էր Ավիացիայի և ՀՕՊ միացյալ վարչությունը, ուր ՀՕՊ բաժինը ղեկավարում էր գնդապետ Սերգեյ Գուրոկյանը, ով դեռ միայնակ էր…
1992-ի սկզբին Ադրբեջանը տիրանալով զինվորական ուղղաթիռների նախկին խորհրդային երկու էսկադրիլիաների, իսկ ամռանը՝ չորս ավիացոն գնդերի, ձեռք բերեց շուրջ 100 օդային հարձակողական միջոց, որից մարտական վիճակում էին 50-55-ը: Իսկ երբ Հյուսիսային Արցախում ադրբեջանական բանակի ձեռնարկած լայնածավալ հարձակումը հաղթանակ չբերեց, հայտնվեցին վարձկան օդաչուները և սկսվեց օդային խոշոր օպերացիա, որի նպատակն էր դատարկել Ստեփանակերտը, ապա և շրջանները: Իսկ «կյանքի ճանապարհին» վերապահված էր վերածվելու հայությունից Արցախի դատարկման ճանապարհի…
Օգոստոսի 25-ին հասնելով նշանակման վայր՝ 11, 21 և 51 համարները կրող «ՕՍԱ-ՕԿ» կայանքները տեղակայվեցին Շոշի, Խնածախի ու Կրկժանի մերձակայքում, Ստեփանակերտի շուրջ կազմելով փրկության եռանկյունի: Օգոստոսի 26-ին ու 27-ին խփվեցին առաջին երկու ինքնաթիռները, սեպտեմբերի 4-ին՝ երրորդը… Եվ դա այն դեպքում, երբ ՀՕՊ կազմակերպման առումով Ստեփանակերտի դիրքն առավել քան անհարմար է: «ՕՍԱ-ՕԿ»-երի գալով խնդիրը չլուծեց, այլ սկսվեց Ադրբեջանի ռազմաօդային ուժերին իրապե՛ս հակազդելու փուլը, որն առաջադրեց ՀՕՊ կազմակերպման նոր ու ավելի բարդ խնդիրներ: Բայց մարդիկ անհավատալի արագությամբ յուրացնում էին մեքենայի հնարավորությունները, աղքատիկ սպառազինությամբ ու լեռնային տեղանքում սեփական ուժերով ստեղծում ՀՕՊ կազմակերպման մի յուրօրինակ մեթոդաբանություն:
Վարձկանները բարձրակարգ օդաչուներ էին, իսկ ԼՂՀ ՀՕՊ համակարգը նոր էր ստեղծվում, այն էլ՝ ոչ մասնագետների կողմից: Նյութատեխնիկական ապահովման փոխարեն կային բազում անկատարություներ: Չկային ավտոմատ ղեկավարման համակարգ ու իրական հրամանատարական կետ, կապն ապահովվում էր դաշտային հեռախոսներով ու «Ալինկո» ռադիոկայանքներով: Բայց չիմանալով ՀՕՊ կազմակերպման մարտավարությունը, աշխատում էին ստեղծագործաբար, ինքնուրույն ու համարձակ որոշումներ ընդունում: Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի մասնագետների կատարած աշխատանքն ու գտած լուծումներն անպատկերացնելի էին:
Տեսնելով, որ Ստեփանակերտին մոտենալու համար դառը գին է վճարում, Ադրբեջանի ՌՕՈՒ հրամանատարությունն ուշադրությունը բևեռեց շրջկենտրոնների վրա: Առավել ևս, որ… ԼՂՀ հակաօդային պաշտպանությունը սկզբում չուներ ռադիոլոկացիոն հետախուզության համակարգ և երեք ՕՍԱ-ների լոկատորներն էին չորսժամյա աշխատակարգով փոխարինում միմյանց, մինչ ամենատարբեր լուծումներ գտնելով հաջողվեց նորոգել ու գործարկել 60-ական թվականների արտադրության անսարք ռադիոլոկացիոն կայանքները:
Եվ այդ ամենի արդյունքում 1992 թվականի ավարտին ամիսների ընթացքում բառացիորեն զրոյից ստեղծված ԼՂՀ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն արդեն ոչնչացրել էին թշնամու 8 ուղղաթիռ և 13 ինքնաթիռ…
Իսկ Հայաստանի Հանրապետությունում 92-ի ամռանը սկսվեց 7-րդ գվարդիական բանակի գույքի և սպառազինության ընդունումը: Ուսուցված անձնակազմեր չկային ու ՀՕՊ զորամասերը դարձնում էին պահպանության բազաներ և սկսում գտնել ու զորակոչել մասնագետներին, որպիսիք շատ քիչ էին: Հայաստանում տեղակայված ՀՕՊ զորամասերում հայ սպաներ գրեթե չկային, ու 1991-ից առաջնահերթ խնդիրն ամեն դիվիզիոնում մեկ հայ սպա կամ ենթասպա ունենալն էր, ով դիմակայեր մասնագիտական ձեռնարկների ու տեխնիկայի կանխամտածված ոչնչացմանը, ինչպես եղավ Վրաստանում ու Ադրբեջանում:
1992-ի աշնանը նորաստեղծ հակաօդային պաշտպանության վարչության պետ նշանակված գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը հիշում է, որ սկզբում յոթ հոգի էին. վարչության պետի տեղակալները Սերգեյ Գուրոկյանն ու Սերգեյ Խոջոյանն էին, Բորիս Տոնոյանը նշանակվեց ռադիոտեխնիկական զորքերի պետ, Սեյրան Բաղդասարյանը, Յուրի Արսենյանն ու Հովհաննես Պետրոսյանը՝ զենիթահրթիռային զորամասերի հրամանատարներ, իսկ Հենրիկ Ավդալյանը համակարգում էր զորային ՀՕՊ-ը: Այս մարդիկ, ովքեր արդեն մեծ ճանապարհ էին անցել, ստեղծեցին Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը:
Տարօրինակ վիճակ էր. սպառազինությունը չէր փչացվել, բայց սարքին չէր: Ռադիոէլեկտրոնային կայանքն օրը երկու անգամ պիտի միացվի, բայց շատերն 89-ից չէին աշխատել ու սպասարկվել, և բացի այդ, մասնագետներ էլ չկային: Հայաստանի ԲՈՒՀ-երի զինվորական ամբիոններում այս զորատեսակի սպաներ չէին ուսուցանվում, այլ միայն՝ ռադիոլոկացիոն կայանքների մասնագետներ: Եվ սկսվեց ֆիզիկայի, մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, էլեկտրոնիկայի մասնագետների զորակոչը: Արձակման կայանքներ նրանք առաջին անգամ հայկական բանակում տեսան, բայց հիմնարար գիտելիքներ ու նվիրում ունեին, արագորեն յուրացրին ՀՕՊ կազմակերպման մարտավարությունը և նրանց շնորհիվ Հայաստանի օդային սահմանները դարձան անթափանց:
Հայաստանի պայմաններում հակաօդային պաշտպանության զորքեր ու համակարգ կազմավորելու համար հարկ էր ՀՕՊ կազմակերպման տասնամյակներով մշակված մարտավարությունում համակարգային փոփոխություններ կատարել: Տեխնիկայի ու սպառազինության քանակը շատ քիչ էր օդային սահմանները պահպանելու համար և Հայաստանը դարձավ առաջին հետխորհրդային երկիրը, ուր ՀՕՊ օբյեկտային ու զորային միջոցների ռադիոլոկացիոն կայանքները համատեղվեցին և վերջիններս կապվեցին ռադիոլոկացիոն միասնական համակարգին: Դա մեթոդաբանական, կազմակերպական, ուսուցման ու կապի կազմակերպման անչափ բարդ գործընթաց էր, նախադեպը ԽՍՀՄ-ում չկար: Միայն Ալիկ Սարգսյանն էր Տրիպոլիում նման համակարգ ձևավորել: Այդ միջոցների համատեղումն արմատական փոփոխությունների միջոցով իրականացվեց, ստեղծվեց կապի նոր համակարգ, զորային ՀՕՊ-ի ամեն օղակի մոտ՝ հրամանատարական փոքր օղակ, որն իր գործողության շրջագծում օդային իրադրության յուրաքանչյուր փոփոխություն հաղորդում էր կենտրոնական հրամանատարական կետ: Այս ամենի ստեղծման համար հսկայական աշխատանք կատարեցին կապավորները և հատկապես՝ մեզնից անժամանակ հեռացած գեներալ-մայոր Արթուր Փափազյանը: Սա մեծ ուսուցում պահանջեց. կայանքների զգալի մասը շարժական էին, մեկնում էին ճակատի տարբեր հատվածներ, իսկ օդային իրադրությունում հետախուզության առումով բաց տեղեր չպիտի մնային և ամեն տեղաշարժ պետք էր հաշվի առնել, վերլուծել, հրահանգավորել համապատասխան օղակներին:
Բացի այդ, Հայաստանում տեղակայված հակաօդային պաշտպանության ողջ համակարգը մինչ անկախացումը, բնականաբար, ուղղված էր դեպի արևմուտք՝ Թուրքիա, իսկ այժմ պետք էր թեքել արևելք՝ Ադրբեջան…

2. ԶՈՐԱՏԵՍԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հակաօդային պաշտպանության նորաստեղծ վարչությունում ու զորամասերում շտապ կազմակերպվեցին դասընթացներ, որոնց շրջանավարտները ծառայության անցնելիս արդեն բավական գիտելիքներ ունեին: Շատ օգնեցին նաև հայ ենթասպաներն ու պայմանագրային զինծառայողները, ովքեր Խորհրդային բանակում ՀՕՊ կայանքների անձնակազմում էին ծառայել: Մասնագիտական ձեռնարկներն էլ քիչ էին, երբեմն խմբով էին կարդում: Տարիներով չնորոգված հանգույցները հաճախ էին խափանվում, դասն ընդհատելով սկսում էին նորոգել ու այդ կերպ ևս շատ բան սովորեցին ու վերհիշեցին: Եվ համատեղ ուժերով հնարավոր եղավ լուծել թերևս ամենադժվար ու ամենակարևոր՝ կրտսեր մասնագետների պատրաստման խնդիրը: Դրանից հետո մարտկոց առ մարտկոց ձևավորում և տեղաբաշխում էին սահմանամերձ շրջաններում: Մարտկոցների հետ գնում էին երևանաբնակ սպաները, մինչ տեղի մասնագետներն էլ եկան: Յուրաքանչյուր մարտկոց մարտական վիճակի բերելը, հաշվարկները կազմավորելն ու տեղակայման նոր վայրում հերթապահությունում ընդգրկելն անթիվ բարդությունների հետ էր կապված, բայց պատերազմը պարտադրում էր ամեն ինչ հասցնել: Հետագայում միայն այս ստորաբաժանումների հիմքի վրա զորամասեր կազմավորվեցին, իսկ օդում մեր պատերազմը մարտկոցներով մղվեց, դրանք էին Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի հիմնական մարտավարական միավորները: Միայն ԼՂՀ-ում երբեմն դիվիզիոններ էին տեղակայվում, որովհետև այնտեղի իրողություններն ուրիշ էին:
1992-ին սկսվեց նաև Հայաստանի օդային տարածքի հետախուզությունը: Ռադիոլոկացիոն կայանքները դիրքային իրավիճակի պատճառով սկզբում անհարմար վայրերում էին գործում և իրենց տեղակայման իրակա՛ն վայրերը գտան թշնամու կրակակետերի լռեցմանը զուգընթաց: Դա տեղաշարժի երկար ու դժվարին ընթացք էր, և միայն մասնագետներն ու կամավորները կհասկանան, թե ինչ կայանքներ ինչպիսի դժվարությունների գնով որտեղ են բարձրացվել: Սկզբում հին ու անդյուրաշարժ լոկատորներ էին, բայց զինվորական կրթություն չունեցող մեր սպաները դրանցով կարողացան «փակել» Հայաստանի երկինքը:
Իսկ մինչ այդ…

Հասկանալով, որ ԼՂՀ-ում կան լոկ մինչև հինգ կիլոմետր բարձրությունում գործող «ՕՍԱ-ՕԿ» կայանքներ, թշնամին մեծացրեց թռիչքի բարձրությունը, ինչը, թեև նվազեցրեց հարվածների դիպուկությունը, բայց հարձակումները հաճախացան: Երկինքը վերստին անցնում էր թշնամուն, և օրախնդիր դարձավ ԼՂՀ-ում 50կմ հեռավորության ու 20կմ բարձրության շրջագծում գործող «Կրուգ» համալիրի տեղակայումը, որի մասնագետների դասընթացները ևս կազմակերպվեցին գնդապետ Հովհաննես Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում:
«Կրուգ» համալիրի տեղակայումով կրկնվեց «ՕՍԱ-ՕԿ»-երի պատմությունը: Տեղակայման հաջորդ իսկ օրը, երբ երիտասարդ հանրապետության մայրաքաղաքը գրոհեցին երկու ինքնաթիռներ, սարքերը խոցում արձանագրեցին: Դրանից հետո Ստեփանակերտի վրա օդային հարձակումները դադարեցին, ու թշնամին ուշադրությունը վերստին բևեռեց շրջկենտրոններին: Փոխվեց և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտավարությունը, որը թելադրվում էր հայկական հակաօդային պաշտպանության զորքերի հնարավորություններով, որոնք որքան աճում էին, այնքան նրանց մարտավարությունը բարդանում էր: Պատերազմի պարտադրանքով սկզբում էշելոնացված հակաօդային պաշտպանություն ստեղծվեց Ստեփանակերտի, ապա Մարտունու շուրջ, հետո, ըստ օպերատիվ-մարտավարական կարևորության՝ մյուս ճակատներում:
Պատերազմը շարունակվում էր, ու Ադրբեջանը չհամակերպվելով երկնքում գերիշխանության կորստյան հետ՝ երբեմն դիմում էր օդային խոշոր հարձակումների, բայց ամեն անգամ դառը գին վճարում: Եվ դրա համար էլ շուտով փորձեց օդային հարվածների ուղղությունը տեղափոխել ռազմաճակատի հայաստանյան հատված:
Կապանն առաջին անգամ ռմբահարվեց 92-ի դեկտեմբերին, որին հետևեցին մյուս օդային հարձակումները: Այնտեղ տեղակայված մեկ «ՕՍԱ-ՕԿ»-ն ի զորու չէր պաշտպանելու Կապանի երկինքը և որոշվեց «Ս-60» զենիթային ստորաբաժանումներով ուժեղացնել քաղաքի հակաօդային պաշտպանությունը: Այդ դժվարին գործը հանձնարարվեց ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Հենրիկ Ավդալյանին: Դրանից հետո քաղաքի վրա լոկ մեկ օդային հարձակում եղավ, երբ Ֆիզուլին կորցնող ադրբեջանական բանակի հրամանատարությունը որոշեց… ռմբահարել Կապանը: Վաղ առավոտյան մեկեն յոթ ինքնաթիռներ գրոհեցին Սյունիքի մարգարիտը, սակայն պահեստազորի մայոր Աշոտ Հովհաննիսյանի ղեկավարած մարտկոցը կարողացավ խախտել ռմբակոծիչների մարտակարգը և ժողովուրդը հասցրեց ապաստանել նկուղներում:
Սյունիքին զուգահեռ, ադրբեջանական հրամանատարությունն օդային ռմբահարումների թիրախ ընտրեց և Վարդենիսը, բայց հաջողության չհասավ: Ինքնաթիռը ռումբը նետեց Զոդ-Վարդենիս ամայի միջնատարածքում: Դրանից հետո ձեռնարկվեցին շտապ միջոցներ, իսկ Սերգեյ Գուրոկյանը Վարդենիսում ու Մարտունիում ելույթ ունենալով տեղական հեռուստաալիքներով, տեղակայվող կայանքների համար զինկոմիսարիատներում անձամբ կատարեց պահեստազորից զորակոչվող մասնագետների ընտրությունը: Նրանք պատերազմի տարիներին պատվով կատարեցին իրենց դժվարին խնդիրը: Շատերն այսօր էլ ծառայում են և արդեն ակադեմիական կրթությամբ ու հրամանատարական բարձր պաշտոններում:
Զորակոչվածների հետ պարապմունքներն ավարտվեցին Սևանի ավազանում անցկացված մարտական կրակով՝ Ս-125-ի շուրջ 10 հրթիռ արձակվեց ՍՈՒ-25-ից պարաշյուտով նետվող թիրախների վրա: Գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի համոզմամբ, նրանց հետախուզությունը լեռներից դա հաստատ տեսնում էր, իսկ 92-ի դեկտեմբերի 11-ին շրջանի սահմանում ՄԻԳ-21 ոչնչացվեց ու Վարդենիսին ինքնաթիռ մոտեցավ մեկ էլ 1994-ի փետրվարի 17-ին: Այդ ՄԻԳ-21-ը ռազմաճակատի հայաստանյան հատվածում ոչնչացված վերջին ինքնաթիռն էր: Վրան «Իգլա» ու «ՕՍԱ-ՕԿ» էին աշխատել:
Իսկ ԼՂՀ-ում 1993-ին արդեն հակաօդային պաշտպանության բավական ստորաբաժանումներ կային, և սեպտեմբերի 1-ին կազմավորվեց ՊԲ հակաօդային պաշտպանության զորամասը, որի հրամանատար նշանակվեց այսօր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ վարչության պետ Նիկոլայ Բաբայանը: Ստեղծվեց նաև տեխնիկապես անհամեմատ հագեցած հրամանատարական կետ, արդիականացվեց կապի ու կառավարման համակարգը, կազմավորվեց ռադիոտեխնիկական գումարտակը, որի հրամանատար նշանակվեց Արթուր Հայրապետյանը: Կապի ու կառավարման նոր սկզբունքների որդեգրումը նաև բոլոր օղակների մեծ ուսուցում էր պահանջում, որը թեև ընթացող պատերազմին, Հայաստանի մասնագետների օգնությամբ հնարավոր եղավ իրականացնել և ԼՂՀ ՀՕՊ բոլոր միջոցներն ու ստորաբաժանումները ներառվեցին մեկ կառույցում՝ կազմակերպական ու ղեկավարման առումով դառնալով մի ամբողջություն:
1994թ. ապրիլի 23-ին «Կրուգ» համալիրի հրթիռը խոցեց նշանակետը՝ Ստեփանակերտը տարբեր ուղղություններից գրոհող յոթ ինքնաթիռներից մեկը: Այդ ՄԻԳ-ն Արցախի երկնքում ոչնչացված վերջին օդային հարձակողական միջոցն էր: Օդում պատերազմն ավարտվեց, իսկ մայիսյան հաղթական զինադադարին մնացել էր երեք շաբաթ:
Դրանից հետո ադրբեջանական ոչ մի ինքնաթիռ ԼՂՀ կամ Հայաստան օդային հարված հասցնելու չի եկել: Երևանի ու Ստեփանակերտի ՀՕՊ հրամանատարական կետերում այսօր նույն պահին գիտեն ադրբեջանական ինքնաթիռների օդ բարձրանալը, մակնիշը, ազդականչը, օդաչուին և էլի ուրիշ բաներ:
Ըստ գտնված բեկորների, պատերազմի ավարտին համարվում էր որ հայկական ՀՕՊ զորքերը ոչնչացրել են Ադրբեջանի 24 օդային հարձակողական միջոց: Հետագա տարիներին տարբեր վայրերում գտնված բեկորները վկայեցին, որ այդ թիվն իրականում երեք տասնյակից ավելի է: Հետո նաև պարզվեց, որ Արցախյան ազատամարտը միակ լոկալ պատերազմն էր, ուր հակաօդային պաշտպանության զորքերը լիովին կատարել են իրենց խնդիրը, ընդ որում՝ չունենալով կործանիչ ավիացիա:
Արևմտյան՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գործող չափանիշներով, ռազմաօդային ուժերի 10%-ի (նախկին խորհրդայինով՝ 20%-ի) կորստյան դեպքում ավիացիան դադարում է գործել, որովհետև համարվում է, թե հակառակորդն ունի կայուն և իր մարտական խնդիրը կատարող ՀՕՊ համակարգ: 1992-94թթ. Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կորցրին մարտունակ վիճակում գտնվող օդային հարձակողական միջոցների (50-55 միավոր) շուրջ 40%-ը: Դա սարքե՛րը չեն վկայել, դրանց բեկորները գտնվել են…

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ Պատմության էջերից


08/06/2011