Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ՊԱԿԻՍՏԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ



ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետտան Պակիստանի իշխանություններին մեղադրել է գրոհայինների հետ համագործակցելու մեջ: Իր մեղադրանքները նա հնչեցրել է Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ գեներալ Աշֆակ Պերվեզ Կայանիի և երկրի միջգերատեսչական հետախուզության ղեկավար գեներալ Ահմեդ Շուջա Փաշայի հետ հանդիպման ժամանակ:

Պանետտան նրանց է փոխանցել նյութեր, որոնց համաձայն` վերջերս անցկացվող հակաահաբեկչական օպերացիան ձախողվել է այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը մանրամասները հայտնել է պակիստանցիներին. մինչև զինվորականների տեղ հասնելը ահաբեկիչների երկու ճամբար դատարկված է եղել: Նման մեղադրանքները ԿՀՎ ղեկավարը ներկայացրել է որպես Պակիստանում ամերիկյան ուժերին ինքնուրույնություն տրամադրելու անհրաժեշտության հիմնավորում. մինչ այժմ նրանք պարտավոր էին իրենց բոլոր գործողությունների մասին տեղեկացնել երկրի իշխանություններին:

Նախապես հայտարարվել էր, որ Պանետտայի այցի գլխավոր նպատակը Ուսամա Բեն Լադենի ոչնչացումից հետո երկու երկրների միջև տարաձայնությունների վերացումն է և ռազմական համագործակցության բարձր մակարդակի վերականգնումը: Սակայն շատ վերլուծաբանների կարծիքով, այցը ձախողվել է, քանի որ Պանետտան չի հանդիպել Պակիստանի նախագահի կամ վարչապետի հետ և որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


13/06/2011