Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ ՎԵՐԱՁԵՎՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ ՎԵՐԱՁԵՎՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆԲանասիրական գիտությունների թեկնածու, հայագետ Հայկազուն Ալվրցյանի հիմնադրած  եւ նրա իսկ  ղեկավարած «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հաստատությունը ներկայիս  Թուրքիայում օրավուր փոփոխվող, երբեմն անսպասելի ու անգամ զարմանալի իրադարձությունների  պայմաններում հույժ կարեւոր գործ է կատարում: Այստեղ ուսումնասիրվում են Արեւմտյան Հայաստանի եւ Թուրքիայի այլ շրջանների հայության կյանքի բոլոր բնագավառներից ստացվող տեղեկությունները, կենտրոնի աշխատակիցները  այցելություններ են կատարում մեր պատմական տարածքներ, երես առ երես հանդիպում  ներկայումս այնտեղ բնակվող, այսպես ասած, ծպտյալ հայերի հետ, տեղում ուսումնասիրում նրանց  կյանքի պայմաններն ու խնդիրները: Կենտրոնի ամենօրյա աշխատանքի շնորհիվ Թուրքիայում ընթացող ռազմաքաղաքական, հասարակական զարգացումների, տեղի հայերի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն է հրապարակվում հաստատության  համացանցային կայքում՝ Akunq.net-ում: 2014թ.  հայերենով եւ թուրքերենով լույս է տեսել Հ. Ալվրցյանի հեղինակած «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» մենագրությունը: Կենտրոնի աշխատակիցների ջանքերով հայերենից թուրքերեն եւ թուրքերենից հայերեն են թարգմանվում հայոց ցեղասպանության թեմայով լույս տեսնող կարեւոր ուղերձներով նորանուն գրքերը: Ավելի մանրամասն կենտրոնի աշխատանքներին կանդրադառնանք թերթի առաջիկա համարներից մեկում:

Ներկայացնում ենք այժմ Թուրքիայում ընթացող խմորումների վերաբերյալ մեր զրույցը «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանի հետ:

– Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը  նրա ղեկավար՝  երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ արդեն անթաքույց փորձում է կյանքի կոչել նեոօսմանականության գաղափարը, իսկ «Իսլամական պետության» դեմ պատերազմի քողի տակ  իրագործել սեփական աշխարհաքաղաքական նկրտումները: Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք Դուք տեսնում:

-Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» գիրքը, ըստ էության, կարելի է նեոօսմանականության, ասել է թե՝ նեոպանթուրքիզմի տեսություն համարել: Դրա հիմքում ընկած է կարծես բոլորի համար բավականին գայթակղիչ մի սկզբունք՝ «Զրո խնդիր հարևանների հետ»: Հայ – թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունները նույնպես այս ծրագրերի շրջագծում են: Առաջին հայացքից շատ հետաքրքիր քաղաքականություն է. ինչ կա որ՝ Թուրքիան փորձում է իր բոլոր հարևանների հետ պատմականորեն կուտակված բոլոր խնդիրները լուծել:  Մինչդեռ հետագա զարգացումները հանգեցրին «Զրո հարևան՝ բազմաթիվ խնդիրներ» իրողությանը: Այս կարգախոսը շատ արագ քողազերծվեց:

-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության ծրագրերը նույնպես աշխարհակալական էին: Պատերազմն ավարտվեց կայսրության փլուզումով և նրա մի հատվածի վրա հանրապետության ստեղծումով:

-Կարծում եմ, որ այսօր նույնպիսի մի իրավիճակ է հասունանում, որովհետև նմանատիպ Թուրքիան այլևս ոչ մեկին ձեռնտու չէ ո՛չ տարածաշրջանին, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Եվրոպային, քանի որ Թուրքիայի «մեծ ախորժակը» կտրուկ աշխարհին ի ցույց դրեց նեոօսմանիզմի ողջ վտանգավորությունը: Թուրքիայի նկրտումների ձախողման խնդիր էր հետապնդում նաև Միացյալ Նահանգների՝ շիա կրոնական ուղղություն դավանող  Իրանին շուրջ երեսնամյա մեկուսացումից դուրս բերելու ժեստը:

-Փորձագետների մեջ այն տեսակետն է շրջանառվում, թե, իբր, սա անխուսափելիորեն բերելու է Թուրքիայի մասնատմանը: Իսկ Թուրքիայի մասնատման խնդրում ինչպիսի՞ գործոն է ներքին խնդիրը, այն, որ այս երկիրը, ըստ էության, տարբեր էթնոկրոնական խմբերի կոնգլոմերատ (խառնակույտ) է՝ սրանից բխող խնդիրներով:

– Քանի դեռ Իրաքում և հատկապես Սիրիայում այս գործողությունները չէին սկսվել, ես հակված էի մտածելու, անգամ համոզված էի, որ Թուրքիան կմասնատվի ներքին հակասությունների, հատկապես՝ ազգային-կրոնական հիմքի վրա:  Թեև համոզմունքս չեմ փոխել, բայց ակնհայտ է, որ  նշված արտաքին գործոնը կատալիզատոր հանդիսացավ. վստահ եմ՝ արտաքին միջամտությունները արագացնելու են ազգային կամ կրոնական հիմքի վրա ներքին տարաձայնությունների գործընթացը: Մենք հիմա տեսնում ենք դրա առաջին նշանները. Սիրիայում եւ Իրաքում թե՛ ամերիկացիների, թե՛ ռուսների՝ քրդերին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցությունը, ինչպես և Սիրիայի իշխանությունների՝ քրդերին խոստացված ինքնավարությունը ամբողջ քրդական աշխարհին նոր լիցք է հաղորդել, այդ թվում` նաև Թուքիայում բնակվող քրդերին:

-Ի դեպ՝ մեր հայրենիքի հարավարևմտյան հատվածում՝ Հարավարևմտյան Հայաստանում, հատկապես՝  Դիարբեքիրի շրջանում, Սիրիայի, Իրաքի սահմանակից տարբեր շրջաններում սկսվել է քրդերի լուրջ ընդվզում:

-Այո՛, դա մեծ պատերազմի վերածվելու հեռանկար ունի, որը անհնար կլինի կասեցնել: Ամեն դեպքում, այս գործընթացներից հետո այլևս չի լինի այն իրավիճակը, որն ունենք այսօր: Սա կարող է դրսևորվել նաև Թուրքիայի տարածքի մասնատման միջոցով, ինչի բոլոր հիմքերը կան, մանավանդ, եթե հաշվի առնենք տարածաշրջանի՝ հարյուր տարի առաջ գծված քարտեզի ներկայիս իրողություններին չհամապատասխանելը ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական եւ թե՛ ռազմաքաղաքական ու էթնոկրոնական չափանիշների տեսանկյունից:

–  Թուրքիան ինչպես միշտ է արել, այժմ էլ փորձում է ներկայացնել, թե քրդական ՊԿԿ կուսակցության անդամները հիմնականում հայեր են: Հնարավո՞ր է, որ այս գործոնը շահարկվի Թուրքիայում բնակվող հայերի դեմ:

-Ինչ գործընթացներ էլ այժմ ընթանան, թուրքերը ամեն ինչի մեջ էլ փորձելու են «հայկական հետք» փնտրել, որովհետև դա շատ ձեռնտու է: ՊԿԿ-ի հետ հայերի համագործակցության գաղափարը, հասկանալի պատճառներով, շատ արդիական խնդիր է և բազմաթիվ կողմնակիցներ ունի Թուրքիայում: Այն առավել համոզիչ դարձնելու համար հաճախ հնչեցվում է բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով: 2010 թ. օգոստոսին փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարեց, թե՝ «հայկական ահաբեկչության ու ՊԿԿ-ի ահաբեկչության միջև սերտ համագործակցություն գոյություն ունի, նրանք արյան եղբայրներ են: Հայկական ահաբեկչության փուլից դուրս եկան, գործը հանձնեցին այս կողմին: Ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, բայց այն հանգամանքը, որ ահաբեկիչների մի մասը թլպատված չէ, արդեն իսկ խոսուն փաստ է: Այսինքն՝ դրանք ընդամենը խոսակցություններ չեն: Մենք լավ գիտենք՝ ով ինչ է»:

Պետական քարոզչամեքենան այսպիսով լուծում է երկու խնդիր. նախ՝ փորձում է վարկաբեկել քրդական ազատագրական պայքարը՝ այն ներկայացնելով որպես հայկական դավադրություն, երկրորդ՝ հասարակության մեջ բորբոքում է հակահայկական տրամադրություններ, թշնամանք՝ փորձելով ահաբեկել ազգային ինքնության զարթոնք  ապրող կրոնափոխ հայությանը: Սա, իհարկե, հեռահար նպատակ ունի. ողջ ժողովրդին հայերի դեմ տրամադրելու և մի հարմար պահի հայության վերջին բեկորները վերջնականապես արմատախիլ անելու ու երկրից վտարելու ծրագրում՝ քրդերին էլ հաջողությամբ այս նպատակին ծառայեցնելով: Այստեղից էլ բխում է լրատվամիջոցների միջոցով միտումնավոր Թուրքիայում բնակվող կրոնափոխ հայերի թվի և նրանցից սպասվող վտանգի ահագնացումը: Շահարկվում է նաև հայկական սփյուռքի գործոնը՝ որպես տեղի հայերին սեփական պատմությունը անընդհատ հիշեցնողի:

-Ինչո՞ւ շատ ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ ալևիները, զազաները, այժմ  փորձում են ցեղասպանության հարցում իրենց մեղքի բաժինը խոստովանել, սակայն քրդերի զգալի մասը ամեն կերպ ժխտում է այդ փաստը:

-Քրդերը տարակարծիք են այս ցավոտ հարցի շուրջ. քրդերի, ալևիների, զազաների շարքում էլ այն ժամանակներում շատերը օգնել են հայերին: Համենայն դեպս՝ չեն սպանել: Թուրք հայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Դիարբեքիրի նախկին փոխքաղաքապետը, երբ հենց Դիարբեքիրում այդ հարցերի շուրջ խոսում էինք, ասաց, որ այսօր էլ պետությանը ծառայում են այն քրդական ուժերը, որոնք մասնակցել են հայերի ցեղասպանությանը: Իսկ ովքեր չեն մասնակցել, այսօր հակակառավարական քաղաքական դիրք ունեն Թուրքիայում: Հենց սրանց միջից է, որ ի հայտ են գալիս իրենց պատմական մեղքն ընդունողները: Բայց նրանք, անշուշտ, ավելի փոքր զանգված են կազմում: Պետականամետ քրդերն ուզում են Արևմտյան Հայաստանի տարածքների վրա մեծ Քրդստան հիմնել: Այնպես որ՝ հայերի ցեղասպանությունն ընդունել – չընդունելը նաև քրդական պետություն ստեղծելու ծրագրում խորքային քաղաքական հարց է:

Ք. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Ռազմաքաղաքական


30/03/2016