Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՒ ԲԱՆԱԿԸ ԿԴԱՌՆԱ ԻՄԸ



...ՈՒ ԲԱՆԱԿԸ ԿԴԱՌՆԱ ԻՄԸԶրույց դերասան ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

 

-Պարոն Սարգսյան, սովորաբար «Հայ զինվորի» հյուրասրահում մտավորականների հետ մեր զրույցը վերաբերում է պետական-ազգային խնդիրներին, հասարակական հնչեղություն ունեցող հարցերին, մշակութային կյանքին, բայց այս պահին ես չեմ կարող չհիշել, որ Ձեր կրտսեր որդին ծառայում է հեռավոր սահմանային զորամասում, պաշտպանում է մեր հայրենիքը, ու չեմ կարող չհետաքրքրվել նրա որպիսությամբ:

-Իմ ավագ որդին՝ Հայկը, զինվորացավ 2005 թ.-ին, իսկ ահա տասը տարի անց զորակոչվեց նաև Հարությունս, զորակոչվեց այնպիսի ծանր ժամանակահատվածում, երբ հակառակորդի դիվերսիոն գործողությունները հաջորդում էին մեկը մյուսին, ու սահմանին զինվորներ էին զոհվում: Բայց հայրենիքը պաշտպանելու պարտքը երբեք չվիճարկվեց մեր ընտանիքում:

…Տղայիս զինվորական երդումը լսեցի ուրախությունից արցունքոտված աչքերով: Իսկ երբ շրջեցի զորամասում, հպարտությունս կատարյալ դարձավ. ես տեսա լուսավոր, բարեկարգ զորանոցներ, մաքուր, նորոգ ճաշարան, և ամենուր զգացվում էր հոգատար ձեռքի խնամքը: Ես տեսա հայրենի բանակ՝ հարազատ բանակ, որը միևնույն ժամանակ խիստ էր, կարգապահ, մարտունակ: Զգացի պետության տիրական ներկայությունը: Տեսա հայրենիքի ու պետության՝ սիրո ու օրենքի համերաշխ ուժը:

– Ե՞րբ է բանակը դառնում հայրենի ու հարազատ հայ մարդու համար:

– Երբ բանակում դասակի հրամանատարից մինչև գնդի հրամանատար հարազատի պես են վերաբերվում զինվոր որդուդ: Երբ զորամասից տունդարձի ճանապարհին թեթևություն ես զգում հոգուդ մեջ այն մտքից, որ տղադ հոգատար ու հուսալի ձեռքերում է: Երբեք տղաս չի դժգոհել ծառայությունից: Նրան բոլորը սիրում են՝ թե՛ հրամանատարները, թե՛ ծառայակից ընկերները: Ուրեմն՝ սա իմ բանակն է, հարազատ է: Մարդուն պաթետիկ կոչերով սնելը անպտուղ զբաղմունք է՝ սիրիր զինվոր որդուս, հոգա նրա հոգսերը, դողա նրա կյանքի համար, ու բանակը կդառանա իմը, երկիրը կդառնա իմը:

-Ցավոք, երբեմն հոգատար ու սիրող սպայի ներկայությունն անգամ չի կարող երաշխավորել զինվորի ֆիզիկական և հոգեկան պաշտպանվածությունը, եթե նրա կողքին խեղված մտածելակերպով ու անառողջ հակումներով մեկ այլ զինվոր է ծառայում… Դժվա՞ր է որդի դաստիարակելը:

-Ավագ որդիս մեծացավ պատերազմի, ցրտի, սովի, խավարի տարիներին: Ու մեծ ջանքեր պետք չէին մեր բոլոր զրկանքները իմաստավորելու և դրանցից հայրենասիրություն ձուլելու համար: Հետպատերազմյան տասը տարիներին հաղթանակած կռվի ոգեղենությունը, հպարտությունը դեռ կենսունակ էին, ու բարձրացող սերունդը ակամա սնվում էր ազնիվ ու բարձր գաղափարներով:

Կրտսեր որդուս պատանեկության տարիներին արդեն ակնառու էր իմ ընտանիքի ու նրա ընկերական շրջապատի, նրա միջավայրի բարոյախոսության հակասությունը… Նյութապաշտության, պրագմատիզմի, եսասիրության դեմ պայքարեցի՝ ինչպես կարող էի, որքան կարող էի: Ես փորձում եմ ըմբռնումով վերաբերվել, երբ իմ տղան ու իր հասակակիցները ուզում են լավ ապրել, շքեղություն են ուզում, շատ փող, որովհետև կա մի բան, որ հուսադրում է ինձ՝ նրանք սիրում են հայրենիքը, մեր պատմության ցավերը, կորուստները, փառքը հոսում են նրանց արյան միջով: Նրանք հայրենիքը օտարին չեն տա: Բայց ես ավելին եմ ուզում: Տեսեք, Հարությունս երազում է շինարար դառնալ, տներ կառուցել (դեռ մանկուց բակում խաղալիս ցեխից ու հողից տներ էր պատրաստում), ես ուզում եմ, որ նա տներ կառուցի միայն հայրենի հողի վրա: Աղջիկս սովորում է Դրեզդենի գեղարվեստի համալսարանում: Նրան արդեն դեր են առաջարկել Դրեզդենի թատրոնում, ես ուզում եմ, որ նա վերադառնա հայրենիք ու բեմ բարձրանա հայ հանդիսատեսի համար: Գուցե ես հին մարդ եմ, բայց իր հողին կպած սերունդ եմ ուզում….

– Ուրեմն՝ կապեք նրանց հայրերի հողին: Ո՞վ կարող է դա անել ավելի լավ, եթե ոչ դուք՝ արվեստագետներդ: Կրթեք բարձրացող սերնդի զգացմունքները, նրբացրեք հոգին, ներշնչեք վեհ գաղափարներ, օգտագործեք արվեստի ուժը… Դուք Մալյան թատրոնի դերասան եք, ու ես շատ ուղիղ-պարզ հարց պիտի տամ՝ ի՞նչ է անում Մալյան թատրոնը բանակի համար: Նա մասնակցո՞ւմ է բանակաշինությանը:

– Բոլորս ենք բանակաշինությանը մասնակցում. սկսած փողոցը մաքրող հավաքարարից մինչև արվեստագետ ու նախարար…

Մալյան թատրոնի բոլոր ներկայացումները, իմ կերտած բոլոր կերպանները տողատակում հայրենասիրություն են քարոզում: Եթե «Թևանիկ» ֆիլմում իմ ղարաբաղցի պապիկը իր հողին կպած, իր տունը պաշտպանող հայ հասարակ մարդու կերպարն է ամբողջացնում և հայրենասիրության ուղիղ ու անմիջական դրսևորում է, ապա պակաս հայրենասիրական չեն Մալյան թատրոնում բեմադրված Հովհաննես Թումանյանի տասնմեկ հեքիաթները, իմ կերտած կերպարները այդ հեքիաթներում:

…Արցախի հերոսների խամրած ուրվանկարը հետզհետե լցվում է գույներով, նրանք բարձրանում են, մեծանում: Մենք վերագտնում ենք հարգանքը կրթության ու կրթվածության հանդեպ: Գալիս է մի սերունդ, որը ազատ է, հպարտ, ուժեղ, ձերբազատված փոքրի ախտանիշից ու պատրատ է չափվելու աշխարհի հետ: Նրանք են ապագայի հայկական բանակը: Այսօրվա մեջ է սաղմնավորվում Հայաստանի վաղվա օրը: Ու ես վստահ եմ, որ մենք փառահեղ ապագա ենք  ունենալու:

-Ես պարզապես իրավունք չունեմ չհավատալու մեկին, որը Հայաստանի լավագույն թատրոններից մեկի անխոնջ մշակներից է  և օրեր առաջ պարգևատրվել է  Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, բացի դրանից, երկու որդի է տվել հայոց բանակին:

Շուտով Ձեր ծննդյան տարեդարձն է, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ, մաղթում անձնական երջանկություն, սիրող հանդիսատես, սրտամոտ դերեր… և անփորձանք ծառայություն մեր զինվոր Հարությունին:

 

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1131) 30.03.2016 - 5.04.2016, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


30/03/2016